Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներն անձամբ ներկայացան՝ Քոչարյանի ազատ արձակումը երաշխավորելու համար


Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այսօր անձամբ ներկայացան դատարան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:

Սահակյանն ու Ղուկասյանը 500,000-ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվին:

Դատարանը երաշխավորներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի։

Երաշխավորությունը ստորագրելուց հետո նախագահները շարունակեցին մնալ նիստերի դահլիճում, իսկ Քոչարյանը շարունակեց պնդել, որ իրեն ներկայացված մեղադրանքը անհիմն է: Անդրադառնալով նախագահի անձեռնմխելիության իրավունքին և մեղադրանքում այդ կապակցությամբ դատախազության տված որակմանը, Քոչարյանն դա համեմատեց շարքային կադաստրի աշխատողի տրված գնահատականի հետ, ինչին միջամտեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քոչարյանին դուր չեկավ, որ իրեն ընդհատեցին: Գլխավոր դատախազն ու մեղադրյալ Քոչարյանը վիճեցին:

Ապա Քոչարյանը դարձյալ նշեց, որ արտակարգ դրություն հայտարարվել է միայն Երևան քաղաքում, իսկ 32 հեռուստատեսություններից սահմանափակման են ենթարկվել միայն Երևան քաղաքում տեղակայված 9 ալիքները:

Քոչարյանի համար անընդունելի են նաև դատախազության հիմնավորումները, թե ինչու ինքը կարող է խոչընդոտել դատավարության ընթացքը, եթե խափանման միջոց կալանքը փոխվի։

«Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնեմ: Էդ՝ պատերազմից չեմ փախել, հարյուր վտանգներից չեմ փախել, հիմա պիտի իրենցի՞ց փախնեմ», - հայտարարեց Քոչարյանը:

Հիմնավորումների մի մասում, ըստ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանի, պետական գաղտնիք պարունակող հատվածներ կան, հետևաբար հնչեց միջնորդություն՝ դատական նիստի այդ հատվածն անցկացնել դռնփակ, նիստերի դահլիճից դուրս եկան նաև Արցախի ներկա ու նախկին նախագահները: Դատարանի շենքից նրանք հեռացան հատուկ մուտքով՝ չպատասխանելով լրագրողների ոչ մի հարցի:

Դատաքննությունը շարունակվում է դռնփակ, Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշում դատարանը պետք է կայացնի մինչև մայիսի 19-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG