Մատչելիության հղումներ

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը նախատեսում է նոր հարկատեսակ


Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի հայեցակարգ, որով առաջարկում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով:

«Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ» անվանումով նախագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել առայժմ համացանցում: Նախարար Արսեն Թորոսյանը երեկ Կոպենհագենից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ որոշ մեկնաբանություններ էր ներկայացրել․ - «Այդ առաջարկի հիմքում ընկած է թե՛ Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության ամբողջ փորձի վերլուծությունը, թե՛ համաշխարհային լավագույն փորձը և թե՛ այն իրականությունը, որի մեջ մենք այսօր ապրում ենք»:

Իսկ իրականությունը, ըստ Արսեն Թորոսյանի, այն է, որ հայ ընտանիքների համար հիվանդանալն աղետ է, մարդը, երբ հիվանդանոց է ընկնում, աղքատանում է, վարկ վերցնում կամ մնում անտուն ու անմեքենա։ Հայաստանի քաղաքացիների 85 տոկոս, նախարարի խոսքով, առողջապահական ծախսերի համար վճարում է սեփական գրպանից․ - «Վատը այն է, որ, հաշվի առնելով մեր բնակչության եկամուտները, այդ ծախսերը հիմնականում աղետալի են և բերում են մեր բնակիչների աղքատացման»:

Ըստ նախարար Թորոսյանի, առողջապահությունը Հայաստանի բոլոր 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ: Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ:

Եվ այդ պակասող գումարը նախարարն առաջարկում է լրացնել նոր հարկատեսակ ֆիքսելով․ - «Հաշվարկները ցույց են տվել, որ 150 միլիարդ դրամի աղբյուրը կարող է լինել հավելյալ հարկը, որը, կրկնում եմ, որոշված չէ, որ հենց էդպես պետք է լինի, հենց էդ տոկոսը պետք է լինի, որը կկազմեր, եթե վերցնեինք Հայաստանում եկամուտ ստացող քաղաքացիների աշխատավարձը, նրանց աշխատավարձի 6 տոկոսը»:

Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41 տոկոսից ավելին ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունի, ու նրանց համար առողջապահության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ: Իսկ ովքեր ավելի փոքր եկամուտ ունեն, այդ հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով։ Առողջապահության համապարփակ ապահովագրությունը, եթե ընդունվի, պարտադիր է լինելու բոլորի համար՝ ուսանող, թոշակառու,, գործազուրկ թե բարձր եկամուտով ֆինանսիստ:

Հայեցակարգում շարադրված է բուժծառայությունների ցանկը, որից բոլորը կարող են օգտվել՝ սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում վիրահատություններ, քաղցկեղային գոյացությունների վիրահատություն, ճառագայթային ու քիմիոթերապևտիկ բուժումներ, ատամնաբուժական ծառայությունների դեպքում բուժում չկա, կա զննում, հեռացում ու պրոթեզավորում:

Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարը շեշտում է, որ այս առաջարկով ցանկանում են սոցիալական հարց լուծել, դառնալ համերաշխ, ներառական հասարակություն, որ աշխատողը հոգա չաշխատողի առողջական հոգսը․ - «Ձեր ասած չվճարող քաղաքացին դա ձեր կինն է, ձեր միգուցե չափահաս երեխաներն են, որ դեռ չեն հասցրել աշխատել, ձեր ծնողներն են, որոնք աշխատել են, կենսաթոշակառու են, բայց որևէ պետական երաշխիք չունեն, ձեր այն հարազատներն են, որոնք հաճախ կարող է ձեզնից պարտքով գումար վերցնել, սակայն այս պահին աշխատանք չունեն: Այսինքն, դրանք մենք բոլորս ենք: Մենք չենք վճարում որևէ օտար մարդու համար»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչ Լևոն Հարությունյանը այս նախագիծը համարում է շատ մեծ սխալ: Նախ, ասում է, բոլորին հանեք ստվերից ու հարկային դաշտ բերեք, դրանից հետո մտածեք նոր հարկատեսակի մասին․ - «Այս պահին մենք ունենք բազմաթիվ ոլորտներ, որ ազատված են հարկերից՝ անհատ տաքսիստները, ընտանեկան բիզնեսները: Եվ ինչ, նախարարը մտածում է, որ պիտի սովորական, սպիտակ դաշտում աշխատող մարդիկ, ովքեր հարկ են տալիս, բոլորի բուժապահովագրությունը ապահովե՞ն: Սպիտակ դաշտում» աշխատողները պետության ճորտը չեն»:

