Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ, Գևորգ Կոստանյանն ամեն ինչ արել է, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվի


Նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կարևորագույն վկա է և պետք է վերադառնա Հայաստան ու պատասխանի նախաքննության հարցերին: «Ազատության» հետ զրույցում այսպիսի պնդում արեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` շեշտելով, որ Կոստանյանն ամեն ինչ արել է, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվի:

Գևորգ Կոստանյանն այս պահին գտնվում է Ռուսաստանում և վերջերս հարցազրույցներ էր տվել «Երկիր Մեդիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերություններին՝ անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գորրծին: «Երկիր մեդիայի» հետ զրույցում նա ասել էր, թե այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են Մարտի 1-ի բուն գործից, այսինքն սպանությունների բացահայտումից ուշադրությունը շեղելու համար:

Անդրանիկ Քոչարյան․ - Հիմա Զինված ուժերի մասնակցությունը պարոն Կոստանյանը, ինչքան հասկացա, նկարագրում է, որ դրանց օգտագործումը եղել է արտակարգ դրությունը հայտարարելու ընթացքում կամ դրանից երևի տասը րոպե առաջ: Պարոն Կոստանյան, Դուք տարիներ շարունակ, առնվազը տասը տարի Դուք այդ փաստը թաքցրել եք: Հիմա վստահաբար հակադարձում եմ իրեն՝ հենց իր գլխավորությամբ թաքցրել են դա: Եթե չեն թաքցրել, եկեք նախաքննական մարմնին բացատրեք․․․ Եվ վերջին լսումները 2018 թվականին, երբ որ ինձ համոզում էր, որ այդ հրամանը չի եղել, չկա էդպիսի հրաման: Եվ այդ հրամանի գոյությունը հաստատվեց միայն Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հետ զուգընթաց:

«Ազատություն»․ - Կոստանյանը խոստացել է, որ կգա:

Քոչարյան․ - Կոստանյանը պետք է չխոստանա, Կոստանյանը պետք է արդեն այստեղ լինի: Ի՞նչ է նշանակում խոստացել է: Եթե ինքը լիներ Գլխավոր դատախազ, ում որ կանչում էին, խոստանար և չգար, կամ խոստանար ու ինքը որոշեր, թե երբ պետք է գա: Էդպես պետությո՞ն ա լինում, պարոն Կոստանյան:

«Ազատություն»․ - Նա ասում է, թե իրեն մեկ տարի առաջ հարցաքննել են, որևէ գործողություն չեն արել․․․

Քոչարյան․ - Նախաքննական մարմինը հիմա է գտնում նպատակահարմար: Թող ինքը չորոշի, թե իրեն երբ պետք է կանչեն: Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ պարոն Կոստանյանը ասելիք ունի, նա պետք է գա և ասի: Էդպիսի ասելիք ունեին նաև Հայաստանի սահմանները լքած մի քանի պաշտոնյաներ, և ամենակարևորը՝ Միքայել Հարությունյանը, որը գտնվում է Մոսկվայում: Գուցե իրար հետ ինչ-որ ժամանակահատվածում հարցե՞ր են քննարկում, թե ով իրեն ինչպես պահի, եթե նախաքննական մարմինը հարցաքննի: Ես ամեն ինչից մտավախություն ունեմ, որովհետև իրենք իրենց պահվածքով ցույց են տալիս, որ իրենք խուսափում են նախաքննական մարմնի հետ համագործակցելուց: Իր երկու հարցազրույցները տեսնելուց հետո ես հասկացա, որ ինքը այս պահին վախեր ունի գալու հետ կապված:

«Ազատություն»․ - Նա շեշտեց, որ գալու է, քանի որ ինքը պետք է պատասխան տա, և իրեն էլ պետք է պատասխան տան:

Քոչարյան․ - Այդ մասը շատ հետաքրքիր էր: Ովքե՞ր են իրեն պատասխան տվողները, այն մարդիկ, որոնք իրեն հրահանգավորել էին, որպեսզի Դաստակովին հրահանգավորի, թե իրեն ոնց պահի փաստահավաք խմբո՞ւմ: Դաստակովը իր ցուցմունքում գրել է, որ ինքը ճանաչեց այդ մարդուն, դա պարոն Կոստանյանն է:

«Ազատություն»․ - Գևորգ Կոստանյանն ասում է, որ հասարակությունը միշտ Մարտի 1-ի գործ ասելով նկատի ունի տասը սպանությունների բացահայտումը, և մեծ հաշվով որևէ մեկին հետաքրքիր չէ, թե սահմանադրական կարգը ով տապալեց, ոնց տապալեց, որովհետև 2008-ին մի խումբ էր սահմանադրական կարգը տապալել, տասը տարի հետո պարզվեց, որ էդ կարգը ուրիշ խումբ է տապալել: Եվ կարող է տասը հետո էլ պարզվի, որ լրիվ ուրիշ մարդ է տապալել: Իսկ տասը զոհերի հարցը մնում է անպատասխան:

Քոչարյան․ - Տասը տարի նախկին իշխանություններից պահանջում էինք տասը սպանությունների բացահայտում: Ամեն ինչ անում էին, կեղծում էին, որպեսզի դա չբացահայտվի: Գիտե՞ք ինչու: Որովհետև սպանություններ ասածը դրանք կրակոցներ են, իսկ կրակոցները ակնհայտ երևում են, «Չերյոմուխա» լինի թե չլինի: «Չերյոմուխա՞ն» ինչու չբացահայտեցիք: Նա պետք է չասի, նա պետք է արած լիներ: Ընդ որում, մեզ թող չասի, մենք բացահայտել ենք կառավարումը ոնց ա եղել, ինչի ա էդպես եղել, տասը մարդ զոհվել են:

«Ազատություն»․ - Ասում է՝ մեզ չէին վստահում, հիմա նոր իշխանություններին վստահում են, թող բացահայտեն:

Քոչարյան․ - Թող չկասկածի, նոր իշխանությունները ամեն ինչ անում են: Նոր իշխանությունը ավելի մեծ ձեռքբերում ունի․ ինքը բացահայտել է կազմակերպված, կառավարվող հանցագործությունների շղթան, որը սահմանադրական կարգի տապալման է բերել: Եվ ինքը մասնակից է այդ տապալման գործընթացին՝ որպես պաշտոնյա:

«Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ օբյեկտիվ հանգամանքներ կան, որոնք թույլ չեն տալիս «Չերյոմուխայից» մահացած անձանց սպանությունները բացահայտել:

Քոչարյան․ - Տասը տարի առաջ դա շատ ավելի հեշտ էր, էնքան հեշտ էր, որ հնարավոր չէր պատկերացնել, որ դա հնարավոր է չբացահայտել:

«Ազատություն»․ - Գևորգ Կոստանյանն այսպիսի մի մեղադրանք է հնչեցնում իշխանությունների հասցեին, որ սահմանադրական կարգի տապալման քրեական գործի շրջանակներում տարբեր պաշտոնյաների ներգրավելու բոլոր այս գործընթացները, ամեն ինչ արվում է, որպեսզի բուն գործից շեղեն հանրության ուշադրությունը, այն է՝ տասը սպանությունների բացահայտումը:

Քոչարյան․ - Գևորգ Կոստանյանը ժամանակին կամ զբաղված է եղել անգործությամբ, կամ հիմա ինքը զբաղված է իր պաշտպանության ծրագիրը իրականացնելով: Ես նորից եմ ասում՝ պարոն Կոստանյան, եկեք Հայաստան շուտ և պատասխանեք նախաքննական մարմնի հարցերին: Ձեր կարգավիճակը պետք է ճշտվի: Եթե Դուք վկա եք, ուրեմն բարի եղեք ներկայանալ, չներկայանալու դեպքում նախաքննական մարմինը պարտավոր է գործողություններ իրականացնի Ձեզ այստեղ բերելու հարցով:

Ի դեպ, «Երկիր մեդիային» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն առաջարկվել է Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ, որից հետո կարևոր դեր կստանձի նոր իշխանությունում, Գևորգ Կոստանյանը ոչ հերքել, ոչ հաստատել է՝ ասելով, թե չի մեկնաբանում:

Մեր հարցին, թե հնարավոր է, որ նախաքննական մարմինը նման գործարք առաջարկեր Կոստանյանին, Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչորյանն, ասաց, թե նման բան պատկերացնել հնարավոր չէ:

Հարցազրույն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG