Մատչելիության հղումներ

Թորոսյան. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, ընդհանուր թվով` 26


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ», - գրել է նա:

Ամփոփելով նախարարը նշել է, որ այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի:

«Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն», - հավելել է նա:

Նշենք, որ վարակակիրների մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակից է:

Ի դեպ, երեկ հաստատված դեպքերից մեկն էլ դպրոցահասակ երեխայի մոտ է գրանցվել, նրա համադասարանցիներն ու ուսուցիչները ևս մեկուսացվել են:

Իրանից Հայաստան ժամանած կորոնավիրոսով վարակված տղամարդը, ով մեկուսացվել էր մարտի 1-ից, երեկ կրկին թեստ էր հանձնել, որի պատասխանը բացասական է։ Իսկ Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված՝ Իրանից Հայաստան եկած մյուս 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք վերադարձել են տուն։

Ի դեպ, վարչապետը կնոջ հետ Սևան էր տեղափոխվել՝ կառավարական առանձնատուն, ինքնամեկուսացել։ Մինչ այդ էլ ամուսինները կորոնավիրուսի թեստ էին հանձել։ Պատճառն այն է, որ Աննա Հակոբյանն օրերս հանդիպել էր Բրազիլիայի նախագահի կնոջը, և ըստ որոշ լրատվամիջոցների՝ նրա ամուսինը վարակված է կորոնավիրուսով։ Սակայն ավելի ուշ Բրազիլիայի նախագահն այդ լուրը հերքել էր։ Փաշինյան ամուսինների թեստի պատասխանը ևս բացասական է։

Վարչապետը երեկ կոչ արեց նաև նշանադրության մասնակիցների հետ շփված, որևէ այլ կերպ առնչվող քաղաքացիներին ինքնամեկուսանալ:

Պետությունը կմեկուսացնի նաև Եվրոպայից ժամանած բոլոր քաղաքացիներին։

XS
SM
MD
LG