Մատչելիության հղումներ

Հարությունյանը հակադարձում է իր հրաժարականը պահանջողներին՝ ապազգայինը կոռուպցիան էր կրթության ոլորտում


Դասադուլ անողները նախարարությունների շենքի դիմաց, 11-ը նոյեմբերի, Երևան
Դասադուլ անողները նախարարությունների շենքի դիմաց, 11-ը նոյեմբերի, Երևան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը դեռ դաշնակցական երիտասարդների օրակարգում է: Այսօր էլ ցուցարարների երթուղին բուհերով անցավ, որից հետո կրկին կանգ առան նախարարությունների շենքի դիմաց:

Դաշնակցականների պահանջն անփոփոխ է, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը չի նահանջում՝ հրաժարական տալ չի պատրաստվում, ուսանողների հետ հանդիպելու և հարցերը քննարկելու կողմնակից է:

«Խմբերը, որոնք ունեն նման անկեղծ մտահոգություններ, մենք, նախարարությունը պատրաստ է օրեր, ամիսներ, շաբաթներ նստել, քննարկել, բացատրել դիրքորոշումները։ Ես կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մենք պարզաբանեցինք մեր դիրքորոշումը՝ պարտադիր առարկաների հետ կապված, օրակարգում պահանջների կտրուկ փոփոխություն եղավ, այս թեմային սկսեցին ավելի քիչ ուշադրություն դարձնել, ավելի զգայուն թեմաների սկսեցին անցնել, որը նորմալ է», - ասաց նախարարը։

Ըստ վերջինիս, քաղաքական գործընթացներ են, և ցանկացած բարդ գործընթաց ու բարեփոխում իր հետ բերում է նաև որոշակի դժգոհություններ։

Դաշնակցության երիտթևը, մի քանի օր է, բողոքի ակցիաներ է սկսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նրանց միացել են նաև Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները: Դաշնակցականները դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնան կամավոր, ոչ թե պարտադիր:

Նախարարը պարզաբանեց՝ այդ առարկաները չեն հանում բուհերից, այլ վերափոխումների արդյունքում դասավանդվելու են, թե ինչ կերպով, դա է քննարկվում։

Դաշնակցականները սա համարում են ապազգային քաղաքականություն։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, ասաց՝ պայքարն ապազգային երևույթների դեմ է: «Այն, ինչ իրականացնում է այս նախարարությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հակասում է օրենքին։ Այո, Դաշնակցությունը հանդես է գալիս ազգայինը պաշտպանելու, պահպանելու դիրքերից և գտնվելու է ցանկացած այն շարժման կողքին, որը ապազգային երևույթները մեր իրականությունից դուրս մղելու գործողություն է իրականացնում», - նկատեց Արծվիկ Մինասյանը։

Արայիկ Հարությունյանն Արծվիկ Մինասյանին հակադարձեց՝ հիշեցնելով, թե որ քաղաքական ուժի ղեկավարման օրոք է համակարգում ապազգային քաղաքականություն իրականացվել, իսկ կրթական ոլորտը երկար տարիներ ղեկավարել է դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը։

«Այն հետընթացը, որ ունեցել է Հայաստանի Հանրապետությունը կրթության, մշակույթի ոլորտում, այն կոռուպցիան, այն անգրագիտությունը, որ կա ընդհանուր հանրակրթության ոլորտում կամ դրա բարձր մակարդակը, վկայում են այն մասին, որ տվյալ ուժերը, որոնք եղել են իշխանության մեջ, այո, վարել են ապազգային քաղաքականություն», - շեշտեց ԿԳՄՍ նախարարը։

Նախարարի հետ հանդիպմանը դեմ չեն նաև ուսանողները՝ սակայն հրաժարականի օրակարգով, ասում են, որ բաց բանավեճի մեջ էլ կարող են մտնել նրա հետ։

Ցուցարարները կգիշերեն նախարարության շենքի մոտ մինչև ուրբաթ։

Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը սկսեցին պահանջել, այդ թվում Դաշնակցության երիտասարդական թևը, երբ նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Հայերեն», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերում դարձնել կամընտրական:

Հարցը սրվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց օրերս տեղի ունեցած աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումից հետո, երբ պարզվեց, որ ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ:

XS
SM
MD
LG