Մատչելիության հղումներ

Հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը


Ազգային ժողովը 76 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը, որով արգելվում է հանրային վայրերում ծխելը, և խստացվում են ծխախոտի իրացման պայմանները:

17 դեմ քվեարկածներից 16-ը «Լուսավոր»-ից էին, մեկը իշխանական «Իմ քայլ»-ից Քրիստինե Պողոսյանն էր: 7 պատգամավոր էլ ձեռնպահ քվեարկեց։ ԲՀԿ-ականները կողմ էին նախագծին:

Ընդդիմադիր ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը մինչ քվեարկությունը պարզաբանեց՝ իրենք կողմ չեն քվեարկելու, քանի որ նախագիծն առաջին ընթերցումից հետո համապատասխան փոփոխությունների չի ենթարկվել, սակայն պատրաստ են հետագայում աշխատել ու գտնել բարձրաձայնած խնդիրների լուծումները։ Ավելի վաղ քննարկումների ընթացքում Գորգիսյանն ասել էր՝ կառավարությունը նախագիծը ներկայացնելիս մոռացել է դրա տնտեսական հետևանքների մասին:

«Մենք փաստացի խնդիրներ ենք ստեղծում տնտեսվարողների, ինչպես մեծերի, արտադրողների համար. «Գրանդ Տոբակոն» առաջին հարկատուն է մեզ մոտ, նույնիսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից» ավելի շատ հարկ է վճարում: Ունե՞նք ուրիշ նման ոլորտ կայացած, տնտեսության ճյուղ, չունենք, եկեք ուրիշը զարգացնենք, նոր սրան գոնե սկսենք խփել, հարգելինե՛րս, սրա հաջորդը գալիս է պղնձամոլիբդենը», - ասաց պատգամավորը:

Տնտեսական ռիսկերի մասին խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցությունից Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը. - «Ես ինչպես նախկին դեպքերում, այնպես էլ այս օրինագծի ժամանակ ինքս իմ խղճի, իմ համոզմունքների, իմ սկզբունքների հետ ազնիվ եմ, ու ես գտնում եմ, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում: Կոշտ լինեինք, հավատացած լինեք, որ մենք այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ բացասական եզրակացության կարժանանար այս նախագիծը Տնտեսական հարցերի հանձնաժողովում: Բայց խնդիրը հետևյալն է, որ մենք դրական եզրակացություն տվել ենք այն բանի համար, որովհետև չենք ուզում, որ այս նախագիծը տապալվի, մենք չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին, բայց շտկելու բաներ այդտեղ միանշանակ կան»:

Այս խոսակցություններին հակադարձեց իշխանական խմբակցությունից պատգամավոր Արման Եղոյանը: Նա չի հասկանում դրանք. - «Ի՞նչ է նշանակում խոսել փողի մասին՝ այն հակակշռելով առողջությանը: Երբ մեզանից մեր հարազատները, բարեկամները հիվանդանում են, մենք մտածո՞ւմ ենք փողի մասին, մենք մեր առողջության մասին մտածելիս փողի, տնտեսական շահավետության մասին մտածո՞ւմ ենք երբևիցե, չենք անում չէ՞: Մեզանից ո՞ր մեկը կվաճառի իր երիկամը, որ գնի ավտոմեքենա, ոչ ոք չէ՞, ոչ ոք նման բան չի անում: Ինչո՞ւ ուրեմն մենք դա պիտի անենք պետության մասշտաբով, վաճառենք առողջությունը, որ գնենք ինչ-որ նյութական բարիքներ, դա, կներեք, անտրամաբանական է, այդպես չի լինում ուղղակի»:

Ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսության զարգացման մասին՝ ունենալով հիվանդ քաղաքացի, քննարկումների եզրափակիչ ելույթում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը. - «Հիմա մենք այսօր տարեկան 10 տոկոս, բոլոր մահերի մեջ 10 տոկոսը պայմանավորված է ծխախոտի հետ: Այդ 10 տոկոսը թվեր են, հարգելի՛ պատգամավորներ, 3000 մարդ մահանում է տարեկան միայն ծխախոտի հետ կապված, 3000-ը թիվ չի միայն, մարդիկ են», - նկատեց նա:

Արդեն ընդունված օրենքով արգելվում է ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը հանրային վայրերում, սակայն օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ առայժմ չեն մտնի, հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։

«Ազատության» հետ զրուցած քաղաքացիները կողմ էին ծխելու դեմ պայքարին: Հարցվածներն ասում են. - «Թող վապշե ոչ մեկը չծխի, ընդհանրապես թող էտ ծխախոտները վերացնեն»:

Մյուսն էլ նկատեց. - «Ես որ ծխող չեմ, լրիվ դրական եմ վերաբերվում: Ո՞նց կարող է թույնը չխանգարել»:


XS
SM
MD
LG