Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը հակադարձում է «հինգերորդ շարասյան դավաճաններ» լինելու մասին Ալիևի հայտարարությանը


Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլի, արխիվ
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլի, արխիվ

Ադրբեջանի ընդդիմադիրները հակադարձել են երկրի նախագահ Իլահմ Ալիևին, ով ասել էր, թե ընդդիմությունը փորձում է օգտագործել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը երկիրն ապակայունացնելու համար, և նրանց որակել «հինգերորդ շարասյան դավաճաններ»:

«Աշխարհով մեկ բոլոր առաջնորդներն իրենց հայտարարություններով հանրությանը համախմբելու պոզիտիվ կոչեր են անում, սակայն Իլհամ Ալիևը որոշել է սպառնալ և ներքին թշնամիներ, հինգերորդ շարասյուն փնտրել»,- ասել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջըլին՝ որպես թշնամիների տեղ մատնանշելով իշխանական վերին օղակները. - «Իրականում թշնամիներ պետք է փնտրել իշխանության վերին էշելոններում: Դա նրանք են, ովքեր Ադրբեջանում ներկայացնում են Ռուսաստանի շահերը: Նրանցից ոմանք չեն դադարեցնում իրենց ակտիվությունը նույնիսկ պաշտոնանկություններից հետո: Նման իրավիճակում ժողովրդավարական ընդդիմությանը մեղադրանքներ ներկայացնելը պարզապես անհիմն է»:

Հաջըլիի խոսքով՝ պետական ապարատի անգործությունն անհանգստություններ է առաջացնում, հանրությունը, օրինակ, չգիտի՝ կա՞ արդյոք երկրում առողջապահության նախարար: «Ո՞ւր է նա կորել: Խնդիրները պետք է փնտրել ոչ թե ընդդիմության մեջ, այլ իշխանության ներսում», - կրկին ընդգծել է նա:

Ժողովրդական ճակատի փոխնախագահ Սեյմուր Խազին նույնպես քննադատել է Ալիևի հայտարարությունը:

«Մենք ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, խուսափել անկարգություններից, այստեղ ի՞նչ վատ բան կա: Պարզապես իշխանությունը ցանկանում է օգտագործել իրավիճակը ընդդիմադիրներին մեկուսացնելու համար», - ասել է Խազին:

Մարտի 19-ին Ալիևն ուղերձով դիմել է ադրբեջանցիներին այսօր մեկնարկող Նովրուզի տոնի կապակցությամբ: Նա ասել է, որ այս տարի զանգվածային միջոցառումներ չեն անցկացվի կորոնավիրուսի պատճառով, համոզմունք է հայտնել, որ ժողովուրդը լավ է հասկանում ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև երկրի ներքաղաքական կյանքին, խոսել բարեփոխումների ու հանրային երկխոսության մասին:

«Քաղաքական երկխոսությունը փաստացի արդեն սկսվել է, համոզված եմ, որ արդյունքները դրական կլինեն ժողովրդի ու երկրի հետագա զարգացման համար: Ինչ վերաբերում է երկխոսությունից հրաժարված խմբավորումներին, ապա դա իրենց գործն է: Ամեն դեպքում, ես ասել եմ, ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել՝ պարտվող կողմը մենք չենք լինի, և նոր քաղաքական համայնապատկերում տեղ չի լինի դավաճանների ու հինգերորդ շարասյան ծախված ներկայացուցիչների համար», - Նովրուզի ուղերձում ասել է Ալիևը՝ չբացառելով, որ ինչ-որ պահի կարող է մտցվել արտակարգ դրություն, և հայտարարել է, թե այդ դեպքում «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներին մեկուսացնելը պատմական անհրաժեշտություն կդառնա: «Մենք չենք կարող թույլ տալ, որ հակաադրբեջանական ուժերը, հինգերորդ շարասյունը, ազգի դավաճանները, օգտվելով իրավիճակից, ինչ-ինչ սադրանքների դիմեն», - սպառնացել է Ադրբեջանի ղեկավարը:

XS
SM
MD
LG