Մատչելիության հղումներ

Վերաքննիչը բեկանեց Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործը՝ այն ուղարկելով առաջին ատյան


Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի գործով առաջին ատյանի ավելի քան 25 տարվա վաղեմության վճիռը՝ այն կրկին ուղարկելով առաջին ատյան։

1994-ի ապրիլին սպանված Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, պնդում է՝ հորը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանում Հրանտ Գրիգորյանն է սպանել․ վերջինս ավելի քան 2 տասնամյակ առաջ ընդամենը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։

Գործը վերաբացելու բողոք էր ներկայացրել զինդատախազությունը՝ հիմնվելով սպանվածի իրավահաջորդի՝ որդու հաղորդման վրա։ Էդուարդ Պողոսյանն, ի դեպ, պնդում է՝ դեպքից հետո Մանվել Գրիգորյանը եկել է իրենց տուն ու սպառնացել, որ բողոքը հետ վերցնեն։

Պողոսյանների ընտանիքն այս որոշմանը սպասել է 25 տարի, «Ազատության» հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդին դատարանում ներկայացնող փաստաբան Զարուհի Մեջլումյանը. - «Սա կարող է նախադեպային լինել, որովհետև էլի կան գործեր, որոնք նախկին իրավահամակարգի ժամանակ են քննվել, այնուամենայնիվ կարոտ են վերանայման: Հնարավոր է՝ այս գործից հետո էլի հին իրավահամակարգի գործերին ևս անդրադարձ լինի, մենք գիտենք նաև հայտնի «Պապլավոկի» գործը, որը ևս վերանայման փուլում է»:

Մինչդեռ, Գրիգորյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է ու պոպուլիստական. - «Դա պոպուլիզմի ոգուն ավելի համահունչ էր, քան թե իրավական փաստաթուղթ կարող է լինել», - ասաց նա ու տեղեկացրեց՝ իրենք քննարկելու են դատարանի որոշման հնարավոր բողոքարկումը. - «Ասեմ շատ կարևոր հանգամանք, ցանկացած իրավաբան, ցանկացած մարդ, իրավաբան էլ պարտադիր չի լինել, եթե չկա քրեական գործը, ո՞նց կարող է այդ դատական ակտը բեկանվել»:

Սարգսյանի խոսքով՝ գործի փաստաթղթերը ոչնչացվել են, և դա արվել է անկախ իրենց կամ տուժողի իրավահաջորդի կամքից: Գրիգորյանի պաշտպանը վստահ է՝ այդպիսով առաջին ատյանը դատավարություն անցկացնել չի կարողանա։

«Հիմա տեսեք, ես՝ որպես փաստաբան, դիմելու եմ Վերաքննիչ դատարանին կամ առաջին ատյանի դատարանին, ասեմ՝ ինձ տվեք քրեական գործի նյութերը ծանոթանալու համար», - նկատեց նա:

Զարուհի Մեջլումյանի ներկայացմամբ՝ նյութերի բացակայությունը կարող է որոշ խոչընդոտներ ստեղծել, հարցն այն է՝ կարելի է՞ արդյոք տեխնիկական խնդրով պայմանավորել իրավունքի իրացումը. - «Տեխնիկական խնդիրներով, օրենսդրական բացերով չի կարելի պայմանավորել հիմնարար իրավունքի իրացումը, դա պետության պոզիտիվ պարտավորությունն է»:









XS
SM
MD
LG