Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ «շատ հետաքրքիր և քաղաքականապես բուռն ժամանակահատված» է սպասվում


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ կձևավորվի «Ոչ»-ի ճակատ, իսկ եթե նույնիսկ չձևավորվի, անհանգստանալու որևէ բան չի տեսնում։

«Շատ հետաքրքիր, շատ քաղաքականապես բուռն և կարող եմ ասել, որ շատ հաճելի ժամանակահատված է սպասվում, որտեղ որ մենք կզրուցենք մեր քաղաքացիների հետ, կլսենք իրենց», - լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե ինչ ձևաչափով կլինի քարոզարշավը, և արդյոք վարչապետը պատրաստվում է արձակուրդ վերցնել, դեռևս պարզ չէ։ «Նույնիսկ էդ հարցադրումը մեր մեջ կա՝ ոնց մինչև վերջ բերենք, այսինքն՝ որ օրը ինչ է լինում, և դա ընթացքի մեջ է, թե կոնկրետ որտեղ և ինչ մասնակցություն կունենա։ Բայց պետք չի մարդկանց նաև հոգնեցնել՝ նաև դա պետք է հաշվի առնենք։ Կարող եմ ասել հետևյալը, որ վարչապետի մասնակցությունը, ինչպես ինքը նշեց արդեն, լինելու է, վարչապետը սիրում է ժողովրդի հետ շփվել, ժողովուրդը սիրում է իր վարչապետին, և մենք հաճույքով մտնելու ենք այս քարոզարշավի մեջ», - նշեց ԱԺ փոխնախագահը՝ դժվարանալով պատասխանել «Ազատության» հարցին, թե վարչապետը արձակուրդ վերցնելո՞ւ է. - «Չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ, ենթադրում եմ, որ կնայեն, կտեսնեն, թե օրենքի պահանջը ինչն է, և նաև հաշվի կառնեն վարչապետի ծանրաբեռնվածությունը, որովհետև իրոք շատ ծանրաբեռնված է»։

Թեև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը երեկ էր, սակայն «Այո»-ի ճակատը լուռ էր։ Հարցին, թե ի վերջո, իշխանության համար ե՞րբ կմեկնարկի քարոզարշավը, Սիմոնյանն արձագանքեց. - «Գիտե՞ք ինչ, կոնկրետ եթե դուք ի նկատի ունեք գործողությունները, աշխատանքը ամենօրյա ռեժիմով գնում է, հիմա այստեղ նույնպես կան շատ մարդիկ, որոնք որ աշխատում են և ավելի.... Գիտե՞ք ինչ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը մեր խոսքը լսելի լինի, հասկանալի լինի, ճիշտ ժամանակին լինի, ոչ շատ հոգնեցնի, ոչ էլ ինչ-որ իրավիճակ լինի, որտեղ որ ինչ-որ բան չհասցրեցինք ասել։ Եվ աշխատանքները տարվում են, կսկսենք էն ժամանակ, երբ որ կհամարենք ճիշտ»։

Խորհրդարանականների կողմից «Ոչ»-ի ճակատ ձևավորելու ժամկետը լրացավ երեկ։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ն արդեն հայտարարել են, որ նման ծրագիր չունեն։

Ոչ»-ի քարոզչության կողմ կարող են դառնալ նաև քաղաքացիները՝ այսօրվանից սկսած։ Այդպիսի մտադրություն են հայտնել մի խումբ իրավաբաններ։

Սահմանադրական դատարանի նախագահի ու 6 անդամների պաշտոնավարման դադարեցման հանրաքվեի քարոզարշավը կեզրափակվի ապրիլի 3-ին, կեսգիշերին։ Հանրաքվեն, հիշեցնենք, նշանակված է ապրիլի 5-ին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG