Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների պաշտպաններն ակցիա իրականացրին` դժգոհելով նիստի հետաձգման «ոչ պատշաճ իրազեկումից»


Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն այսօր թեպետ չկայացավ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, այդուհանդերձ Քոչարյանի փաստաբանները որոշեցին դուրս չգալ դահլիճից։ Քիչ անց հենց նիստի փոխարեն փոքրիկ ակցիա էր՝ փաստաբանների կատարմամբ։

Դատավորի դատարկ աթոռին հանկարծ հայտնվեց 2008-ին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը զբաղեցրեց դատախազի տեղը, փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ, ձեռքը սեղանին հարվածելով, պահանջներ էր հնչեցնում. ձայնամեկուսիչ ապակուց այն կողմ բառերը տեղ չհասան։

Այս գործողությունները շարունակվեցին շուրջ մեկ ժամ բացառապես տեղական և ռուսական լրատվամիջոցների ներկայությամբ, ինչից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Ալումյանը բացատրեց՝ նիստի հետաձգման մասին պատշաճ չեն տեղեկացրել։

«Կարգադրիչներից մեկի միջոցով մեզ տեղեկացրին, որ որևէ մեկը չի պատրաստվում իջնել դատարանի դահլիճ և մեզ տեղեկացնել` ինչ է կատարվում, այսինքն` հավանաբար իրենք իրենց պատվից ցածր համարեցին գալ և մեզ դատական նիստերի դահլիճում դա բացատրել: Այդ ժամանակ անձամբ ես սկսեցի իրենց լսելի դարձնել, որ մենք գտնվում ենք դատարանի դահլիճում: Հեմանայն դեպս այն, ինչ որ այստեղ տեղի էր ունենում, մեր նկատմամբ անհարգալից մոտեցում էր, և մենք ուզեցինք այս ձևով ցույց տալ, որ կարող է պատահի, որ փոխադարձ ու ավելի ցայտուն անարգանք հանկարծ մենք սկսենք դրսևորել: Իրենք հասկացան դա և, բարեբախտաբար, շուտ հասկացան. մեկը եկավ, ով ներկայացավ որպես այդ դատարանի պատասխանատու, շատ քաղաքավարի, շատ նորմալ ձևով ներկայացրեց, թե ինչու դատական նիստը տեղի չի ունենալու, որից հետո մենք դուրս եկանք», - ասաց Հայկ Ալումյանը:

Քոչարյանի փաստաբանական թիմն այսօրվա դատական նիստի ժամանակ պատրաստվում էր ներկայացնել Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Պնդում էին՝ սա հրատապ և անհետաձգելի հարց է, և պահանջում, որ անձնական երաշխավորության միջնորդությունը քննարկվի հրատապության կարգով։

Հայկ Ալումյանը խորը կասկածներ ունի, որ այսօրվա դատական նիստը պատահական չի հետաձգվել. - «Եթե դատարանն իրեն թույլ է տալիս հանրապետության երկրորդ նախագահի առողջական վիճակի հետ կապված այդպես ամեն ինչը դետալային հրապարակել, եթե ինքը համարում է, որ դա թույլատրելի է անել, ապա դատարանն առավել ևս պիտի այդ նույն մոտեցումից ելնելով իր առողջական վիճակի վերաբերյալ ամենասպառիչ տեղեկությունները ներկայացնի, և մենք դա պահանջելու ենք: Մենք ունենք որոշ կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որպեսզի հետագայում այդ 4 երաշխավորներից մեկը-երկուսը հանրապետությունում չլինեն, չէ՞ որ երաշխավորները պետք է բացի երաշխավորական նամակները ներկայացնելուց և համապատասխան գումարը դեպոզիտ վճարելուց, ներկա գտնվեն դատական նիստերի դահլիճում»:

Ի դեպ, փաստաբանների այսօրվա ակցիային ներկա չէր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Ակցիայի ընթացքում ևս ամբաստանյալի աթոռը դատարկ մնաց։

Փաստաբան Ալումյանից տեղեկացանք՝ նախկին նախագահը դեռևս հիվանդանոցում է։ Էթիկայից ելնելով՝ առողջական վիճակի մասին փակագծեր չեն բացում, սակայն հարցեր են բարձրացնում. - «Թե ո՞նց է պատահել, որ բացարձակապես առողջ մարդը հանկարծ այսպիսի առողջական վիճակում հայտնվեց», - նկատեց փաստաբանը:

Արդյո՞ք կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում կհետաձգվեն բոլոր դատական նիստերը, հարցին ի պատասխան Հայկ Ալումյանը, հղում կատարելով Բարձրագույն դատական խորհրդի որոշումներից մեկի վրա, ասաց` իր հասկանալով պետք է բոլոր նիստերը բնականոն ընթանան։

XS
SM
MD
LG