Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետին մեղադրանք է առաջադրվել․ Նեթանյահուն այն չի ընդունում և հրաժարական չի տա


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարական տալ իրեն մեղադրանք առաջադրելուց հետո:

Իսրայելական կառավարության ղեկավարի դեմ քրեական գործ հարուցելու մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի գլխավոր դատախազը: Իսրայելի առաջնորդին կասկածում են կաշառակերության, մեքենայությունների, հանրային վստահության չարաշահման մեջ, և նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Սա Իսրայելի պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ գործող վարչապետին մեղադրանք է առաջադրվում:

Նեթանյահուն տեղի ունեցածը համարում է իրեն պաշտոնանկ անելու փորձ: «Մենք այսօր ականատեսն ենք պետական հեղաշրջման փորձի, որն ուղղված է գործող վարչապետի դեմ: Մեղադրանքները մտացածին են, դրանք ի հայտ են եկել կողմնակալ քննության արդյունքում: Ես թույլ չեմ տա ստի հաղթանակ: Կշարունակեմ ղեկավարել երկիրը օրենքի տառին համապատասխան, ամենայն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ, մեր ընդհանուր ապագայի և անվտանգության մասին հոգատարությամբ»,- հայտարարել է Բենյամին Նեթանյահուն:

Օրենքի համաձայն՝ մեղադրանքի առաջադրումը Իսրայելի վարչապետին չի պարտավորեցնում հրաժարական տալ: Սակայն դատական գործընթացի մեկնարկը կարող է ձեռնտու լինել նրա քաղաքական հակառակորդներին, որոնք ապարդյուն փորձում են հասնել Նեթանյահուի հեռացմանը: Այս տարվա ապրիլից երկրում երկու անգամ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և չի բացառվում, որ առաջիկայում հայտարարվի նոր՝ այս տարվա ընթացքում արդեն երրորդ քվեարկության մասին:

Նեթանյահուին առաջադրված մեղադրանքները վերաբերում են երեք դրվագների: Ըստ առաջին երկուսի՝ վարչապետը գործարք է կնքել գործարարների և հրատարակիչների հետ՝ մամուլում իր գործունեությունը բարենպաստ ձևով լուսաբանելու դիմաց: Երրորդ գործի համաձայն՝ Իսրայելի կառավարության ղեկավարը թանկարժեք նվերներ է ստացել ամերիկացի գործարարներից:

Նեթանյահուն կտրականապես հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ անմեղ է:

Իսրայելի խորհրդարանն այժմ պետք է քննարկի Նեթանյահուի անձեռնմխելիությունը չեղարկելու հարցը: Նրա գլխավոր ընդդիմախոս Բենի Գանցը հայտարարել է, որ մեղադրանքի առաջադրումը ոչ թե հեղաշրջման փորձ է, այլ հետևանքն է այն բանի, որ կառավարության ղեկավարը շարունակում է կառչած մնալ իշխանությունից: Գանցի գլխավորած ընդդիմադիր ուժը պնդում է, որ երկիրը չի ցանկանում կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետ ունենալ: «Կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեջ մեղադրվող վարչապետը բարոյական և սոցիալական իրավունք չունի իսրայելական պետության անունից որոշումներ ընդունելու», - ասվում է ընդդիմադիր «Կախոլ-Լավան» կուսակցության հայտարարությունում:

Վարչապետի դեմ իրավական այս գործընթացները տեղի են ունենում Իսրայելում ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի ֆոնին: Երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երեկ խորհրդարանին կրկին երեք շաբաթ ժամանակ տվեց վարչապետի թեկնածուի հարցում կողմնորոշվելու և այս տարվա ընթացքում երրորդ ընտրություններն անցկացնելուց խուսափելու ուղիներ փնտրելու համար: Ապրիլից ի վեր երկրի երկարամյա վարչապետ Նեթանյահուին չի հաջողվում կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս ուժերի հետ, որոնք դեմ են, որպեսզի 2009 թվականից երկիրը ղեկավարող «Լիկուդ» կուսակցության առաջնորդը հինգերորդ անգամ ստանձնի վարչապետի պաշտոնը:

XS
SM
MD
LG