Մատչելիության հղումներ

Իրանից եկած բոլոր բեռնատարների վարորդների նկատմամբ վերահսկողություն է սահմանված


Կեսօրին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է՝ ինչպես են բժշկական հանդերձանքով անձինք իրանական պետհամարանիշերով բեռնատարի վարորդի հետ ինչ-որ գործողություն իրականացնում, տեսանյութը shamsyan.com-ին ուղարկած անձն ասել է՝ վարորդին իջեցրել են բեռնատարից, դիմակ են հագցրել և հավանաբար հիվանդանոց տեղափոխել։

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Իրանից եկած բոլոր բեռնատարների վարորդների նկատմամբ վերահսկողություն է սահմանված, ապահովում են վերջիններիս մեկուսացումը։

«Առողջական վիճակի զննում է կատարվում, և եթե հայտնաբերվեն ախտանշաններ, կիրականացվի հոսպիտալացում ու թեստավորում։ Տվյալ դեպքում հոսպիտալացում չի իրականացվել, և վերջիններիս նկատմամբ 24-ժամյա հսկողություն է իրականացվում», - ասաց Նիկողոսյանը։

Վարորդները մեքենաներից դուրս չեն գալիս, դուրս գալու դեպքում էլ` հսկողությամբ, դա ոստիկանությունն է իրականացնում 24-ժամյա ռեժիմով, մասնագետներն էլ պարբերաբար այցելում են ու զննում։

«Ինչ վերաբերում է, որ այնտեղ ասվում է՝ շտապօգնության մեքենա, դա շտապօգնության մեքենա չի, մեր նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մեքենան է, և մասնագետներն էլ նորից այդ կենտրոնից են ու իրականացնում էին ընդամենը իրենց աշխատանքը», - հավելեց Առողջապահության նախարարության խոսնակը։

Արդեն մի քանի օր է՝ հարևան Իրանում նոր կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված այդ երկրի հետ օդային ու ցամաքային սահմանը մասամբ փակ է, բեռնափոխադրումներ իրականացնողների մուտքը Հայաստան, սակայն, արգելված չէ։

«Սահմանին էլ է արվում, բնականաբար, բայց մեքենաները տարբեր ժամանակների եկած մեքենաներ են», - նշեց Նիկողոսյանը։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե պետք է չեղարկվեն Միլան-Երևան չվերթները, քանի որ Իտալիայի հյուսիսում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը մեծ է։ Պատգամավորի կարծիքով՝ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս հայտարարեց՝ ավելի քան 150 հազար պահեստավորված դիմակներ ունեն։ Այդուհանդերձ, այս օրերին Երևանի դեղատներում դիմակ գտնելը հեշտ գործ չէ։

«Նախարարի նշած դիմակները բուժհաստատություններում են, բուժհաստատությունները ապահովված են դիմակներով, այսինքն՝ այն ֆունկցիան, որ մեզ վրա դրված է, այո, կատարված է, բուժհիմնարկները ապահովված են, նաև պահեստային դիմակներ ունենք։ Դիմակ նախ պետք է կրի այն մարդը, ով ունի որոշակի հիվանդություն, որպեսզի ինքը պաշտպանի իր շրջապատին: Եթե գրիպ է, պետք է դիմի հիվանդանոց, և ըստ այդմ արդեն իրեն դիմակ էլ կտրամադրվի, և նաև կհասկանանք, թե ինչ հիվանդություն ունի», - ասաց Ալինա Նիկողոսյանը։

XS
SM
MD
LG