Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը մարտի 5-ին կամ 6-ին կարող են հանդիպել Մոսկվայում


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը մարտի 5-ին կամ 6-ին կարող են հանդիպել Մոսկվայում, այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մինչ այդ, ուրբաթ օրը երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մոտ ապագայում հանդիպելու անհրաժեշտությունը:

Էրդողանը Պուտինի հետ զրույցի ընթացքում նաև հայտարարել է, որ սիրիական Իդլիբ նահանգում օդային հարձակման հետևանքով 33 թուրք զինվորականների զոհվելուց հետո Թուրքիան իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնելու Բաշար Ասադի բանակի զինվորականների և սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ:

Իդլիբում վերջին շաբաթներին Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի բանակի և Թուրքիայի աջակցությունն ունեցող սիրիական զինված ընդդիմության միջև ռազմական գործողություններն է՛լ ավելի են սրվել հինգշաբթի օրը՝ թուրք զինվորականների շրջանում տասնյակ զոհերից հետո:

Տարբեր ճամբարներում հայտնված բարեկամներին չի հաջողվում համաձայնության հասնել Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբի շուրջ, երկու կողմն էլ փորձում է իրականացնել սիրիական զինված ընդդիմության ձեռքում մնացած վերջին տարածքը մաքրելու սեփական պլանը. Մոսկվան՝ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ասադին, Անկարան՝ Ասադին ընդդիմացող զինված խմբավորումներին:

XS
SM
MD
LG