Մատչելիության հղումներ

Իսրայելում մարտի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. հայ համայնքը դեռ չի որոշել ում աջակցել


Մարտի 2-ին վերջին մեկուկես տարվա ընթացքում երրորդ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու Իսրայելում: Այդպես էլ «Բիբի՞ն, թե՞ Բենին կդառնան Իսրայելի վարչապետ ու նոր կոալիցիոն կառավարությունը կղեկավարեն» հարցին երկու խոշոր` «Լիկուդ» և ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավան» կուսակցությունները չկարողացան պատասխանել` նախատեսված ժամկետներում ընդունակ չլինելով կառավարություն ձևավորել:

Եթե այս անգամ էլ նույնը կրկնվի, դժվար է կանխատեսել, թե ինչպիսի փոփոխություններ կարվեն Ընտրական օրենսգրքում, և կհայտարարվեն արդյոք արդեն չորրորդ խորհրդարանական ընտրությունների մասին:

Հիշեցնենք, որ Իսրայելն այն պետություններից է, որտեղ Սահմանադրություն չկա, չկա նաև Սահմանադրական դատարան: Վերջինիս գործառույթը մասնակի կատարում է բարձրագույն դատարանը` ԲԱԳԱՑ-ը: Հունվարի 16-ին երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց կուսակցությունների ու բլոկների գրանցումը. մարտի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 30 մեծ ու փոքր կուսակցություն ու դաշինք:

Հայկական համայնքի աջակցությունը վայելող «Մերեզ» կուսակցությունը նախորդ գումարման Քնեսեթում հանդես էր գալիս «Դեմոկրատական ճամբար» բլոկում: Այս անգամ նրանք այլ դաշինքում են, որի կազմում գրանցվել է 5 պատգամավոր: Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Լիբերմանի «Իսրայել Բեյտեյնու» կուսակցությանը, ապա Ադրբեջանի բարեկամ Լիբերմանը 10 պատգամավորական մանդատի հավակնություն ունի:

Այս պայմաններում, երբ երկրում բարձրանում են հարկերն, ու աշխատավարձը մնում է նույնը, և մեկուկես տարի քաղաքական ճգնաժամի ու կառավարություն չունենալու պայմաններում թե մարդիկ ինչ մասնակցություն կունենան արտահերթ ընտրություններում, այժմ դժվար է ասել:

Եթե նախորդ անգամ կառավարող «Լիկուդ» կուսակցության ղեկավարությունը երկրի կենտրոնի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ էր հանդիպել ու հստակ քննարկել էր հայկական համայնքի պահանջները, ապա այս անգամ ոչ մի կուսակցության հետ պաշտոնական հանդիպում տեղի չունեցավ: «Մերեզ» կուսակցությունը վերջին տարիներին երկրի կենտրոնի կազմակերպությունների հետ չի հանդիպել, այսօր կապ հաստատել պատգամավոր Տամար Զանդբերգի հետ «Ազատությանը» չհաջողվեց` նրա հանդիպումների խիտ գրաֆիկի պատճառով: Իսրայելի Քնեսեթից խնդրեցին կապ հաստատել պատգամավորի հետ վաղը առավոտյան: Հենց այս պատգամավորն էր վերջին անգամ խորհրդարանում հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծով:

Ինչ ակնկալիքներ ունեն հայերն այս խորհրդարանական ընտրություններից, արդյոք ունեն ընդհանուր մոտեցում, թե որ կուսակցությանն են պաշտպանելու, այս հարցերը դեռ անպատասխան են: Պետախտիկվայի հայկական կազմակերպությունները դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել, նախկինում հայկական միություններն իրենց ձայները միշտ էլ տվել էին «Մերեզ» կուսակցությանը` չնայած ազատ քվեարկելու հնարավորությանը: Երուսաղեմում Հայ դատի հանձնախումբն իր վերակազմավորման մասին չի հայտարարել, իսկ Հայաստանի նախագահի` Երուսաղեմ այցելության օրը ՀՄԸՄ ատենապետ Հարութ Բաղմանյանը «Ազատությանը» ասել էր, որ ՀՅԴ նոր կոմիտեն նշանակել է նոր անձանց, որոնք հանդիպում են ծրագրել ընդդիմադիր «Կախոլ Լավան» կուսակցության երկրորդ համարի` Յահիր Լապիդի հետ: Սակայն քիչ առաջ նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը տեղեկացրեց, որ հանդիպումը չեղարկվել է ընտրությունների հետ կապված:

Նրա կարծիքով` անկախ այն հանգամանքից, թե ով է լինելու երկրի նոր վարչապետը, Երուսաղեմի հայերը մեծ սպասելիքներ նոր կառավարությունից չունեն, ինչպես նաև չեն կարծում, որ կհանգուցալուծվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:

Երկրի հյուսիսում Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ միակ հայազգի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն իր ընտանիքի հետ մասնակցելու է ընտրություններին. - «Ես և մեր ընտանիքը որպես կանոն միշտ մեր ձայնը տալիս ենք «Մերեզ» կուսակցությանը, որովհետև դա միակ կուսակցությունն է, որ ամեն անգամ հիշեցնում է, որ կա Հայոց ցեղասպանություն, և պետք է այդ հարցն ընդունվի»:

Նա անտարբեր է այս ընտրությունների նկատմամբ, անտարբեր, թե աթոռակռվի արդյունքում ով վարչապետ կդառնա. - «Բացարձակ հետաքրքրված չեմ, թե ով է լինելու երկրի վարչապետը, ես հետաքրքրված եմ, թե ընտրություններից հետո որքան պիտի արժենա, օրինակի համար եմ ասում, հացը, ջուրը, էլեկտրաէներգիան և այլն: Այսպիսի բան, ես շատ բան կարող եմ ասել, բայց ինձ դա է հետաքրքրում, որովհետև համոզված եմ` բոլորը պիտի դուրս գա ժողովրդի ջանից»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը իսրայելա-պաղեստինյան համակարտությունը կարգավորելու շուրջ և Իսրայելում «դարի համաձայնագիր» անունն ԱՄՆ-ի նոր ծրագիրը, ըստ Նուբար Ասլանյանի, հնարավոր է` Մերձավոր Արևելքում նոր պատերազմի հանգեցնի:

Հայտարարություններն արվեցին Իսրայելում խորհրդարանական ընտրության նախաշեմին, ինչը սրեց իրավիճակը. Երուսաղեմում ահաբեկչություն տեղի ունեցավ, ուրբաթ օրն էլ Գազայի գոտում պաղեստինցիների ու հրեա սահմանապահների միջև տեղի ունեցած ընդհարումների արդյունքում մեկ երիտասարդ արաբ սպանվեց:

Հայ կոմպոզիտորը կարծում է` իրավիճակն ավելի է սրվելու, ասում է` արաբները նման համաձայնագիրը չեն ստորագրի, տարածքներ չեն տա ու բնակչությամբ էլ չեն տեղափոխվի: Վերջին օրերին Իսրայելի խաղաղ բնակավայրերի հրթիռահարումները, պայթուցիկ նյութերով լցված ու Իսրայելի տարածքների վրա բաց թողնված փուչիկները, զանգվածային անկարգությունները Գազայի ու Իսրայելի սահմանագծին չեն խոսում խաղաղության օգտին:

XS
SM
MD
LG