Մատչելիության հղումներ

Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները միանշանակ չեն


Իրան - Թեհրանի դեղատներից մեկում, 24-ը փետրվարի, 2020թ.
Իրան - Թեհրանի դեղատներից մեկում, 24-ը փետրվարի, 2020թ.

Հարևան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ պաշտոնական աղբյուրների, անցավ վեց տասնյակը։ Երկրի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ վարակի հաստատված դեպքերի թիվը 61 է, ներառյալ՝ մահվան 12 դեպքերը։

Գերատեսչությունը հերքել է ավելի վաղ ILNA կիսապաշտոնական լրատվական գործակալության հրապարակած տեղեկատվությունը միայն Ղոմ քաղաքում կորոնավիրուսի 50 զոհերի մասին։

Ավելի քան 250 հնարավոր վարակակիր բուժում է ստանում հիվանդանոցներում, մի շարք քաղաքներում փակ են տասնյակ դպրոցներ, համալսարաններ, կինոթատրոններ, չեղարկվել են մշակութային միջոցառումներ, մարզական խաղեր:

Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրուսի զոհերի թվով: Այստեղ, հիշեցնենք, առաջին վարակակիրները հայտնաբերվել են մայրաքաղաք Թեհրանից մոտ 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շիաների հոգևոր կենտրոն Ղոմում։ Այդ շրջանից ընտրված պատգամավոր Ահման Ամիրաբադի Ֆարահին այսօր լրագրողների հետ զրույցում պնդել է, թե վարակի էպիկենտրոն դարձած քաղաքը, որն, ի դեպ, մեծությամբ 8-րդն է Իրանում, պետք է մեկուսացնել:

Պատգամավորի խոսքով՝ վարակը Ղոմում տարածվել է դեռևս փետրվարի 13-ից, եղել են զոհեր, սակայն իշխանություններն այդ փաստը գաղտնի են պահել։ Հենց Ֆարահիին էր վկայակոչել ILNA-ն՝ հաղորդելով Ղոմում կորոնավիրուսի հինգ տասնյակ զոհերի մասին։

Իրանցի օրենսդիրը նաև հայտնել է, որ իրավիճակը Ղոմում ծայրահեղ ծանր է, կորոնավիրուսով վարակվել են անգամ բուժանձնակազմի ներկայացուցիչներ, քանի որ հիվանդության թեստերը նույնիսկ այս պահին հասանելի են միայն Թեհրանում:

Իրանի հարևան երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը, Իրաքը, Տաջիկստանը և Քուվեյթը, փակել են իրենց սահմանները, սահմանափակել շփումները կամ դադարեցրել օդային հաղորդակցությունը այդ երկրի հետ։

«Ազատության» իրանական ծառայության փոխանցմամբ՝ «Մահան» իրանական ավիաընկերությունը, այդուհանդերձ, շարունակում է չվերթներ իրանականացնել Թեհրանի և Պեկինի միջև: «Մահան»-ը, որը մասնակիորեն պատկանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, վերջին երկու շաբաթներին կոշտ քննադատության է ենթարկվում Չինաստանի հետ չվերթները սահմանափակելու՝ անցած ամիս կառավարության ընդունած որոշումն անտեսելու պատճառով։

Անցած տարվա դեկտեմբերին չինական Հուբեյ նահանգում բռնկված մահաբեր վարակը տարածվել է աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներում, վարակակիրների թիվը Չինաստանից դուրս կտրուկ աճել է մասնավորապես Իտալիայում և Հարավային Կորեայում։

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 80 հազար մարդ, որից 77 հազարը՝ Չինաստանում։ Հիվանդությունը շուրջ 2 հազար 600 մարդու կյանք է խլել, մահվան դեպքերից միայն երկու տասնյակն է արձանագրվել Չինաստանից դուրս։

Այսօր կորոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել Իրաքում: Ըստ այդ երկրի լրատվական աղբյուրների՝ վարակակիրն Իրանից ժամանած ուսանող է: Իրաքի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդն Իրանի քաղաքացի է, ով Իրաք էր ժամանել մինչ երկու երկրների միջև սահմանային արգելքներ մտցնելը։

XS
SM
MD
LG