Մատչելիության հղումներ

Իշխանությունը և ընդդիմությունը տարբեր կերպ են մեկնաբանում ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողները մտահոգություն են հայտնում հայաստանյան ինստիտուտների միջև լարվածության բարձր մակարդակի վերաբերյալ:

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր մակարդակով», - հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն:

Երեկ երեկոյան տարածված ԵԽԽՎ հայտարարությունը իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները հասցրել են կարդալ ու մեկնաբանել յուրովի, ըստ էության, միմյանցից տրամագծորեն տարբեր։

ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան, արխիվ
ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան, արխիվ

ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահ է հայտարարության մեջ ոչ մի մեղադրանք չկա ուղղված Հայաստանի իշխանություններին։

«Հայտարարության մեջ չկա գեթ մեկ բառ կամ նախադասություն, որը իշխանություններին Հայաստանի Հանրապետության մեղադրում է որևէ բանի մեջ։ Հայտարարության մեջ ֆիքսվում է, որ կա լարվածություն երկու ինստիտուտների միջև, և դա ոչ ոք չի հերքում։ Ես էլ եմ ասում, որ կա լարվածություն Սահմանադրական դատարանի և վարչապետի աշխատակազմի միջև, և դա շատ մեծ խնդիր է։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրն արդյունք է նրա, որ Սահմանադրական դատարանի նախագահը դարձել է քաղաքական ընդդիմախոս, իսկ Սահմանադրական դատարանի նախագահը չպիտի լինի քաղաքական ընդդիմախոս իշխանություններին, առավելագույնը կարող է լինել իրավական ընդդիմախոս։ Ես կարծում եմ, որ համազեկուցողների այս մեկնաբանության փաստը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը Հայաստանում պիտի լուծվի հնարավորինս արագ, որովհետև սա խաթարում է ինստիտուտների բնականոն գործընթացները, նաև խաթարվում է զսպումների և հակակշիռների այն մեխանիզմը, որը պիտի լինի, և որի մասին նույնպես խոսել են համազեկուցողները», - ասաց Ռուբինյանը։

Համազեկուցողներն ասել են․ «Զսպումներն ու հակակշիռները անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն համաձայն օրենքի գերակայության և հարգեն այն իրենց գործողություններով և խոսքով, այդ թվում անմեղության կանխավարկածի սկզբունքի կապակցությամբ։ Եթե նրանք չեն կարողանում փոխգործակցել այս սկզբունքների համաձայն, նրանք քայքայում են և վնասում միմյանց: Ուստի մեզ մտահոգում են աննախադեպ մակարդակի հասած այս լարվածության այն երկարաժամկետ վնասները, որ կարող են հասցվել ամբողջ դատական իշխանությանը, որի նկատմամբ վստահությունն արդեն իսկ շատ ցածր է», - ասել են համազեկուցողները։

Ռուբինյանը պնդում է՝ իշխանությունները, առավել ևս վարչապետի մակարդակով, երբեք չեն խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը։

«Իշխանության ներկայացուցիչները երբ էլ խոսել են այդ գործերի մասին, խոսել են մեղադրանքի մասին և երբեմն խոսել են կատարված կամ իրագործված դատավճռի մասին։ Այսինքն՝ եթե հիմա ես ասեմ, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրված կամ կա քրեական գործ, ըստ որի, Հրայր Թովմասյանը կատարել է այս կամ այն արարքը, դա չի նշանակում, որ ես խախտել եմ իր անմեղության կանխավարկածը», - նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Փոխարենը Ռուբինյանը շեշտադրում է հայտարարության այն հատվածը, որտեղ ասվում է․ «Մինչ այժմ Կառավարությունն ու Խորհրդարանը հարգել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները հայցել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի վերաբերյալ: Համաձայն եվրոպական չափանիշների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելը պետք է լինի միմիայն կամավոր, և որ այս սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել այս ճանապարհով, նույնիսկ եթե այս մեխանիզմի նպատակը՝ այն է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելը, թվում է վավեր»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ Էդմոն Մարուքյան, արխիվ
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ Էդմոն Մարուքյան, արխիվ

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձում է՝ ԵԽԽՎ համազեկուցողները իշխանության օգտին չեն արել այս հայտարարությունը, ավելին, ըստ էության, սա զգուշացում է իշխանություններին:

«Ես կարծում եմ, որ պետք է երևի համազեկուցողներին կոչ անենք, որ հայտարարություններ անելիս հստակ արտահայտվեն, որ որևէ կողմ չկարողանա ի օգուտ իրան օգտագործել։ Իմ հասկանալով, համազեկուցողները նախազգուշացնում են իշխանության տարբեր թևերի միջև բալանսը չխախտելու և իշխանության տարբեր թևերի գործառույթները իրար տարածք չմտնելու առումով։ Հիմա համազեկուցողները վարչապետի, թե Հ1-ի, թե չգիտեմ ինչին են արձագանքում, թե հարուցված քրեական գործին, թե տունը խուզարկելուն, դա ինձ համար պարզ չի, որովհետև այդ թեմայով խոսակցություն չի եղել», - ասաց Մարուքյանը։

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը ԵԽԽՎ հայտարարությանը դեռևս չի անդրադարձել: Բայց օրեր առաջ 168․am-ին տված հարցազրույցում բացառել էր քաղաքական գործընթացներում իր ներգրավվելու հավանականությունը:

«Սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն լինել, որովհետև մեր առուներն իրար հետ ընդհանրապես չեն հատվում, մենք գործ չունենք, մենք առնչություն չունենք իրար հետ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ միայն չեմ զբաղվում, իմ հրապարակային խոսքում պարտավոր եմ քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերել», - ասել էր ՍԴ նախագահը:

ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողները իրենց հայտարարությունը ավարտել էին այսպես․ «Մենք արդեն շեշտել ենք, որ քաղաքական խաղացողները պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը», - ասում են համազեկուցողները, շարունակելով. «Վերջապես, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը` լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող բարեփոխումները, թե բարեփոխումներ, որոնք արդեն մեկնարկել են Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում»։

XS
SM
MD
LG