Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել


Այսօր Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից», - մանրամասնել է նա:

Ըստ վարչապետի՝ մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն, ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները, վարչապետի տեղեկացմամբ, ժամանելուն պես հաշվառված են եղել։

«Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակումներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաև եվրոպական այլ երկրներում։

Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։ Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը և առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն», - գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով պահպանել հանգստություն և կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ Առողջապահության նախարարության խորհուրդները:

Քիչ ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հաղորդեց, որ երեք անձինք, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսը, վերջերս են ժամանել Հայաստան: «Եվ ժամանման պահից եղել են մեր հսկողության տակ, ժամանման ժամանակ չեն ունեցել գանգատներ, գանգատները հետո են առաջացել, և գանգատների առաջանալուն զուգընթաց նրանք տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել թեստավորում, ու դրանից հետո մենք ունեցել ենք հաստատում այս քաղաքացիների մոտ», - մանրամասնեց նախարարը՝ շարունակելով. - «Նրանցից երկուսը իրենց պրակտիկորեն առողջ են զգում, ոչ մի գանգատ չունեն, միայն մեկի մոտ կա մի փոքր աջակողմյան թոքաբորբ, որը, կարծում եմ, պետք է որ ախտանշանային բուժումից հետո արագ անցնի»:

Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ այդ անձանց հետ շփված, ուղիղ կոնտակտ ունեցող մարդկանց մեկուսացումով են հիմա զբաղվում, նրանք շատ չեն:

«Եվ փաստացի այս պացիենտները համարվում են դեռ բերովի դեպքեր, այսինքն՝ մենք լոկալ տարածում որպես այդպիսին չունենք, և կարելի է ասել, որ իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի և հսկողության տակ, ինչպես առաջին դեպքի ժամանակ», - ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր մարտի 1-ին: Արսեն Թորոսյանն այսօր հայտնեց, որ «այդ պացիենտը իրեն լավ է զգում, որևէ գանգատ չունի»: «Ինչպես նաև մեկուսացված 31 քաղաքացիները նույնպես որևէ գանգատ չունեն այս ընթացքում, և ամենայն հավանականությամբ երկու օրից, թեստավորվելուց և թեստերը բացասական լինելուց հետո, ես հույս ունեմ, որ էդպես կլինի, քանի որ որևէ գանգատ փաստացի նրանք չունեն, կգնան տուն», - ասաց նախարարը:

Անդրադառնալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ՝ պանդեմիա հայտարարելուն, Թորոսյանն ընդգծեց. - «Տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել «պանդեմիա հայտարարել» տերմինը։ ԱՀԿ-ն վերջին ժամանակներս շատ էր խոսում, որ որպես այդպիսին՝ հայտարարելը կամ չհայտարարելը շատ բան չի փոխելու պայքարի միջոցառումների մեջ, քանի որ դրանք պայմանավորված են հիվանդության տեսակով և ոչ թե այդ հայտարարությամբ՝ որպես այդպիսին»։

«Նաև շատ կարևոր է այս պանդեմիայի կամ հիվանդության [դեմ] պայքարի շրջանակներում արհեստական և կեղծ ինֆորմացիաներից խուսափելը, որովհետև դա խանգարում է ընդհանրապես հիվանդության կանխարգելմանը, և նույն ԱՀԿ-ն ասում էր, որ պանդեմիայի կամ էպիդեմիայի հետ մեկտեղ՝ մենք հիմա ինֆոդեմիայի փուլում ենք, երբ որ տեղեկատվական այնպիսի հոսքեր կան և աղմուկ կա անպետք, որ խանգարում է հիմնական հաղորդագրությունները տեղ հասցնելուն, որոնք որ օգնում են հիվանդության դեմ պայքարին։ Հետևաբար՝ պետք է բոլորս ապավինենք մեր կողմից հնչող կոչերին և տեղեկատվությանը և շարժվենք, ուղղորդվենք էդպես», - հայտարարեց առողջապահության նախարարը։

XS
SM
MD
LG