Մատչելիության հղումներ

Մարուքյանը պնդում է, որ ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններն ուղղված են իշխանությանը


ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների հանդիպումը լրագրողների հետ։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների հանդիպումը լրագրողների հետ։

Ինչպես ԵԽԽՎ-ի համազեկուցողների դեպքում, Վենետիկի հանձնաժողովի նախագահի երեկվա հայտարարության մեջ ևս ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը իշխանությանն ուղղված քննադատություն չի տեսել:

Խորհրդարանի ընդդիմադիրները կարդացել ու միանգամայն այլ բան են հասկացել Բուքիքիոյի հայտարարությունից:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը երեկ զսպվածության կոչ է արել Սահմանադրական դատարանի շուրջ կոնֆլիկտի կողմերին՝ հավելելով, որ «կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն - ՍԴ լարվածության վերաբերյալ»։

Ջիանի Բուքիքիոն կրկին հիշեցրել է անցած տարի Վենետիկի հանձնաժողովի հանձնարարակաները, թե «ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր, բացառվի որևէ անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա»:

Եվրոպացի պաշտոնյան, այնուհանդերձ, նկատում է, որ վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին, չեն նպաստելու իրավիճակի հանգուցալուծմանը:

Ընդդիմախոսները Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին հենց իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն են վկայակոչում՝ դրանք համարելով ճնշում: Մինչդեռ Ռուբինյանը կարծում է, որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորություն ունեցող դատավորների նկատմամբ քաղաքական ու անձնական ճնշում կարող են ընկալվել ՍԴ նախագահի, որոշ անդամների, աշխատակազմի ներկայացուցիչների, տարբեր քաղաքական շրջանակների հայտարարությունները:

Վաղ կենսաթոշակ նախատեսող օրենքը ուժի մեջ է անցած տարեվերջից, մոտ 20 օրից էլ դրանից օգտվելու վերջնաժամկետն է ավարտվում։ Բայց մինչև այս պահը ՍԴ յոթ դատավորներից որևէ մեկը, ում վերաբերվում է այս օրենքը, չի ցանկություն չի հայտնվել վաղ կենսաթոշակի անցնել։

«Եթե ԵԽԽՎ համազեկուցողները և/կամ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ուզենային ասել, որ սրա մեղավորը իշխանություններն են, նրանք կասեին։ Ոչ թե կասեին՝ անհանգստացած ենք երկու ինստիտուտների միջև լարվածության առկայությամբ, այլ կասեին՝ անհանգստացած ենք, օրինակ, կառավարության կողմից գործադրվող ճնշումներով, կամ՝ անհանգստացած ենք կառավարության սանձազերծած լարվածությամբ», - փաստարկներ բերեց Ռուբինյանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեսակետը հստակ է՝ եվրոպացիների երկու հայտարարություններն էլ ուղղված են իշխանություններին, թե «ձեր գործողություններով լարվածություն մի ստեղծեք իշխանության երկու թևերի միջև»։

Սակայն, ըստ Մարուքյանի, իշխանությունները դրանք սխալ, հօգուտ իրենց են մեկնաբանում. - «Իշխանությունները երբ որ ասում են՝ մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, դրանով ուզում են ծածկեն մտահոգությունների այդ ամբողջ հատվածը։ Եվ այս առումով ես դա պետք է անվանեմ հետևյալ ձևով՝ դա թրոլինգ է։ Բարձր մակարդակով իշխանությունները թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այդ մարդկանց ձեռ են առնում... Այս մարդիկ էլ են մեղավոր, որ իրենց ձեռ են առնում, որովհետև եթե հայտարարություններում հնարավորություն կա դրանք տարբեր ձևերով մեկնաբանելու, ուրեմն միգուցե ճիշտ է անում մեր գործընկերը, որ ձեռ է առնում բարձր մակարդակով»։

Կողք-կողքի նստած, բայց հակադիր կարծիքներ արտահայտող ընդդիմադիր Մարուքյանն ու իշխանական Ռուբինյանն այսօր պարբերաբար բանավիճում էին։

Մարուքյան. - «Իշխանությունը ունի մի հատ մեծ շնորհք՝ անիմաստ տեղը, անկապ, վատ ռեյտինգ, վատ վստահություն, ցածր վստահություն ունեցող որևէ մեկին դարձնելու հերոս։ Հիմաս տեսեք՝ արդեն այդ հերոսացման արդյունքներն է»։

Ռուբինյան. - «Եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր ռեյտինգ ունեցող մարդկանց անիմաստ դարձնել հերոս, Դուք վաղուց հերոս կլինեիք, պարոն Մարուքյան»։

Մարուքյան. - «Ես ունեմ ցածն ռեյտի՞նգ։ Մի հատ իմ հետ դուրս եկեք փողոց, տեսնենք Ձեզ կճանաչե՞ն...»

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը ևս կարծում է, որ հայտարարությունները ուղղված էին իշխանությանը, որը, անհարկի շահարկելով ՍԴ հարցը, դարձրել է երկրի թիվ մեկ խնդիրը. - «Համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները, իմ կարծիքով, սեպագիր արձանագրություն չէ, որ այդքան դժվար մեկնելի և մեկնաբանելի լինի»։

XS
SM
MD
LG