Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն Վենետիկի հանձնաժողովին խնդրել է գնահատել ՌԴ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վենետիկի հանձնաժողովին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ ազգային իրավունքի միջազգային իրավունքի նկատմամբ գերակայության մասին փոփոխություն կատարելու ՌԴ իշխանությունների մտադրությանը գնահատական տալու խնդրանքով։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Վերջինս նշել է նաև, որ իրեն անհանգստացնում է այն փաստը, որ Ռուսաստանը միակ երկիրը չէ, որտեղ բարձրաձայնվում են նման գաղափարներ:

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, որը Պեդումայում Սահմանադրության բարեփոխումներին առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել, պատրաստել է Սահմանադրության մեջ իր փոփոխությունները: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է կուսակցության կենտկոմի փոխնախագահ Դմիտրի Նովիկովը:

Կոմունիստները, մասնավորապես, առաջարկում են Սահմանադրությամբ նախատեսել կենսաթոշակային նախկին տարիքը և Դաշնության խորհրդի ուղիղ ընտրություններ: Նրանք նաև անհրաժեշտ են համարում, որ Հիմնական օրենքում ամրագրվեն ընդերքը ժողովրդին պատկանելու նորմերը։ Նովիկովն ասում է, որ կոմունիստների դիրքորոշումը երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ կախված կլինի այն հանգամանքից, թե այս առաջարկները փոփոխությունների մեջ կլինեն, թե ոչ։

Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խումբը, որում ներգրավված են ոչ միայն իրավագետներ, այլ նաև հայտնի մարզիկներ, դերասաններ և երաժիշտներ, աշխատում է օրինագծի երկրորդ ընթերցման մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

«Կոմերսանտի» տվյալներով՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ աշխատանքային խումբը հանդես է եկել ավելի քան 100, երբեմն անհեթեթ առաջարկներով, մասնավորապես, Սահմանդրությունում ավելացնել կետ, որում նշված կլինի, որ Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած պետություն է, որ Ռուսաստանն ուղափառ պետություն է։ Հնչել է նույնիսկ առաջարկ՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը հանել և փոխարենը սահմանել Ռուսաստանի կառավարչի պաշտոնը։ Ընդ որում, Ռուսաստանի Գերագույն կառավարչի պաշտոնը ժամանակավոր էր, այն հեղափոխության տարիներին 16 ամիս զբաղեցնում էր «Սպիտակ շարժման» առաջնորդներից մեկը՝ ծովակալ Ալեքսանդր Կոլչակը, ում բոլշևիկները հետո գնդակահարել էին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հրաժարվել էր նույնիսկ մեկնաբանել այս առաջարկը։

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային ներկայացրեց հունվարի 15-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հնչեցրած Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին նախագիծ, որը Պետդուման առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց:

Հիշեցնենք, հունվարի 15-ին Պուտինի ուղերձից երկու ժամ անց վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անսպասելի հայտարարեց կառավարության հրաժարականի մասին, նույն օրը երեկոյան Պուտինը հայտարարեց նոր վարչապետի՝ Միխայիլ Միշուստինի անունը, ում շատ արագ Պետդուման հաստատեց այդ պաշտոնում։ Արագ ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբ, հետո պարզվեց, որ փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստել է նախագահի աշխատակազմը, Պետդուման էլ առաջին ընթերցմամբ շատ արագ այդ փաթեթը միաձայն ընդունեց։ Այսօր նախապատրաստվում են փոփոխություներ այդ փաթեթում, որոնք սակայն փորձագետների գնահատմամբ՝ էական չեն լինի։

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ Պուտինի սահմանադրական փոփոխությունների փաթեթը զգալիորեն փոխում է Ռուսաստանի կառավարման համակարգը. նախագահի մի շարք լիազորություններ անցնում են խորհրդարանին՝ Պետդումային և Դաշնային խորհդին, մյուս կողմից նախագահը դատավորներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորներին պաշտոնից հեռացնելու իրավունք է ստանում։ Սակայն հիմնական փոփոխությունը, որ քննարկվում է այսօր ռուսաստանյան քաղաքական շրջանակներում, Պետական խորհրդին սահմանադրական կարգավիճակ տալու մասին կետն է։ Ընդ որում, ինչ լիազորություններ և գործառույթներ է ունենալու այդ մարմինը, հայտնի չէ, այս մասին նշված է լինելու դաշնային հատուկ օրենքում, որը պետք է ընդունեն սահմանադրական բարեփոխումները ընդունելուց հետո։

Ռուսաստանցի փորձագետների մեծ մասը համարում է, որ Պուտինը մտադիր է 2024 թվականից հետո, երբ լրանա իր նախագահության չորրորդ ժամկետը, զբաղեցնել Պետխորհրդի ղեկավարի պաշտոնը։ Շատերը սա նմանեցնում են ղազախական սցենարին, երբ անսահման իշխանություն ունեցող 80 անց առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ինքնակամ հեռացավ պաշտոնից, բայց ոչ քաղաքականությունից՝ պահպանելով Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Ղազախստանցի փորձագետ Ռասուլ Ժումալը, օրինակ ասում է, թե կան և՛ նմանություններ, և՛ տարբերություններ. - «Այն, որ Պուտինն ինքն է ձեռնարկել իշխանության տրանզիտը, նման է ղազախական սցենարին, սակայն Նազարբաևը թողել է նախագահի պաշտոնը, և նրա շրջապատը հասկանում է, որ սկսվել է մեծ քաղաքականությունից նրա հեռանալու գործընթացը։ Պուտինը դեռ մինչև 2024 թվականը մնում է նախագահի պաշտոնում և իր այս ուղերձով հստակ ասում է իր շրջապատին, որ նախագահի պաշտոնն էլ թողնելուց հետո մեծ քաղաքականությունից չի հեռանալու», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է ղազախստանցի փորձագետը։


XS
SM
MD
LG