Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը վստահեցնում է՝ չի սպառնացել որևէ մեկին


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից կոշտ արձագանքեց քրեական ենթամշակույթի քարոզչությանը և ակնարկեց, թե սպառնացել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող նախագծի հարակից զեկուցողին:

«Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված, ասենք, օրինակ, կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկցնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով, որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - երեկ խորհրդարանում հայտարարեց վարչապետը:

Ի դեպ, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի նախկին քաղաքապետն այժմ արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն է, որը լրագրողներին ասել էր՝ «օրենքով գողերը» խելոք մարդիկ են, և ինքը դեմ է այդ նախագծին:

Վարչապետի այս հայտարարությունից հետո «Հայկական ժամանակ»-ը գրեց, թե իրենց տեղեկություններով՝ հենց Վարդան Ղուկասյանն է սպառնալիքներ հնչեցրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գյումրեցի Նազելի Բաղդասարյանի հասցեին, որը հարցի հարակից զեկուցողն է։

Ինքը Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ իրեն սպառնացել են, բայց կոնկրետ անուններ չնշեց: «Ոչ անձնապես, բայց՝ միջնորդավորված տարբեր անձերի կողմից, հորդորներ են եղել, որ հետ կանգնեմ նախագծի զեկուցումից, որովհետև քաղաքում որոշ մարդկանց ձեռքերը շատ երկար են, Գյումրիում, նաև հիշեցրել են ինձ կամ հուշել են, թե բա երեխա ունեմ, էլի, ի՞նչ պետք է ինձ: Բայց, ամեն դեպքում, մեր քաղաքական գիծը և դիրքորոշումը մեկն է՝ մենք զրո հանդուրժողականություն ունենք քրեական ենթամշակույթների ու այդ ենթամշակույթը կրող մարդկանց նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը, հարցին՝ միջնորդավորված ո՞վ է դա իրեն ասել կոնկրետ, արձագանքելով․ - «Տարբեր շրջապատներից մարդիկ, որոնք բարի կամքի դրսևորումով ինձ հորդորել են այդ նախագծից հետ կանգնել»:

Գյումրին շուրջ տասը տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանն ասաց՝ չի լսել վարչապետի ելույթը, եթե հնչեցրել է իր անունը, ապա կարձագանքի: Ընդգծեց՝ չի սպառնացել ոչ մեկին:

«Լավ մեթոդ չի էդպիսի բաները, էդպիսի բաները ոչ մեկը չի գնահատում, ես ինչքան գիտեմ, նամանավանդ վարչապետի բերանից որ լսվում է, դա սիրուն չի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ղուկասյանը: Դիտարկմանը՝ «ասաց՝ չփորձեք սպառնալ պատգամավորին», նա պատասխանեց․ - «Իսկ ես իրան ցանկանում եմ առողջություն: Էն անգամ որ իրեն զրկում էին մանդատից, ես, օրինակ, դեմ եղա, որ մանդատից չզրկեն, չբանտարկեն, բան չանեն: Ինքը թող ինձ վատ ցանկանա, ես էլ իրենց լավը կցանկանամ»:

Հարցին էլ՝ ինչո՞ւ է կարծում, որ «օրենքով գողերը» խելոք մարդիկ են, պատգամավորն արձագանքեց․ - «Հլը մի հատ էս վերջի հիսուն տարվա ընթացքում հլը նայեք՝ էդ օրենքով գողերից մեկը ինչ-որ մի հատ խուլիգանություն, մի հատ օրենք խախտել է՞, հիսուն տարվա ընթացքում հլը մեկի անուն-ազգանունը տվեք։ Դուք ուղղակի բերում ֆռռցնում՝ կապում եք, դուք ֆռռցնում, ֆռռցնում՝ բերում ինձ կապում եք: Մենք հեռու մարդ ենք, հեռու, բայց էդ ոլորտի մեջ ինչքան լավ մարդ կա, հարգում եմ՝ և՛ ոստիկանության մեջ, և՛ մնացած տեղերը»:

Վարդան Ղուկասյանը հաստատեց, որ այդ նախագծին դեմ է: «Միանշանակ դեմ եմ: Ջրի երես հանեն, որ ինքը օրենքը խախտել է՝ դատեն, կամ գողական ես գնում, էրկու հոգի գան սուտ վկայություն տան, մարդկանց տանեն կոխեն բանտերը, ես դրան դեմ եմ: Էդ ոլորտներում կա՞ն էդպիսի մարդիկ: Ովքեր կային՝ մեռան, գնացին, էլի, էլ ո՞վ, ի՞նչ կա, ո՞վ է մնացել որ: Փոխվել է, երկիրը փոխվել է: Նրանք ե՞ն խանգարում էս երկրի զարգացմանը», - նշեց ԲՀԿ պատգամավորը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կողմ է, որ վարչապետը կոշտ խոսի այս թեմայի մասին, բայց նաև վերապահումներ ունի: «Ընդունում եմ, այո, արձագանքը պետք է լինի կոշտ, բայց, անկեղծ ասած, էն մի բառապաշարը գուցե, որը ներելի էր, ասենք էսպես, հա՞, հեղափոխությունից հետո, հիմա արդեն այլևս տեղին չի», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ նոր իշխանությունը և «անգամ շատ-շատ բարձր հեղինակություն և լեգիտիմություն ունեցող վարչապետն էլ պետք է հասկանա»:


XS
SM
MD
LG