Մատչելիության հղումներ

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց


Հայաստանի խորհրդարանի նիստ, 19-ը նոյեմբերի, 2019թ., Երևան
Հայաստանի խորհրդարանի նիստ, 19-ը նոյեմբերի, 2019թ., Երևան

«Թող հետ կանգնի այս նախագծից, չէ՞ որ երեխա ունի»։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի անունից նման հորդորներ է ստացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող օրինագծերի փաթեթի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանը:

Այս սպառնալիքների մասին առաջին անգամ ԱԺ ամբիոնից շատ կոշտ ձևակերպումներով խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ տալու: Այսօր պատգամավոր Բաղդասարյանը մանրամասնեց, որ նախազգուշացումներ ու հորդորումներ են եղել իրեն, որ հետ կանգնի զեկուցումից. - «Ես չեմ կարող այս պահին տալ իրավական գնահատական և ասել, որ դա հստակ սպառնալիք է եղել, բայց այն հանգամանքը, որ դա միանշանակ ուղղորդումներ են եղել, փաստում եմ», - ասաց նա։

Ըստ պատգամավորի, հորդորները տարբեր մարդկանց կողմից են եղել, որոնք հնչեցրել են Վարդան Ղուկասյանի անունը։ Վերջինս նման մեղադրանքները զրպարտութուն է որակում, հարցադրումներ կատարող լրագրողներին էլ սպառնում է դատի տալ: Դիտարկմանը, թե այս մասին առաջինը բարձրաձայնել է վարչապետ Փաշինյանը, արդյո՞ք դիմելու է իրավապահներին, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն զրպարտության համար, Ղուկասյանը արձագանքեց․

«Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում։ Ասել է, միգուցե հետագայում զգա, որ սխալվել է, ոչինչ, բան չկա, ես իրեն լավն եմ ցանկանում, ամենաբարիքները։ Իրավապահներն էնքան են ինձ ստուգել, էնքան են մեր նկատմամբ խիստ եղել, ես ձեր գիտեցած շատ-շատերից չեմ եղել, որ արտոնյալ պայմաններում եղած լինեի մինչև այսօր»։

Հարցին, թե չի հարցաքննվել այդ սպառնալիքների հետ կապված, պատգամավորը պատասխանեց, որ մարդիկ ամեն ինչ էլ կարող են խոսել։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գլխավոր դատախազության հանձնարարականով քրեական հետախուզության գլխավոր վարչությունում իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չմանրամասնեց՝ հարցաքննվել են արդյոք պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Նազելի Բաղադասարյանը։ Վերջինս այսօր, չնայած իրեն փոխանցված հորդորներին, հանդես եկավ որպես քրեական ենթամշակույթը կրող խմբավորում ստեղծելելը քրեականացնող օրինագծերի փաթեթի հարակից զեկուցող ու հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին։

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթների հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի փոխանցմամբ՝ նախագծով քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու և պահպանելու համար նախատեսվում է սահմանել քրեական պատասխանատվություն:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որ բացեք, այնտեղ կոնկրետ արարքներ է նկարագրում՝ սպառնալիքով բնակարանային վեճ է լուծել՝ իր ազդեցությունն օգտագործելով, կապի մեջ է եղել այլ քրեական հեղինակությունների հետ, քննարկել են բյուջեն կամ իրենց լեզվով ասած՝ «ապշյակը» օգտագործելու ուղղությունները, ձևերը», - բացատրեց նա։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խմբակցության անունից ունեցած ելույթի ժամանակ հստակեցրեց՝ իրենք կողմ են օրենքի գաղափարին, բայց նախագծում թերություններ են տեսնում, քանի որ իրավական որոշակիության խնդիր կա. - «Եթե մենք միայն օրենք ենք ընդունում և դեռևս շարունակում ենք հեռուստացույցով ցուցադրել այնպիսի ֆիլմեր, սերիալներ, որոնք գովերգում են այդ երևույթը, առաջանում է ռոմանտիզմ այդ նույն քրեական մշակույթի կամ ենթամշակույթի նկատմամբ»։

ԲՀԿ խմբակցության անունից Գևորգ Պետրոսյանը հայտարարեց՝ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ պատասխանատվություն միայն արարքի համար, և չհստակեցրեց, իրենք կողմ կքվեարկեն նախագծին, թե դեմ. - «Թե իբր ով այս նախագծին դեմ է, ուրեմն ինքը հովանավորում է, բացարձակապես, մենք միշտ ասել ենք և ասում ենք՝ հանցագործը պիտի պատժվի, բայց մարդը պիտի պատժվի իր արարքի համար», - նկատեց նա։

Պետրոսյանի ելույթին պատասխանեց «Իմ քայլից» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ ասելով՝ նա անկեղծ չէ իր այն հակափաստարկում, թե խնդիրը իրավական որոշակիությունն է։ Ռուբինյանը վստահ է՝ ԲՀԿ-ն այսպես թե այնպես դեմ կլիներ փաթեթին։ Նա Պետրոսյանին հիշեցրեց ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վարդան Ղուկասյանի նախկին հայտարարությունները, թե «գողերից խելոք աշխարհի երեսին չկա, որ ինքը հարգում է ճշտով ապրած մարդկանց, և բա հո չենք նստցնելու, պետք ա կոնկրետ արարք լինի, որ նստի»։

Ազգային ժողովն աշխատանքային օրվա ավարտին 70 կողմ, 10 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունների փաթեթը: Հեղինակները նշեցին՝ եթե ընդդիմադիրների միակ մտահոգությունը ձևակերպումների հետ է կապված, պատրաստ են համատեղ աշխատանքի արդյունքում գտնել ավելի ընդունելի ձևակերպումներ:

XS
SM
MD
LG