Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանը «իր անվան հետ կապվող մեղադրանքներում իրավական հիմք չի տեսնում»


Հատուկ Քննչական ծառայության երեկվա հաղորդագրությունում հիշատակված նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Կոստանյանը երկրում չէ և նամակով է արձագանքել նախաքննական մարմնի երեկվա ծավալուն հաղորդագրությանը։

ՀՔԾ-ի հաղորդագրությունում Կոստանյանը ներկայացվում է որպես առանցքային դերակատար 2008-ի մարտյան իրադարձություններից հետո բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից այդ իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթեր կեղծելու և կատարված հանցագործությունները պարտակելու գործում:

2008-ին նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանը պնդում է՝ այն, որ Ալիկ Սարգսյանը հերքում է, թե ինքն ու նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը ցուցումներ են տվել նախկին ոստիկանապետին, բավարար է արձանագրելու, որ իր և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք:

Հատուկ Քննչական ծառայությունը թեև մանրամասն նկարագրել էր Գևորգ Կոստանյանի գործողությունները, սակայն մինչև այս պահի չի հստակեցնում, թե ինչ կարգավիճակ ունի նախկին բարձրաստիճան պաշտոյան:

Ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը կանչվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, փոխանցել է, որ առաջիկա օրերն կներկայանա։

Գևորգ Կոստանյանը, որը, ըստ ՀՔԾ-ի, 11 տարի առաջ ցուցումներ և հանձնարարականներ է տվել Ալիկ Սարգսյանին, իր նամակում գրում է․ - «Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Համոզված եմ, որ եթե նույնիսկ Հայաստանի «նոր» իրավապահ համակարգը մեղադրանք առաջադրի և կալանավորի 2008-2018 թվականներին որևէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց, միևնույնն է՝ դրանով չի մոռացվելու այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են Մարտի 1-ի տասը զոհերի և հարյուրավոր վիրավորների համար իրական պատասխանատուները:

Կոստանյանը հայտարարում է, որ Հայաստանի օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու է այս անհեթեթ մեղադրանքներից իր, նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար:

Հիշեցնեմ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ-ն դեռ երեկ մեղադրանք առաջադրեց միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:

Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ 2008-ի մարտյան իրադարձություններից հետո, երբ նշանակվել է Հայաստանի ոստիկանապետ, խորհրդակցություններ են անցկացրել ոստիկանությունում։ Ընդ որում՝ ոչ մեկ անգամ։

«Խորհրդակցություններ ոչ թե եղել են, այլ ամեն օր է եղել: Դուք մոռանում եք, որ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ նույնպես խորհրդակցություններ են եղել: Փաստահավաք խմբին, Ազգային ժողովին, եվրոպական կառույցներին ամեն օր Մարտի 1-ի վերաբերյալ հաղորդագրություններ, տեղեկանքներ, բազմաթիվ փաստաթղթեր են տրամադրվել: Դրանք բոլորը ծնվել են խորհրդակցությունների արդյունքում, փաստերի արդյունքում: Ո՞նց կարող է խորհրդակցություն եղած չլինի: Անհեթեթ խոսակցություն է», - ասաց Սարգսյանը:

Մեղադրանքում խոսք կա բարձրաստիճան ոստիկանների խորհրդակցության մասին, որտեղ ցուցումներ են տրվել մարտյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցածը պարտակելու և թաքցնելու վերաբերյալ։ Եվ որ այդ ամենի նպատակն է եղել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը: Դրանք են՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալված իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։

Սարգսյանը շտապեց հայտարարել, որ մեղադրանքը չի ընդունում, անգամ որպես վկա հարցաքննության չի գնացել։ Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ ՀՔԾ-ն, մինչդեռ, հատարարում է՝ Ալիկ Սարգսյանը հարցաքննվել է։

«Իմ կողմից կոնկրետ որևիցե կեղծ տեղեկանք չի կազմվել, որևիցե կեղծ հաղորդագրություն չի ուղարկվել: Ես գործը կոծկող չեմ: Այս մարդիկ չեն ուզում հասկանալ, որ, ժողովրդական խոսք կա՝ չորը չի կպնում մարդուն: Մոռացե՛ք: Հեսա կտեսնեք արդյունքը: Մի քիչ էլ համբերեք», - «Ազատությանն» ասաց Սարգսյանը:

Նա պնդեց, որ իրեն ՀՔԾ չեն կանչել․ - «Միանգամից մեղադրանք են առաջադրել: Ոչինչ, նորմալ է: Ես արդեն իմունիտետ ունեմ, դրան էլ եմ սովորել»:

Ըստ մեղադրանքի, 2008-ի մայիսի 29-ին ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը կատարել է 2008-ի հուլիսի 2-ից հետո նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և մինչև հուլիսի 2-ը նախագահի օգնական, այնուհետև փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հանձնարարությունը՝ թաքցրել է Զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ոստիկանությունում անցկացված խորհրդակցությանը ներկա էին Հայաստանի ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևանում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության կողմից իրականացրած գործողություններին:

Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով այդ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Բացի այս դրվագից, ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակաների հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին: Բացի այդ, Գեղամ Պետրոսյանին հրահանգ է ստացել համագործակցել մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և դեպքի վայրից հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Ալիկ Սարգսայնը, մինչդեռ պնդում է՝ պարկուճների փոփոխությունից տեղյակ չէ․ - «Տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը: Չեմ էլ ուզում այդ մասին խոսել: Տհաճ թեմա է ինձ համար»:

Հատուկ քննչական ծառայության ծավալուն հաղորդագրությունում հիշատակված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009 թվականին: Գևորգ Կոստանյանը 2008-ից մինչև 2018-ի հեղափոխությունը բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Գլխավոր դատախազի ու զինդատախազի, 2017-ին պատգամավոր է ընտրվել Հանրապետականի ցուցակով:

Քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը մեկ տարի առաջ Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել ապացույցների կեղծման համար և հետախուզվում է: Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սպանության համար։ Գործով առանցքային վկա համարվող նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն օրերս, նախնական վարկածով, ինքնասպանություն է գործել։

XS
SM
MD
LG