Ավարտվել է ռուսական S-400 (C-400) հրթիռային համակարգերը Թուրքիային մատակարարելու առաջին փուլը: Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է գնդապետ Թամեր Զինջիրը:
«Այսօր ավարտվեց հուլիսի 12-ից սկսված S-400 հրթիռների մատակարարման առաջին փուլը՝ ըստ Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված համաձայնագրի մեր օդային պաշտպանությունը ամրապնդելու և հեռահար հրթիռներ ունենալու կարիքները բավարարելու համար», - ասել գնդապետը:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 12-25-ը Անկարայից ոչ հեռու գտնվող ռազմակայանում վայրէջք է կատարել S-400 հրթիռների առաջին խմբաքանակը տեղափոխող 30 օդանավ: Հիմա պլանավորվում է մատակարարման երկրորդ փուլը:
Ամերիկյան F-35 ռազմական օդանավերը Թուրքիային վաճառելու, այդ օդանավերի արտադրությունում Թուրքիայի ներգրավվածության խնդիրների վերաբերյալ Թամեր Զինջիրն ասել է, որ այդ ծրագրերը միայն կասեցված են․ - «F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցությունը անորոշ ժամանակով դադարեցվել է, թուրք օդաչուների ուսուցումը ևս անորոշ ժամկետով սառեցվել է»:
Նա հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային առաջարկել է բալիստիկ հրթիռների դեմ ՆԱՏՕ-ի հնարավորություններն ուժեղացնելու համար երկրի տարածքում տեղադրել SAMP-T հրթիռային համակարգերի մեկ մարտկոց: Ֆրանս-իտալական EUROSAM կոնսորցիումի հրթիռային համակարգը տեղադրվելու է Թուրքիայի հարավային սահմանին:
Զինջիրը նաև այլ տեղեկություններ է հաղորդել, մասնավորապես՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի բանագնացին, Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիներ ստեղծելու քննարկումները շարունակվելու են, Իրաքի հյուսիսում շարունակվում է, նրա խոսքով, «հակաահաբեկչական գործողությունը», 489 գրոհային են ոչնչացրել:
Իսկ թուրքական բանակի ներքին խնդիրների մասին բարձրաստիճան սպան հայտնել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ից, այսինքն՝ հեղաշրջման փորձից մինչև հիմա Թուրքիայի բանակից 14 հազար 505 զինծառայող պաշտոնանկ է արվել Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունելու համար, 6 հազար 425-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կամ ծառայողական քննություն է ընթանում: