Մատչելիության հղումներ

Մարտիրոս Սարյանի ծոռը մոլորության մեջ է եղել. Սոֆյա Սարյան


Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարները պատկանում են մեծ վարպետի ժառանգին։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանը:

Վերջինիս փոխանցմամբ, Սարյանի որդու մահից հետո պետական ֆոնդ չփոխանցված գործերը 2013-ին բաշխվել են որդու ժառանգների՝ կնոջ և չորս երեխաների միջև։

Ըստ Սոֆյա Սարյանի, հիշյալ 14 գծանկարները, որոնք Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր Սերժ Սարգսյանի եղբոր տանը, իբրև ժառանգություն փոխանցել են Սարյանի թոռանը՝ Ռուբեն Սարյանին։ Ապա նրա որդին՝ Ղազարոս Սարյանը, ով Մարտիրոս Սարյանի ծոռն է, այդ գծանկարները փոխանցել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն:

«Ազատություն». - Ո՞վ է այդ ժառանգը, տիկին Սարյան։

Սոֆյա Սարյան. - Այդ ժառանգը Սարյանի թոռան՝ Ռուբեն Սարյանի որդին է՝ Ղազարոս Սարյանը, ցավալի ձևով կրում է հորս անունը։

«Ազատություն». - Ձեր եղբոր տղա՞ն է այդ գծանկարները փոխանցել Ալեքսանդր Սարգսյանի որոդուն։

Սոֆյա Սարյան. - Այո, բայց գծանկարները մասնավոր սեփականություն են և դա ժառանգաբար փոխանցվում է ժառանգներին, և ահա այդ 15 գծանկարը բաշխվել էր ժառանգների միջև, այսինքն՝ հինգ ժառանգներից ամեն մեկը ստացել էր իր մասը, և դա հասել էր հենց Ռուբեն Սարյանի ընտանիքին։

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, թե հաղորդում են ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը՝ չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը:

Նկարներին տիրանալուց հետո, սակայն, Սարգսյանը խոստումը չի կատարել և, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել դրանք։

Ըստ ԱԱԾ-ի, խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր հայտնաբերված նկարները գնվել են իր կողմից: Նա ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է այդ գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը:

Սոֆյա Սարյանն, ում վրդովվեցրել է այս պատմությունը, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե խոսել է վարպետի գծանկարները Նարեկ Սարգսյանին փոխանցած եղբորորդու՝ Ղազարոս Սարյանի հետ։ Նա ասել է, թե մոլորության մեջ է ընկել:

Սոֆյա Սարյան. - Այդ տղայի հետ զրույց ունեցել եմ, այսպես բացասական ձևով վարպետի անունի շահարկում և շատ սխալ պահվածք, որի իրավունքը չունի, ըստ իս, ժառանգը։

«Ազատություն». - Ի՞նչ էր նա ասում։

Սոֆյա Սարյան. - Իր մոլորված վիճակներից էր պատմում։ Ես չեմ տեսնում արդարացում ինձ համար, որովհետև մեր ընտանիքում միշտ եղել է վարպետի անունը, պատիվը պահելու ցանկություն և գաղափար։

«Ազատություն». - Իսկ այդ տղան՝ Ձեր եղբորորդին ինչ-որ խնդիրներ ունե՞ր, որ վաճառել էր նկարները։

Սոֆյա Սարյան. - Նա նաև առողջական խնդիրներ ուներ և տարբեր ուրիշ խնդիրներ, դրա համար էլ մոլորության մեջ էր գտնվում։

«Ազատություն». - Գումարը չե՞ն տվել։

Սոֆյա Սարյան. - Սխալվել է հենց դրանում, որ առանց գումարի տվել է։

«Ազատություն». - Վստահել է, որ հետո գումարը կփոխանցե՞ն։

Սոֆյա Սարյան. - Եվ գումարը հետո չի փոխանցվել։

Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայության տեսանյութում երևում է Մարտիրոս Սարյանի մակագրությամբ 1955 թվականի ևս մի կտավ, սակայն, Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանն ասում է, թե ինքը տեղյակ չէ, որտեղից են Սարգսյաններն այդ գործը ձեռ բերել, միայն կարող է վստահեցնել, որ այն իրենց թանգարանի ֆոնդին չի պատկանում։

Սոֆյա Սարյան. - Տեսնում եմ ստորագրությունը։ Անհրաժեշտ է անցկացնել փորձաքննություն, դա յուղաներկ է, ես այնտեղ տեսա նաև փաթաթված ուրիշ աշխատանքներ, դրանք անհրաժեշտ է, որ փորձաքննություն անցնեն, որպեսզի պարզվեն, թե դրանք ինչ նկարներ են, և ինչպես են հայտնվել Նարեկ Սարգսյանի ձեռքում, եթե հաստատվի, որ դա պետական արժեք է, ապա ճիշտ կլինի, որ օրինական ձևով հանձնվի թանգարանային ֆոնդ։

«Ազատություն». - Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դրանք թանգարանային ֆոնդից ինչ-որ ձևով հայտնված լինեն Սերժ Սարգսյանի եղբոր տղայի մոտ։

Սոֆյա Սարգսյան. - Մեր թանգարանից՝ ոչ, պետք է ճշտել պատկերասրահի ֆոնդից արդյո՞ք ինչ-որ նկարներ կան, բայց մեր թանգարանի ֆոնդից ոչ, կարող եմ հավաստիացնել, որ մեր թանգարանային ֆոնդից չեն։

Հավելենք, որ Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր Սարգսյանի որդու Նարեկ Սարգսյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում Է հայտարարել և որպես խափանման միջոց կիրառել է կալանավորումը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3-րդ մասի, 1 կետի հատկանիշներով, մասնավորապես՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Թե Նարեկ Սարգսյանին կոնկրետ ինչպիսի մեղադրանքներ են ներկայացվել, առայժմ պարզ չէ:

Ըստ ԱԱԾ-ի, հափշտակված նկարներից բացի, Նարեկ Սարգսյանի տանը հայտնաբերվել էր 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG