Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական և օրվա իշխանությունների շահերին, կրթության ոլորտում բարեփոխումների և ռազմավարական մարտահրավերների վերաբերյալ քննարկմանն այսօր խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի կրթական համակարգում երբեք չպիտի ճնշվի ազատ ինքնամտածողությունը, Հայաստանի կրթական համակարգում պիտի մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսևորում, նեպոտիզմից մինչև կաշառք», - ասաց նա:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ իրենց հաջողվել է կրթական համակարգի կուսակցականացվածության և քաղաքականացվածության խնդիրը լուծել։ Կոռուպցիային անդրադառնալով նշեց՝ ասել, թե ամբողջովին լուծել են այդ խնդիրը, ճիշտ չի լինի, սակայն, ըստ նախարարի, կրթական համակարգում այլև չկա համակարգային կոռուպցիա։
«Բուհական համակարգում առկա կոռուպցիայի առումով չասեմ, որ հաջողություն չունենք, բայց մտահոգիչ բաներ կան, հարցեր կան, որոնք մասամբ և գուցե նաև հիմնականում կլուծվեն օրենքներով, որ ներկայումս բերում ենք», - նկատեց նա:
Հայ ազգային կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձավ ոլորտում առկա մի շարք խնդիրներին, օրինակ, կարծում է՝ դպրոցների օպտիմալացումը պետք է կտրուկ դադարեցնել, գյուղական դպրոցների խնդիրը ծանր համարեց: Ասաց՝ փաստ է, որ քաղաքը կլանում է գյուղական դպրոցները. աշակերտների միջին թիվը գյուղերում կազմում է 150, քաղաքում՝ 450 հոգի, այն դեպքում, երբ դպրոցների 60%-ը գյուղերում է, գյուղերում ստրատեգիական լուրջ խնդիր համարեց ուսուցիչների կրճատումը, տղամարդ ուսուցիչներ չլինելու հանգամանքը, նշեց՝ հիմա ծաղիկի նման մնացել են միայն ֆիզկուլտուրայի ու ռազմագիտության ուսուցիչներ։ Արամ Մանուկյանը խոսեց նաև դպրոցների քաղաքականացվածության մասին։ Ասաց՝ նախ օրենքով պետք է փոփոխություններ արվեն, համաձայն որի՝ ուսուցիչները պետք է դուրս գան տեղամասերում հանձնաժողովներ ձևավորելուց։
«Պետությունն է, որ պետք է ձևավորի ընտրական հանձնաժողովներ, և ուսուցիչներին երբեք պետք չէ քաշել կուսակցական խաղերի, կուսակցական ճնշումների մեջ։ Ամբողջ աշխարհն այս փորձը ունի: Ներքին գործերի նախարարությունն ու այլ հիմնարկներ կազմավորում են ընտրական հանձնաժողովներ, և այս դարդից ուսուցիչն ազատվում է: Սա նաև սոցիալական պաշտպանության խնդիր է: Ուսուցիչների համար, կարծում եմ, սա պետք է դարձնել պարտադիր», - ասաց նախկին պատգամավորը:
Նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում հայտարարեց նաև՝ այս կառավարությունը ինքը համարում է ամենաազգային կառավարությունը, որ երբևէ եղել է Հայաստանում. - «Այդ թվում կրթական բարեփոխումներում ազգային բաղադրիչին ամենակարևոր նշանակությունն Է տրվում և առաջնահերթություններից է, և չափորոշիչների մշակման առումով ազգային ինքնության հարցի վերաբերյալ տրված են շատ հստակ հանձնարականներ, և դրանք կարմիր թելով, գծով անցնելու են այդ բարեփոխումների ընթացքում: Նույնը վերաբերում է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որտեղ արհեստականորեն փորձ արվեց դա նույնպես հակազդել՝ չխոսելով այն կարգավորումների մասին, որոնք դրված են օրենքում հենց ազգային ու հայագիտական առարկաների զարգացման համար», - նշեց նախարարը:
Մինչդեռ, շաբաթներ շարունակ Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, բարձրաձայնում կրթական ոլորտում առկա խնդիրները, օրինակ՝ նրանք քննադատում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու նախարարության առաջարկությունը։ Երիտասարդների օրակարգում է շարունակում մնալ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը։ Երիտասարդների պնդմամբ՝ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանրակրթական դպրոցներում ողբերգական պատկերի մասին խոսեց։ Ասաց՝ նախ եղած խնդիրները լուծենք, հետո մտածենք «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու մասին. - «Երբ որ հանրակրթական դպրոցներից դուրս եկած աշակերտը մեկ պարզ համադասական նախադասության մեջ չի անի 97 ուղղագրական, 67 կետադրական, մի էդքան էլ մտքի սխալ, դրանից հետո երբ հանրակրթական դպրոցներում մենք կլուծենք հայոց լեզվի և գրականության, չեն ասի՝ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ չգիտեմ՝ ինչ է, արձան: Դա մեղմագույնն եմ ասում շարադրությունների, որ կարդացել եմ, որ շատ չհիասթափվեք, Դեմիրճյանն էլ՝ փողոց և այլն», - շեշտեց Զոհրաբյանը:
Ազգագագետ Հրանուշ Խառատյանը նկատեց՝ Ազգային ժողովում հայտարարվեց, թե Հայաստանում կրթության զարգացման բացառիկ հնարավորություն կա։ Խառատյանն ընդգծեց՝ չասվեց՝ որն է այդ բացառիկ հնարավորությունը. - «Ասվեց, որ կա կամք, կրթության զարգացման կամքը, այդ կամքի դրսևորումը ո՞րն է լինելու, ո՞րն է այս պահին այն բացառիկ հնարավորությունը, որը մեր կրթությունը դարձնելու է լավը, օրինակելի, մատչելի և քիչ թե շատ սոցիալապես արդար, այսինքն՝ առնվազն հավասար Հայաստանի բնակչության համար», - ընդգծեց Խառատյանը: