Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորները քվեարկեցին Միլի մեջլիսի լուծարման օգտին


Ադրբեջանի խորհրդարանի նիստը, Բաքու, 2-ը դեկտեմբերի, 2019թ․
Ադրբեջանի խորհրդարանի նիստը, Բաքու, 2-ը դեկտեմբերի, 2019թ․

Նախկինում իրենց հատուկ արժանիքների և ձեռքբերումների մասին հպարտությամբ խոսող Ադրբեջանի ժողովրդի ընտրյալները որոշեցին ցրվել և մանդատները փոխանցել «առավել երիտասարդ, լեզուներ իմացող, ստեղծագործ քաղաքական գործիչների»:

Խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու՝ իշխող կուսակցության համապատասխան խնդրանքն՝ ուղղված երկրի նախագահին, այսօր Ադրբեջանի օրենսդիր մարմինն ընդունեց ձայների բացարձակ մեծամասնությամբ: Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, ընդդիմացել է ընդամենը մեկ պատգամավոր:

Այժմ նախագահ Իլհամ Ալիևը պետք է հայտարարի երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օրը:

Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի լուծարման դեպքում արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ քան 60 օրվա ընթացքում: Այսպիսով, վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները Ադրբեջանում, ըստ ամենայնի, տեղի կունենան հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:

Օրենքի համաձայն՝ Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային հաջորդ տարվա աշնանը:

Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող՝ Իլհամ Ալիևի գլխավորած քաղաքական ուժը՝ «Ենի Ազերբայջան»-ը, որի ձեռքում է 125 մանդատներից 70-ը, անցյալ շաբաթ հայտարարեց, թե ցանկանում են լուծարել իրենց վերահսկողության տակ գտնվող օրենսդիր մարմինը, որը, ինչպես պնդում են, խանգարում է երկրի առաջնորդի բարեփոխումներին: Ալիևի կուսակից պատգամավորները, սակայն, չեն մանրամասնել, թե ինչպես են հատկապես խոչընդոտում կառավարության քայլերին և ինչ նկատի ունեն բարեփոխումներ ասելով:

Իշխող ուժի ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովը, փոխարենը, մատնանշում էր պաշտոնական Բաքվի կողմից այնքան քննադատվող եվրոպական երկրների փորձը՝ թվարկելով արևմտյան այն երկրները, որոնք նույնպես «ցրել են խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացրել և հաջողել»: «Մեծ Բրիտանիա, Իտալիա, Խորվաթիա, Իսպանիա, Ուկրաինա: Այս երկրներում հասկացել են, որ օրենսդիր մարմինը չի համապատասխանում ժողովրդի մարտահրավերներին», - այսօր խորհրդարանում հայտարարել է «Ենի Ազերբայջան» կուսակցության առաջնորդներից Սիյավուշ Նովրուզովը:

Այս պահին էլ ադրբեջանական խորհրդարանում քննարկումները շարունակվում են, իշխող խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով ամբիոնից հայտարարում են լուծարվելու անհրաժեշտության մասին:

«Նախագահին խանգարող» խորհրդարանի լուծարման մասին անսպասելի հայտարարությունները Ադրբեջանում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել: Պատճառների մասին չկա պաշտոնական պարզաբանում, հնչում են բացառապես ենթադրություններ:

Ալիևին հղած դիմումում, որն այսօր ներկայացնում էր իշխող խմբակցության պատգամավոր Բախար Մուրադովան, մասնավորապես ասվում է․ - «Նախագահի կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը վերջին ամիսներին նոր որակական փուլ է մտել: Նախարարների կաբինետում, գործադիր իշխանության կենտոնական և տեղական մարմիններում, դատական համակարգում, մի խոսքով՝ բոլոր ոլորտներում կառուցվածքային և կադրային փոփոխությունները ժողովրդի կողմից դրական են գնահատվում: Բարեփոխումների համակարգային բնույթը, նոր մարտահրավերները, հանրության սպասելիքներն ու նմանօրինակ հանգամանքները պայմանավորում են բարեփոխումների խորացում և՛ օրենսդիր մարմնում, և՛ խորհրդարանի նորացում»:

Մուրադովան պնդել է, որ ներկայիս խորհրդարանի գործունեությունը չի համապատասխանում իր թվարկած իրողություններին:

Ադրբեջանի քաղաքագիտական շրջանակներում, մինչդեռ, կարծում են, որ խորհրդարանի լուծարումը իշխանության ներսում առկա ճգնաժամի մասին է վկայում, մի մասը պնդում է, որ օրենսդիր մարմնի արտահերթ ընտրությունները նշանակում են հերթական փուլը իշխանությունը նախագահից առաջին փոխնախագահին` առաջին տիկին Մեհրիբան Ալիևային սահուն փոխանցելու ճանապարհին:

«Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիևի գնահատմամբ՝ 2015-ի նոյեմբերին ընտրված խորհրդարանի լուծարումը վկայում է Մեհրիբան Ալիևային նոր վարչական լծակներ տալու մասին:

«Թուրան»-ի խմբագիրը հավելում է, որ նախագահ Ալիևի նախաձեռնած կադրային փոփոխությունները, ընդհուպ՝ իր աշխատակազմում, հենց այդ մասին են խոսում՝ նա ազատվել է հին կադրերից, ինչպիսիք են նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը, նախագահի օգնական Ալի Հասանովը, և փոխարենը, ինչպես նշում է Մեհմա Ալիևը, պաշտոններ են ստացել Մեհրիբան Ալիևայի վերահսկողության տակ գտնվող ոլորտներում աշխատող անձինք:

XS
SM
MD
LG