Մատչելիության հղումներ

Երիտասարդը պնդում է՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է իր հորը սպանել


«25 տարի առաջ ստիպված արտագաղթել ենք Հայաստանից, որ մեր ընտանիքը նոր զոհեր չունենա»,- «Ազատությանը» պատմեց ռուսաստանաբնակ Էդուարդ Պողոսյանը:

Նա պնդում է, որ 1994 թվականին ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը 1994 թվականին երկու կրակոցով սպանել է հորն ու ազատազրկվել ընդամենը մեկ տարով, սակայն 3 ամիս անց բանտից դուրս է եկել՝ լավ վարք դրսևորելու հիմնավորմամբ:

Ասաց, որ թեև 8 տարեկան է եղել, բայց հիշում է, թե ինչպես է գեներալ Մանվել Գրիգորյանն իր պապին սպառնացել, որ բողոքը հետ վերցնի․ - «Մի օր Մանվել Գրիգորյանը եկավ մեր տուն, դուրս գալուց պապիս ասում ա՝ Զախարիչ, լավ մտածի, դու թոռներ ունես: Թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ: Մի քանի օր հետո պապին մամայի հետ խոսալուց ասում ա՝ Դիանա ջան, էրեխեքին վերցրու, գնացեք, ես ոչ մի բողոք չեմ գնալու գրեմ: Տվյալ մոմենտին իմ պապին վարվել ա ճիշտ»:

Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում կրծքավանդակին ու գլխին ստացած կրակոցներից սպանված Մհեր Պողոսյանը եղել է Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրենը: 25 տարի անց, հոր սպանության գործի վերաբացման պահանջով Հայաստան եկած Էդուարդ Պողոսյանն ասում է, որ հավանաբար հայրը խանգարել է Գրիգորյանների ընտանիքին:

Սպանվածի որդին ասում է՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը որբ է թողել 3 անչափահասների, խլել նրանց մանկությունն ու երկիրը լքելու պատճառ դարձել․ - «Ես հուսով եմ, որ նոր Հայաստանում մենք արդարադատությունը կտեսնենք»:

Էդուարդ Պողոսյանը պատմում է, որ դեպքից տարիներ անց, երբ տատին ու պապին տեսակցելու համար Հայաստան է եկել, Էջմիածնի փողոցներում տեսել է, իր պնդմամբ, հորը սպանած Հրանտ Գրիգորյանի լուսանկարներով նախընտրական մեծ պաստառներ՝ «Ընտրեք բարեգործին» գրությամբ: Ասաց՝ դրանից հետո համոզվեցի, որ գեներալ Գրիգորյանի ազդեցությունը դեռ երկար կպահպանվի Հայաստանում և, որ հոր գործը երբևէ չի վերաբացվի:

Հեղափոխությունից հետո է միայն այդ հույսն արթնացել, նամակ է գրել զինդատախազին, քանի որ այդ գործը նախկիոնւմ այդ մարմինն է քննել՝ Հրանտ Գրիգորյանը զինվորական է եղել:

Այդ դիմումից ամիսներ անց զինդատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ նոր քննություն նշանակելու պահանջով:

Չնայած այս պնդումներին՝ Հրանտ Գրիգրոյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանն ասում է, թե 25 տարի ու՞ր էր որդին, որն այդ տարիներին ընդամենը 8 տարեկան է եղել: Փաստաբանը պնդեց, թե Մանվել Գրիգորյանը չէր կարող հովանավորել ու գործին միջնորդել, որովհետև ամբողջ Էջմիածինը գիտի, որ Մանվել Գրիգորյանն իր եղբոորդու՝ Հրանտ Գրիգորյանի հետ վատ հարաբերություններ ունի:

Փաստաբանն այս գործը վերաբացելու իրավական հիմքեր չի տեսնում․ - «Ինչպես Մհեր Պողոսյանը, այնպես էլ Հրանտ Գրիգորյանը մեկը մյուսին չեն ճանաչել, չեն վիճել: Վեճը եղել է լրիվ այլ մարդկանց մեջ, հարբած մարդիկ են եղել: Եվ էնտեղ ինչ-որ մեկը հարվածել է Հրանտ Գրիգորյանի գլխին, Գրիգորյանը օդ է կրակել, որից հետո ավտոմատի կրակահերթեր, և սպանվել է արդյունքում Մհեր Պողոսյանը: Սա դեպքի իրական հանգամանքներն են: Բայց այն, ինչ որ ասում են, այսինքն զինվորական դատախազությունը բողոք է բերել նոր երևան եկած հանգամանքի հիմքով: Այն պայմաններում, երբ նոր երևան եկած հանգամանք գոյություն չունի: Պայմանականորեն ընդունենք, որ դատարանը բեկանեց այդ գործը, ի՞նչն է քննելու: Էդ գործը քննող քննիչն էլ ա կենդանի: Էդ քննիչին չեն հարցնում, Մանվել Գրիգորյանին չեն հարցնում, գալի Հրանտ Գրիգորյանին ասում են՝ Մանվել Գրիգորյանը քո նկատմամբ հովանավորչություն ա դրսևորել: Ամբողջ Էջմիածինը շատ լավ իմացել են, որ Մանվել Գրիգորյանի ու Հրանտ Գրիգորյանի միջև դեռևս 2008 թվականից սկսած անբարեհաճ հարաբերություններ են»:

Սպանված Մհեր Պողոսյանի որդու փաստաբանը՝ Զարուհի Մեջլումյանը, պնդում է, որ նոր երևան եկած հանգամանքները մինչև այդ դատարանին հայտնի չէին: Մեջլումյանը հարց է բարձրացնում, եթե գեներալ Գրիգորյանը չի հովանավորել, ապա ինչպե՞ս է նրա եղբորորդին մարդ սպանելու համար ընդամենը 3 ամիս անցկացրել բանտում․ - «Հարուցվել է 1961 թվականի Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է մինչև իսկ մահապատիժ պատժատեսակը: Այնուհետև ընդամենը 9 օր հետո գրչի թեթև հարվածով վերաորակում է տեղի ունենում հանցագործության, և այս անգամ 259 պրիմ 1 հոդվածը, որը նախատեսում է զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան: Այդ հոդվածը նախատեսում է 1-10 տարվա ազատազրկում: Եվ չգիտես ինչու դատարանը այս հայեցողության լայն սահմանը վերցրել է և ընդամենը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել, և ընդամենը երեք ամիս անց Հրանտ Գրիգորյանը լավ վարք դրսևորելու համար վերադառնում է տուն: Էդուարդ Պողոսյանը գտնում է, որ տեղի է ունեցել անպատժելիություն»:

Սպանված Մհեր Պողոսյանի որդին ու սպանության համար 3 ամիս անազատության մեջ անցակցրած գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին դեպքից 25 տարի անց առաջին անգամ դեմ առ դեմ կհանդիպեն Վերաքննիչ դատարանում հուլիսի 11-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG