Մատչելիության հղումներ

«Եթե 34-ն է գնումներով գնվել, պարզ է, որ 20-ը նվեր է»․ Մարությանը՝ նվեր ստացած բեռնատարների մասին


Ավագանու նիստը դեռ չմեկնարկած ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը հայտարարեց՝ տեղեկություններ ունեն, որ տարբեր գործարարներ Երևանին աղբատար բեռնատարներ են նվիրել, դրանցից մեկն էլ Սամվել Ալեքսանյանն է: Անի Խաչատրյան ասաց՝ դեմ չենք, թող նվիրեն, բայց ինչու՞ է գաղտնի պահվում: Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչն այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

«Ավագանու անդամներից մեկն ասաց, որ մի մեքենան ինչքան գիտենք Սամվել Ալեքսանյանն է նվիրել, մեկն ասաց՝ Չինաստանի Հանրապետությունից ենք մի հատը նվեր ստացել, բայց կրկնում եմ՝ երկու և ավել տասնյակի մասին է խոսքը, որի մասին հանրությունը չգիտի: Մենք դրանում խնդիր չենք տեսնում, բոլոր հեղափոխություններից հետո կարող են մարդիկ նախկին իշխանությունների ժամանակ հարկեր չվճարած մեղքերի թողություն որպես և վերադառնալու հարկային դաշտ, նվերներ տան: Կարող ենք չէ՞, եթե թաքուն է, կասկածել, ասել՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործի հետ կապված ինչ-որ ակնկալիքներով է նվիրել և հանրությունը մերժում է, ասում է՝ «մենք կմնանք աղբի մեջ, բայց մենք այդ նվերը չենք ուզում»: Այսինքն՝ հրապարակային լինելը, թե ովքեր են նվիրել հենց այստեղ է, որ, այո, պետք է բոլորը իմանան՝ ով է նվիրել լեգիտիմ իշխանությանը այդ նվերները և ինչի դիմաց», - ասաց Խաչատրյանը:

Նիստի ընդմիջմանը քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց՝ թեև քաղաքին շինտեխնիկա, կարիքավորների համար բնակտարածքներ, աղբի մշակման մեքենաներ և շատ այլ նվերներ օգնության կարգով տրվել են քաղաքապետարանին, բայց այդ նվիրատուների շարքում Ալեքսանյանը չկա: Իսկ թե ովքե՞ր են նվիրատուները, քաղաքապետն ասաց՝ անուններ չի հիշում, Մարությանը կարծում է, որ Երևանն էլ պետք է հետևի աշխարհի այն շատ երկրների օրինակին, երբ սոցիալական պատասխանատվության շրջանակներում՝ անգամ մեծ բյուջե ունեցող քաղաքներին, նվիրատվություններ են արվում: Ասաց՝ ոչինչ գաղտնի չի արվում, վստահ է՝ երևանցիներն ամեն ինչ գիտեն, իսկ բարեգործներն իրենք են ցանկանում անանուն մնալ:

«Եթե մենք ասում ենք, որ աղբահանության հիմնարկն ունի 54 մեքենա, ես դա պարբերաբար հայտարարել եմ և գնումներով մենք գիտենք, որ տեղի է ունեցել գնումներ 20 մեքենա պակաս, 34-ն է գնումներով գնվել, պարզ է, որ 20 հատ նվեր է, բա որտեղից է: Սամվել Ալեքսանյանը չի նվիրել մեքենա Երևանի քաղաքապետարանին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն են անում կամ բարեգործություն են անում Երևան համայնքի համար: Անկեղծ եմ ասում՝ չեմ հիշում էդ կազմակերպությունների անունները և էս պահին չեմ կարող նշել նաև անհատների անունները, որովհետև ինձ համար կարևոր և ոչ կարևոր այդ առումով չկա, ինձ համար բոլորը կարևոր են», - նշեց Մարությանը:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նաև ասում է, որ Երևանի հիմնախնդիրները դուրս են մնացել քաղաքի զարգացման հնգամյա ծրագրից, օրինակ, տրանսպորտի ու վերելակների հարցը և ոչ միայն:

«Դեկտեմբեր ամսվա բերած հնգամյա ծրագրում խոսվում էր վերգետնյա, ստորգետնյա անցումների մասին, խոսվում էր վերելակների մասին, 4-րդ կարգի վթարային շենքերի մասին, այս նոր ծրագրով հնգամյա բոլոր այդ կետերը բացակայում են կամ վերափոխվել են, հարցականներ են դրված», - ընդգծեց Խաչատրյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքելով Անի Խաչատրյանի պնդումներին՝ ասաց, որ իրենց բոլոր խոստումներն իրագործելու ուղղությամբ աշխատում են: Ըստ քաղաքապետի, այս պահին փոխվում է 20 վերելակ, իսկ գործընթացը սկսվել է ամիսներ առաջ: Ընդգծեց՝ Պաշտոնապես գրանցված 1330 միկրոավտոբուսից շուրջ 450-ի 15 տարին շուտով կլրանա ու ըստ օրենքի, դրանք այլևս չեն կարող սպասարկել: Քաղաքապետի խոսքով՝ մյուս տարի մի քանի ավտոբուսներ կբերվեն Երևան ու կփոխարինեն դրանց:

«Ոչ մի հարց դուրս չի մղվել, բնականաբար, տրանսպորտային համակարգը պետք է լինի, ես ամենօրյա ռեժիմով աշխատում եմ էդ հարցի շուրջ, ամենօրյա ռեժիմով աշխատում եմ վերելակների հարցի շուրջ, սրանց գլոբալ լուծման մասին է խոսքը: Արդեն հին 20 վերելակ փոխարինման պրոցեսը սկսված է, էս պահին քննարկվում է, որ մյուս տարի ինչ-որ չափաքանակ ավտոբուսների պետք է արդեն լինեն Երևան քաղաքում, որպեսզի սկսենք փոխարինման հարցը, բայց բոբոր հարցը թե՛ վերելակների, թե՛ տրանսպորտային համակարգի, իհարկե, մեկ տարվա հարց չի, այլ տրանսպորտային համակարգի մասին բազմիցս ենք խոսել, հենց սկզբից նշվել է 2-4 տարի, մենք աշխատում ենք դա մաքսիմալ արագ անենք, նույնը վերելակների մասին է խոսքը», - ասաց քաղաքապետը:

Առավոտյան մեկնարկած և միայն երեկոյան ավարտված ավագանու նիստի ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձավ Արամի 23-ի կիսափլված շենքի խնդրին: Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ իտալացի ճարտարապետն արդեն ուղարկել է շենքի ամրացման սխեման, քաղաքապետարանը կտա շինթույլտվությունն ու վաղն այդ նախագիծը կլինի շինարարների ձեռքում:

Մեսչյանը վստահեցրեց՝ կսկսվի ստորգետնյան ավտոկայանի շինարարական աշխատանքներն ու դրա միջոցով էլ կստեղծվի հենապատ, ինչն էլ շենքը կանգուն կպահի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG