Իսրայելի խորհրդարանն այսօր հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:
Իսրայելցի պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հերթական անգամ խոսում են Թուրքիայի հետ նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս հարցն ուղղակի օրակարգ բերվեց քննարկման, այլ ոչ թե ճանաչման: Նույնը տեղի էր ունեցել այս տարի փետրվարին, հարցը բարձրացրել էր ընդդիմադիր «Յեշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդը, խորհրդարանը, սակայն, մերժել էր նախագիծը՝ արտգործնախարարության բացասական արձագանքից հետո:
Իսրայելի Քնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնն այսօր անձամբ վարեց նիստն ու բացման խոսքով հանդես եկավ՝ խոսելով Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։
Այնուհետև ճանաչման մասին խոսեց «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգը։ Նա պատգամավորներին կոչ արեց մոռանալ բոլոր քաղաքական շահերը, կոալիցիա-ընդդիմություն հակասությունները: Զանդբերգը նաև շեշտեց, որ «Մերեց»-ը 1989 թվականից բարձրացնում է այս հարցը։
Միայն մեկ պատգամավոր փորձեց հակադարձել, սակայն ուշագրավն այն էր, որ այս անգամ կառավարությունից հակառակ կարծիք հայտնողներ չեղան։ 16 կողմ, ոչ մի դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Քնեսետն որոշեց հաջորդ անգամ լիագումար նիստում քննարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։
Դահլիճում ներկա էին հայկական կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներ:
Հրեա պատգամավորները կրկին Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին սկսեցին խոսել Գազայի գոտում անցած շաբաթվա արյունալի բախումներից հետո․ այնտեղ շուրջ վեց տասնյակ պաղեստինցի զոհվել էր, հարյուրավորները՝ վիրավորվել, ինչից հետո պաշտոնական Անկարան ցեղասպանության մեջ էր մեղադրել Իսրայելի իշխանություններին:
«Անշուշտ, որևէ մեկը չի կարող մրցել Էրդողանի հետ ահաբեկչության ու կոտորածների մասին գիտելիքներով», - ի պատասխան հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նախօրեին բոլոր հրեական լրատվամիջոցները խոսում էին Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման մասին, մի քանի նախարարներ ճանաչման կոչեր էին հնչեցրել, ընդդիմադիր Սիոնիստական ճամբարի պատգամավոր Իցիկ Շմուլին և իշխող «Լիքուդ»-ի պատգամավոր Ամիր Օհանան օրենքի առանձին նախագծով հանդես գալու հայտարարությամբ էին հանդես եկել և արդյունքում հարցը կրկին «Մերեց» ընդիմադիր կուսակցությանը փոխանցվեց։
«Մերեց» խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգը «Ազատության»-ը հայտնեց, որ հնարավոր է հաջորդ շաբաթ հարցն արդեն բերվի լիագումար նիստ՝ ճանաչման նպատակով։ 2016 թվականին Քնեսետի կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովն արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Նոր օրինագիծը ընդունելու դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը: