Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Պրահայում


Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը, արխիվ:
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը, արխիվ:

«Ինտերպոլի» աջակցությամբ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է Հայաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը, ով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին է:

Հայտնաբերման պահին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է Գլխավոր դատախազություն՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հայտնաբերման մասին տեղեկատվությունը ստացել են և հավելեց․ - «Սահմանված ժամկետում կներկայացնենք հանձնման վերաբերյալ միջնորդություն: Ընթացակարգի վերաբերյալ այլ տեղեկատվություն կտրամադրենք հետագայում»:

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, այն բանից հետո, երբ իրավապահները, վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր: Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG