Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 23-ի


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 23-ի, ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Հանրագումարով` այս պահին ունենք հաստատված 23 դեպք», - գրել է նա:

Ըստ Թորոսյանի` 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:

Նշենք, որ վարակակիրների մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակից է:

Ի դեպ, երեկ հաստատված դեպքերից մեկն էլ դպրոցահասակ երեխայի մոտ է գրանցվել, նրա համադասարանցիներն ու ուսուցիչները ևս մեկուսացվել են:

Իրանից Հայաստան ժամանած կորոնավիրոսով վարակված տղամարդը, ով մեկուսացվել էր մարտի 1-ից, երեկ կրկին թեստ էր հանձնել, որի պատասխանը բացասական է։ Իսկ Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված՝ Իրանից Հայաստան եկած մյուս 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք վերադարձել են տուն։

Ի դեպ, վարչապետը կնոջ հետ Սևան էր տեղափոխվել՝ կառավարական առանձնատուն, ինքնամեկուսացել։ Մինչ այդ էլ ամուսինները կորոնավիրուսի թեստ էին հանձել։ Պատճառն այն է, որ Աննա Հակոբյանն օրերս հանդիպել էր Բրազիլիայի նախագահի կնոջը, և ըստ որոշ լրատվամիջոցների՝ նրա ամուսինը վարակված է կորոնավիրուսով։ Սակայն ավելի ուշ Բրազիլիայի նախագահն այդ լուրը հերքել էր։ Փաշինյան ամուսինների թեստի պատասխանը ևս բացասական է։

Վարչապետը երեկ կոչ արեց նաև նշանադրության մասնակիցների հետ շփված, որևէ այլ կերպ առնչվող քաղաքացիներին ինքնամեկուսանալ:

Պետությունը կմեկուսացնի նաև Եվրոպայից ժամանած բոլոր քաղաքացիներին։

Արտգործնախարարությունից հայտնում են, որ արդեն վաղը չարթերային չվերթով Հայաստան կժամանեն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիները։ Մյուս եվրոպական երկրներում գտնվող քաղաքացիների մասով կառավարությունը տարհանման որոշում դեռ չի կայացրել։

Չնայած արդեն Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները որոշում են կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը, սակայն այն չի ազդի իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների վրա։ Կառավարությունից հայտնում են՝ Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:

Հայաստանում գտնվող քաղաքացիներին կառավարությունը կոչ է անում շաբաթ-կիրակին անցկացնել տանը։

Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները։

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ավելացմանը զուգահեռ՝ ուսումնական հաստատություններից բացի, առնվազն մինչև մարտի 23-ը նաև մշակութային հաստատությունների՝ նախարարության ենթակայությամբ թատրոնների, համերգասրահների, ինչպես նաև թանգարանների և գրադարանների աշխատանքն է դադարեցվում։ Այսօր առևտրի կենտրոնները, ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնը հայտարարեցին մեկ շաբաթով աշխատանքները դադարեցնելու մասին:

Շատ մասնավոր կազմակերպություններ ևս դադարեցրել են աշխատանքը, կամ մարդիկ աշխատում են տանից։

XS
SM
MD
LG