Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին միջազգային համայնքի հանձնարարականները անտեսելու համար


Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ընտրությունների անցկացման վերաբերյալ միջազգային համայնքի հանձնարարականները անտեսելու համար՝ արձանագրելով, որ Բաքուն փետրվարին կայանալիք արտահերթ քվեարկությանը գնում է առանց օրենսդրական դաշտի բարեփոխման:

Միջազգային դիտորդական առաքելությունը անցած շաբաթ էր մեկնել Բաքու, հանդիպել իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների ու լրագրողների հետ: Ամփոփելով ստացված տեղեկատվությունը՝ դիտորդական խումբը երեկ առաջին նախնական զեկույցն է հրապարակել՝ փաստելով. զրուցակիցներից շատերը նշում էին, որ թեև Ադրբեջանի Սահմանադրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը, ընդդիմությունը շարունակակական ճնշումների ու քրեական հետապնդման է ենթարկվում:

«Իշխանությունները վերջին անգամ Բաքվում հանրահավաք են արտոնել շուրջ մեկ տարի առաջ՝ 2019-ի հունվարին։ Ու չնայած տրված թույլտվությանը, ոստիկանությունը կրկին բռնի ուժ է կիրառել՝ ձերբակալելով տասնյակ ակտիվիստների ու ընդդիմադիր առաջնորդների», - նշում է զեկույցը՝ հավելելով. - «Ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին ավելի քան 10 տարի զրկված է արտերկիր մեկնելու հնարավորությունից, քանի որ 2005-ին իշխանությունները առգրավել են նրա միջազգային անձնագիրն ու մինչև օրս չեն վերադարձրել»:

Չի բարեփոխվել իրավիճակը նաև խոսքի ազատության ոլորտում։ «ԵԱՀԿ-ի մամուլի հարցերով հանձնակատարը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն պարբերաբար իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանում լրագրողների ազատությունն ու անվտանգությունը սահմանափակող դրույթների վերաբերյալ։ Դրանք վերացնելու փոխարեն, սակայն, նորերն են ավելացել», - նշում է միջազային առաքելությունը: Մասնավորապես, «Մամուլի մասին» օրենքը 2017-ից փոխվել է՝ իրավունք տալով կառավարությանը արգելափակել ինտերնետային կայքերը՝ առանց դատարանի որոշման:

Ընդդիմադիր որոշ խմբեր ու հասարակական կազմակերպություններ քննադատել են նաև ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացը՝ պնդելով, թե դատական համակարգն անկախ չէ։ Մյուս կողմից, իշխանությունները հետևողական ճնշումների են ենթարկում ընդդիմության շահերը պաշտպանող փաստաբաններին:

Կասկածներ են հնչել նաև ընտրացուցակների ճշգրտության վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն՝ այժմ Ադրբեջանում գրանցված է մոտ 5 միլիոն 200 հազար ընտրող, սակայն դիտորդական առաքելության հետ զրույցում ոմանք պնդել են, թե այս թիվը վստահություն չի ներշնչում՝ մատնանշելով, որ Վիճակագրության պետական կոմիտեի տվյալով՝ ընտրողների թիվը շուրջ երկու միլիոնով ավելի է, սակայն իշխանությունները մինչև օրս չեն բացատրել, թե որն է այս անհամապատասխանության պատճառը:

Թվարկելով առկա մտահոգությունները՝ միջազգային դիտորդական առաքելությունը փաստում է, որ ընդդիմադիր մի շարք կուսակցություններ բոյկոտելու են փետրվարի 9-ին կայանալիք քվեարկությունը: Այս պահի դրությամբ արտահերթ այդ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 20 քաղաքական ուժ, որոնց մեծ մասը՝ իշխանության աջակից ճամբարից:

Նախագահ Ալիևը վաղաժամ ընտրություններ նշանակեց իշխող կուսակցության անակնկալ որոշումից հետո: Այս ամսվա սկզբին խորհրդարանի մեծամասնությունն ինքն իրեն պաշտոնանկ արեց, պատգամավորները հայտարարեցին, թե ուզում են մանդատները փոխանցել «առավել երիտասարդ, լեզուներ իմացող, ստեղծագործ քաղաքական գործիչների»: Ընդ որում, ինքնալուծարման այդ որոշումն ընդունվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Մինչ իշխանությունը հայտարարում է, թե այդ քայլին գնում է միայն ու միայն հանուն ժողովրդավարության ու երկրի արդիականացման, վերլուծաբանները պնդում են, որ խորհրդարանի լուծարումը վկայում է իշխանության ներսում առկա ճգնաժամի մասին: Մի մասն էլ վստահ է, որ այս քայլով Իլհամ Ալիևը փորձում է իշխանության ևս մի ճյուղ փոխանցել տիկնոջը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, և խորհրդարան բերել նրա վերահսկողության տակ գտնվող անձանց:

XS
SM
MD
LG