Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ կան խոսակցություններ, թե տարբեր ընկերությունների շինարարական թույլտվություններ տալու դիմաց, քաղաքապետարանը առաջարկում է գնել և նվիրել աղբահանություն իրականացնող մեքենաներ:
Նշենք, որ տևական ժամանակ խոսակցություններ կային, որ ինչ-որ ընկերություններ քաղաքին նվիրատվություններ են անում: Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էր այդ հարցը բարձրացրել և միայն երեկ տեղի ունեցած ավագանու նիստում ընդդիմադիր խմբակցության անդամների հարցադրումներից հետո, քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատեց, որ քաղաքին 20 աղբատար մեքենա են նվիրել: Քաղաքապետը չհրապարակեց նվիրատուների անունները՝ ասելով, թե չի հիշում:
Նկատենք, որ աղբահանություն իրականացնող բեռնատարների գինը, ըստ ընդդիմադիրների, տատանվում է 60-100 հազար դոլարի միջակայքում։
«Հենց միայն հանգամանքը, որ թափանցիկություն չկա, այսինքն՝ գաղտնի է պահվել մինչև ավագանու անդամների բացահայտելը, և դրանից հետո էլ հստակ չի ներկայացվում, թե որ ընկերություններն են նվիրաբերողները, արդեն հիմք է կասկածելու, որ այդտեղ հստակ կոռուպցիոն ռիսկեր կան: Կան խոսակցություններ, որը որ մենք հետևողական ենք լինելու և պարզելու ենք, որ տարբեր շինթույլտվությունների դիմաց առաջարկվում է գնել և նվիրել աղբահանության մեքենաներ, կամ տվյալ շինարարությունից որոշակի տարածք, մակերեսներ տրամադրել քաղաքապետարանին: Ակնհայտ է, որ ինչ-որ մարդիկ երևի մտածում են, որ ժամանակին նույն գումարի չափով կաշառք է վերցվել, հիմա էլ՝ դե մենք կասենք, թող տան քաղաքին: Եվ չի բացառվում, որ հենց այդ նվիրաբերությունները, որ կան, նման բաների դիմաց է: Եկեք հիմա հասկանանք, թե այդ ում և որտեղ են տվել շենք կառուցելու թույլտվություն, որ նա էլ աղբահանության մեքենա է ձեզ նվիրաբերել: Իսկ կարո՞ղ է էլի մարդ կար, որ ուզում էր այդ վայրում շենք կառուցեր, բայց դուք տվել եք հենց այդ մեկին»:
Մարուքյանի համոզմամբ, այս իրավիճակը կարող է խաթարել Հայաստանում ներդրումային միջավայրը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, կոռուպիցան միայն այն չէ, երբ դու բյուջեից գողանում և տուն ես տանում, կոռուպցիա է նաև լիազորությունների չարաշահումը․ - «Եթե վաղը-մյուս օրը այդ տնտեսվարողը ինչ-որ խախտում թույլ տա, շատ հանգիստ կարող է ասել՝ հա, լավ, էս մի բանի վրա էլ աչք փակեք, որովհետև ես ձեզ, օրինակ, նվեր եմ տվել աղբահանության մեքենա»:
Հարցին, թե արդյոք չնվազի կոռուպցիոն ռիսկը, եթե հրապարակվեն նվիրատուների անուններն ու նվիրատվությունների չափը, Մարուքյանը պատասխանեց․ - «Եթե հրապարակվի, կարող ենք հետևել, թե այդ ընկերությունները, օրինակ, ինչ արտոնություններ են ստանում կամ չեն ստանում: Կարող ենք հետևել՝ կոռուպցիոն ռիսկը կա, որքանով է այն [մեծ]: Հետևաբար հրապարակելը այդ տվյալների անխուսափելի է»:
Խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նույնպես այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:
Ընդդիմադիր պատգամավորը հեգնում է՝ գուցե արձակուրդը վա՞տ է անդրադարձել քաղաքապետի հիշողության վրա, որ նա չի մտապահում, թե ովքեր են նվիրատվություններ անողները:
Զոհրաբյանը շեշտում է, որ այս ամենը հակասում է իշխանությունների որդեգրած այն քաղաքականությանը, որ նոր Հայաստանում այլևս գաղտնի ոչինչ չի լինելու․ - «Սա արդյո՞ք քաղաքապետի պահվածք է: Հարգելի երևանցիներ, դուք դրա համար եք հա՞ ընտրել քաղաքապետ, որ քաղաքապետն ասի՝ ես չգիտեմ «Կամազները», «Կամազն», էլ գիտեք, փոքր խաղալիք չի, ովքեր են նվիրել: Քաղաքապետը կա՛մ հիշողության հետ կապված խնդիրներ ունի, և այդ դեպքում, կարծում եմ, պրոգրեսիվ ամնեզիայի դեմ պիտի նա ակնհայտորեն բուժվի, կա՛մ ուրեմն այստեղ մենք գործ ունենք, ինչու չէ, նաև, չխախտելով դեռևս ոչ մեկի անմեղության կանխավարկածը, կոռուպցիոն ռիսկերի հետ: Անկեղծ ասած, ես Ռոբին Հուդի ինստիտուտին քաղաքականության մեջ չեմ հավատում, և չեմ հավատում, որ հենց այնպես մարդիկ կարող են ինչ-որ բան անել: Եվ եթե անում են, ապա այդ կազմակերպությունները պարտավոր են իրենք հայտարարությամբ հանդես գալ՝ եթե իրենց նվիրատվության նպատակը ազնիվ է, բարի է, և եթե իրենց նվիրատվության տակ կոռուպցիոն ռիսկեր կամ այլ ներքին շարժառիթներ չկան»:
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակեն բոլոր նվիրատուների և նվիրատվությունների ցուցակը:
Կարապետյանը վստահեցնում է, թե քաղաքապետարանը մտադիր էր հրապարակել այդ ցուցակը, և դրա վկայությունը այն է, որ քաղաքային իշխանությունը դեռ օրեր առաջ պատվիրել է պատվոգրեր, որոնք տարեվերջին պետք է հանձնվեն նվիրատուներին:
Հարցին, թե ինչու քաղաքապետը այդ նվիրատվությունների մասին նախապես տեղյակ չի պահել ավագանուն կամ հանրությանը, Մարությանի խոսնակն ասաց, որ նման հարցադրում չի եղել, հետևաբար անդրադարձ էլ չի կատարվել․ - «Հարց չի եղել, պատասխան չի եղել: Ինչ վերաբերում է ինչ-որ բանի դիմաց տալուն կամ չտալուն: Կան կազմակերպություններ, որոնք նվիրատվություն անելուց առաջ կամ հետ, որոշակի ժամանակաընթացքում ստացել են շինթույլտվություններ, կան կազմակերպություններ, որոնք որևէ առնչություն, քան այդ նվիրատվությունն է, քաղաքապետարանի հետ չեն ունեցել: Քաղաքապետարանը շինթույլտվություններ տալիս է միայն և բացառապես այն դեպքերում, երբ դրանք համապատասխանում են քաղաքաշինական նորմերին»:
Իսկ հարցին, թե արդյոք ավագանու նիստում չպետք է քննարկվեր և հաստատվեր նվիրատվությունների ողջ գործընթացը, քաղաքապետի խոսնակն արձագանքեց, թե կա ընթացակարգ, որը սահմանում է, որ որևէ նվեր ստանալիս պետք է ունենալ ավագանու համաձայնությունը: Սակայն դա, Կարապետյանի խոսքով, ոչ բոլոր դեպքերում է պարտադիր: