Մատչելիության հղումներ

Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն


Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են, և այսօր ժամը 13-ի դրությամբ երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

«Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե՛ կազմակերպչական և թե՛ ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի: Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են», - ասված է գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Նախարարությունը նաև տեղեկատվություն է ներկայացնում աշխարհում համաճարակային իրավիճակի վերաբերյալ։ Ըստ այդմ, Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի ժամը 13-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77 հազար 782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2 հազար 824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27 հազար 554, գրանցվել է 2 հազար 666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9 հազար 126 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում երեկվա դրությամբ արձանագրվել է 79 հազար 331 լաբորատոր հաստատված դեպք, Չինաստանից դուրս 29 երկրում արձանագրվել է 2 հազար 69 դեպք, որից 23-ը՝ մահվան ելքով:

«Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է», - ասված է Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրությունում։

Հարևան Իրանում, ըստ հաղորդագրության, այսօր ժամը 13-ի դրությամբ արձագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Առողջապահության նախարարությունը հորդորում է միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ, գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին:

XS
SM
MD
LG