Մատչելիության հղումներ

Չեխիան բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը


Նարեկ Սարգսյան, արխիվ
Նարեկ Սարգսյան, արխիվ

Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց Չեխիան Հայաստանին կհանձնի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին։ Այս մասին հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից հավելում են, որ արդեն ոստիկանությանը հանձնարարել են կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը: Թե ինչո՞ւ չեխական կողմն այսքան ուշ բավարարեց հայկական կողմի պահանջը, Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանում է՝ Չեխիայի օրենսդրությամբ պայմանավորված է երկար տևել գործընթացը։

«Այս տարվա հունիսին կամ հուլիսին էր, եթե չեմ սխալվում, երբ մեզ տեղեկացրին, որ Չեխիայի մունիցիպալ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը, բայց համաձայն չեխական օրենսդրության՝ վերջնական որոշումը դրա հետ կապված կայացնում է Արդարադատության նախարարությունը, և հետագա ամբողջ պրոցեսները կապված էին դրա հետ, այսինքն՝ Արդարադատության նախարարության կոմպետենցիայի շրջանակներում էր քննարկվում միջնորդության բավարարումը, և ահա դուք տեսնում եք, այսօրվա դրությամբ պաշտոնապես մեզ տեղեկացրել են, որ միջնորդությունը բավարարվել է վերջնականապես», - մանրամասնեց Գոռ Աբրահամյանը։

Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս նախորդ տարի։ Նա «Ինտերպոլի» աջակցությամբ հայտնաբերվել էր 2018-ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։

Հիշեցնենք, 2018 թվականի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նարեկ Սարգսյանից բացի, անցած տարի հուլիսին հետախուզում էր հայտարավել նաև նրա թիկնապահի նկատմամբ, այն բանից հետո, երբ իրավապահները վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոց և զենքեր: Թիկնապահն օրեր անց ինքնակամ ներկայացել էր իրավապահներին:

Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում էր ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները 2018 թվականի հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերել են նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակում:

Ոստիկանությունից առայժմ չեն հայտնում, թե ինչ ժամկետում Հայաստան կտեղափոխվի Նարեկ Սարգսյանը։

XS
SM
MD
LG