Հարությունյանի կարծիքով, անհավասարությունը հենց այս առաջարկվող մոդելն է: Անձամբ ինքը ինքը օգտվում է կամավոր ապահովագրության համակարգից և շատ գոհ է․ - «Մեր ընկերությունը վճարում է: Ավելի էժան է, քան այն, ինչ մեզ առաջարկում է նախարարը, ու ավելի շատ ոլորտներ է փակում»:

Այսօր օրվա երկրորդ կեսին Առողջապահության նախարարը դարձյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերով որոշ լրացումներ արեց: Նա նկատել է, որ դեմ են արտահայտվում հիմնականում արդեն կամավոր ապահովագրության համակարգից օգտվող և բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները:

Թորոսյանը ճշտեց, որ ոչ ոք չի վճարելու երկու անգամ․ գործատուն կարող է հոգալ աշխատակցի այն ծախսերը, որոնք այս մի ապահովագրությունը չի փակի․ - «Ֆիքսենք, որ կրկնակի վճարելու կարիքը առնվազն չի լինի: Դա կարող է լինել հավելյալ խրախուսանք գործատուի կողմից, որը ինքը կորոշի ոնց է խրախուսում իր աշխատողներին: Կարող է աշխատավարձ ավելացնել այդ չվճարվող գումարների հաշվին, հավելյալ այլ խրախուսանքի միջոցներ և այլն»:

Թորոսյանը դարձյալ անդրադարձավ այն թեզին, թե ինչու պիտի աշխատողը վճարի չաշխատող ծույլի համար: Այս թեզը նա համարում է վայրի կապիտալիստական մոտեցում: Իսկ մեր երկիրը մեկն է, հանրային բարիքը՝ բոլորինը․ - «Նույն տրամաբանությամբ կարող եմ ասել՝ ինչո՞ւ պետք է այն ճանապարհով, որը վերանորոգվում է իմ վճարած հարկերով, պետք է երթևեկեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր հարկեր չեն վճարել»:

Առողջապահության հարկի ներդրման առաջարկի վերաբերյալ թեժ քննադատությունը նաև ստեղծագործական հուն է մտնում Ֆեյսբուքում:

Վահրամ Թոքմաջյանը, օրինակ, առաջարկում է «կոտրված սրտերի» հարկ էլ սահմանել և հեգնում է․ - «Չէ՞ որ մենք հոգատար հանրույթ ենք․ բաժանված զույգերից յուրաքանչյուրը՝ բավարար հիմքեր ներկայացնելու դեպքում, կոտրված սրտերի հարկից գոյացած գումարների հաշվին կստանա ուղեգիր Իբիցա կղզի: Նրանք կամոքեն իրենց վշտերը և նորովի կվերադառնան հասարակություն»:

Առողջապահության նախարարը Կոպենհագենից փոխանցում է, որ վերադառնալուն պես պատրաստ է բանավեճերի:

«Այդ լուծումը լավը չի: Կարծում եմ շատ մեծ ընդվզումներ են լինելու, ու այդ լուծումը չի անցնի», - ասում է Լևոն Հարությունյանը:

Արսեն Թորոսյանի ուղիղ եթերից․ - «Չի կարող լինել այլ ռեֆորմ, որը կբերի մեր բոլորի ցանկացած առողջապահական համակարգին, երբ գրպանի պարունակությունը չի որոշի այդ պահին մատուցվող ծառայությունների ծավալը և որակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG