Մատչելիության հղումներ

«Կպառկցնենք ասֆալտին, կտանք պատերով». Փաշինյանը զգուշացրեց նրանց, ովքեր կփորձեն սպառնալ պատգամավորին


Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Հայկական կողմը բանակցությունները փակուղի մտցնելու մտադրություն չունի

«Ինչպե՞ս կարող է Ղարաբաղի հարցը լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման արտահայտման», - այսօր Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է այն, ինչ բոլորը գիտեին»:

Լավրովը Երևանում հայտարարել էր, թե «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել», ընդգծել, որ Հայաստանը պարզապես այն չի ստորագրի:

«Ասել է այն, ինչ բոլորս գիտեինք, այսինքն՝ այդ ամեն ինչը մեր աչքի առաջ է տեղի ունեցել, հարցականներ այդտեղ չկան գոնե մեզ համար, բնականաբար, առավել ևս համանախագահող երկրների։ Իհարկե, շատ ուրախալի է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դա արձանագրեց, բայց նաև, ըստ էության, դա բխում է տրամաբանությունից, և լավ է, որ այդ ամեն ինչը արձանագրված է», - ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ հեղափոխությունից հետո անցած մեկուկես տարվա ընթացքում միջազգային հանրությունը հասկացավ, որ հայկական կողմը բանակցությունները փակուղի մտցնելու մտադրություն չունի, ավելին բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև կողմերի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում ՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար:

«Մեր բոլոր գործընկերներն արձանագրել են, որ ոչ միայն մեր մտադրությունների մեջ չի բանակցային գործընթացը փակուղի մտցնել, այլև ընդհակառակը՝ մենք ասում ենք, որ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման և կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ, և ես կարծում եմ, որ ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել ոչ թե հարցի կոնկրետ բովանդակության պարամետրերի, այլ նախադրյալների առումով, և հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են», - հայտարարեց ՀՀ վարչապետը։

Շարունակելով Ղարաբաղյան հակամարտության թեման՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց, թե արդյոք ճիշտ են մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ վարչապետը Ղարաբաղի «Ազատ հայրենիք» կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե այս պահին Մադրիդյան սկզբունքները բանակցային սեղանին չեն: Բաբաջանյանը հարցրեց՝ այդ դեպքում ի՞նչ կա սեղանին, և հնարավո՞ր է՝ նոր փաստաղթուղթ բերվի: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ թյուրըմռնում է եղել.

«Այդ օրը ես նոր բան չեմ ասել, քան ասել եմ հրապարակային 2019 թ. մարտի 12-ին Ստեփանակերտում Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Այդ ելույթում ես ասել էի, որ մենք քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք ընդունում ենք դա որպես հարաբերությունների հիմք, թե չենք ընդունում», - ասաց նա։

«Հիմա տարածաշրջանային իրավիճակը և մթնոլորտը ցույց են տալիս, որ էտտեղ փետրվարն է»

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած այն հայտարարությանը, որ դեռևս 2010-ին նախազգուշացրել էին հայկական կողմին, որ պետք չէ ոգևորվել հայ-թուրքական արձանագրություններով, քանի որ դրանք դժվար ուժի մեջ մտնեն առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման:

Հայաստանի վարչապետն ասաց, թե համաձայն է Լավրովի հետ՝ բերելով այլաբանական մի օրինակ. «Եթե ամիսը փետրվարն է, և ինչ-որ մեկն առաջարկի, ասի՝ եկեք գնանք Սևան լողանալու, այդ առաջարկը, ճիշտն ասած, այդքան էլ տրամաբանական չի լինի։ Հիմա տարածաշրջանային իրավիճակը և մթնոլորտը ցույց են տալիս, որ էտտեղ փետրվարն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, որովհետև կարող է մրսենք, թոքաբորբ ստանանք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչը մի անգամ արդեն տեղի է ունեցել»։

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի շփումները աննախադեպ դինամիկա ունեն

Պատասխանելով հարցին, թե արդյոք կարող են ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները հասել են նոր մակարդակի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները աննախադեպ դինամիկա ունեն: Ըստ Հայաստանի վարչապետի, բոլոր այն հարցրեը, որոնք երկուստեք ծագում էին, ժամանակի ընթացքում ստանում են պատասխաններ: Փաշինյանն, ի դեպ, տեղեկացրեց, որ 2020-ին պաշտոնական այց է կատարելու Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2020-ի 2-րդ կեսին կամ 2021-ի առաջին կիսամյակին Հայաստան կժամանի Վլադիմիր Պուտինը:

«Ես դեռ անցած տարի ամառն եմ ասել, որ կարծում եմ, որ մեզ մոտ այդ պրոցեսը գնում է, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ ու որակ արձանագրվի, կարո՞ղ եմ ես հիմա ասել, որ դա արձանագրվել է, ես կարող եմ ասել, որդա տեղի է ունենում»,- հավելեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք քրեական ենթամշակույթ ստեղծելն ու դրան հարելը քրեականացնող նոր իրավակարգավորումները բավարար են այդ խնդիրը լուծելու համար: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են:

Նա նաև խստորեն զգուշացրեց. «Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե էս օրենքի հետ կապված, օրինակ, կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկցնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով, որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք Հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»։

XS
SM
MD
LG