Մատչելիության հղումներ

Եթե Գևորգ Կոստանյանը 48 ժամում չներկայանա, ՀՔԾ-ն «կգործի ըստ օրենքի»


Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյան
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյան

Եթե 48 ժամում նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը չներկայանա նախաքննական մարմնին, ապա Հատուկ քննչական ծառայությունը կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ 2008-ի՝ 10 մարդու կյանք խլած մարտյան իրադարձությունները քննող ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավել նախկին Գլխավոր դատախազ Կոստանյանին, որն արդեն երկու ամիս բնակվում և աշխատում է Մոսկվայում։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Կոստանյանն ասել է, որ քննիչին ժամանակին հայտնել է, որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում, և կվերադառնա այն ավարտելուց հետո։ Կոստանյանը նաև ասել է, թե ՀՔԾ-ի դրսևորած «հրատապությունը իր համար կանխատեսելի էր»՝ առանց նշելու սակայն, թե այդ դեպքում ինչու քայլեր չի ձեռնարկել Հայաստանից հեռու չգտնվելու համար․ - «Եվ առնվազն սեմեստրն ավարտվելու հետո, ես ինքս չէ՞ պատրաստակամություն հայտնեցի, որ ներկայանալու եմ: Եվ այս հրատապությունը ինձ համար կանխատեսելի էր, բայց ոչ ողջամիտ և ոչ նորմալ էր իրավական տեսակետից: 48 ժամվա ընթացքում օբյեկտիվորեն հնարավոր չէ ներկայանալ»:

48 ժամում հնարավո՞ր է արդյոք Մոսկվայից հասնել Երևան․ լրագրողների այս հարցին Սասուն Խաչատրյանը հակադարձեց. - «Ես էլ այդ հարցը ձեզ եմ տալիս՝ դուք իրատեսակա՞ն եք համարում 48 ժամվա մեջ Մոսկվայից գալ Երևան»:

ՀՔԾ-ը դեռ չի մանրամասնում, թե ինչ հոդվածներով է որպես մեղադրյալ ներգրավել Կոստանյանին և ինչ խափանման միջոց է ընտրելու։ Սակայն Մարտի 1-ի գործով անցնող մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին հաղորդագրությունում շոշափվում էր նաև Գևորգ Կոստանյանի անունը։

Ըստ այդմ, 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և նպատակ է ունեցել պարտակել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալված իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի զինված ուժերի օգտագործումը։

Ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը և այն ժամական նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են չարաշահել պաշտոնեական լիազորությունները և կեղծել ապացույցներ:

Շղթայում ներգրավված է եղել նաև նախին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Վերջինս Մարտի 1-ի գործով մեղադրյալ է, ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին:

Այսօր ՀՔԾ պետը չբացեց փակագծերը, թե արդյոք Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է Ալիկ Սարգսյանին արդեն առաջադրված մեղադրանքին, թե՞ այլ հանգամանքներ են ի հայտ եկել:

«Ես հիմա չեմ ցանկանում հատ-հատ ապացույցներին անդրադառնալ: Որպես մեղադրյալ ներգավելու հիմքը այդ ապացույցների համակցությունը բավարար համարելն է», - ասաց Սասուն Միքայելյանը:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում նախկին Գլխավոր դատախազը այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե դեկտեմբերին, դասերն ավարտելուց հետո վերադառնալո՞ւ է Հայաստան, թե՞ ոչ։

Ուղիղ տրված հարցին Կոստանյանն արձագանքել է․ - «Եթե ես ձեռք եմ բերում պայմանավորվածություն, ավելին՝ ես հայտնում եմ իմ գալու բոլոր վերջնաժամկետները: Սենց հրատապ, 48 ժամ առաջադրելը ինձ համար արհեստականություն է մեխանիկորեն արդեն առաջացնում»:

Մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը վստահ է, որ Գևորգ Կոստանյանը Հայաստան վերադառնալու մտադրություն չունի և փորձում է մոլորեցնել հանրությանը․ - «Ինքը շատ մեծ դերակատարություն ունի Մարտի 1-ի բոլոր գործերը կոծկելու հարցում: Դրա համար ես իմ կարծիքն եմ հայտնում, որ նա չի գալու: Մոլորեցնում ա, կամ էսօր ուզում ա Ռուսաստանում քաղաքացիություն ձեռք բերի կամ ապաստան խնդրի: Նա չի գալու»:

Մարտի 1-ին սպանված Քլոյանի իրավահաջորդը հույս ունի, որ 48 ժամը լրանալուց հետո իրավապահները հետախուզում կհայտարարեն Կոստանյանի նկատմամբ։


XS
SM
MD
LG