Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ «Ըստ էության»


Բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը վերացնելու և դա բուհերի հայեցողությանը թողնելու՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությունը շարունակում է մնալ թեժ քննարկումների թեմա:

Այդ թեման են քննարկում «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ Երևանի Պետական համալսարանի հայ բանասիրության ամբիոնի դասախոս, դոցենտ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոյանը ​և ՀՅ Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:

Ստորև՝ հատված բանավեճից․

Սամվել Կարաբեկյան․ - Այն փաստարկը, թե հարյուրավոր, թե տասնյակ ոչ գրագետ մարդիկ ընդունվում են բուհ, պետք է որ, ըստ էության, եթե բուհը համապատասխան շեմ է սահմանում, այդ խնդիրը պետք է որ լուծված լինի: Կարող է էստեղ հավանական հակափաստարկ լինել, որ եթե բուհերը մուտքային շեմ սահմանեն, ապա նրանք կզրկվեն շատ ուսանողներից և ուսման վարձերի այդ ․․․

«Ազատություն»․ - Այո, այն, ինչին վերջին տասը տարում ականատես ենք լինում:

Կարաբեկյան․ - Բանն այն է, որ այստեղ էլ մենք ունենք նոր կարգավորում, որը վերաբերում է բուհերի ֆինանսավորման ամբողջ այդ կառուցակարգի փոփոխությանը: Եթե այժմ բուհերը ֆինանսավորվում էին միայն այնտեղ ընդունված ուսանողների թվով՝ ես նկատի ունեմ պետական ֆինանսավորումը, ապա հիմա օրենքը հստակ նախատեսում է պետության կողմից հիմնադրված բուհերի պարտադիր ինստիտուցիոնալ ֆինանսավորում: Եվ այս խնդիրը պետք է համալիր այդ միջոցների շրջանակում դիտարկել:

Վահրամ Սողոմոնյան․ - Էս հարցը օրակարգ բերվել է որոշակի նեղ շահադիտական ինչ-որ օրակարգեր սպասարկելու համար: Այսինքն՝ դրված է, ըստ էության, բուհական ռեֆորմի հարցը, բայց դրա միջից վերցրել են ինչ-որ մի հարց, որպեսզի քարկոծեն կառավարությանը՝ ասելով, որ նա լեզվի դեմ է գնում կամ պատմությունը հանում է: Իրականում լեզվի հետ կապված իսկապես շատ բան ունենք անելու, ասենք՝ մեր մեդիա լեզուն հիմնականում ռուսերենն է, մեր երեխաները ռուսերեն են իրենց նյութերը նայում, անգլերեն են նայում, մեր գրականությունը՝ հայալեզու մասնագիտական գրականությունը շատ աղքատիկ է, այսինքն՝ էստեղ մենք խնդիր ունենք, և էս մեկուկես տարում պետք է քայլեր արված լինեին: Բայց խոսքը էստեղ բուհերի ինքնավարության մասին է՝ եթե մենք ուզում ենք ունենալ բուհեր, որոնց մեջ կարող են ստեղծվել նաև նոր ինստիտուտներ, նոր ֆակուլտետներ, և ինքնուրույն ընտրեն էն առարկաները, որոնք պետք է դասավանդվեն․․․

Նարինե Դիլբարյան․ - Գիտե՞ք, ես նկատել եմ, որ շատերի մոտ, այսպես, լեզվավախություն կա՝ երևի քերականական գիտելիքների այդ, ինչպես ասեմ, խեղդամահ անելուց, որպես հակազդեցություն ուզում են հրաժարվել լեզու սովորելուց: Բայց էլի ուզում եմ շեշտել, որ մաթեմատիկոսը, ենթադրենք, ես գնահատեցի ֆիզմաթ դպրոցի, երբ տղաս առաջին անգամ ընդունվեց, իրենց տնօրենի մի խոսքը, որը եկավ ասաց, որ այստեղ դուք պետք է սովորեք մաթեմատիկա և ֆիզիկա և հայոց լեզու խորքային, որովհետև այն մաթեմատիկոսը, ֆիզիկոսը, որը չի տիրապետում հայերենին, նա չի կարող լավ ապացուցել, չի կարող նոր խնդիրները լուծել:

Քրիստինե Վարդանյան․ - Ես կարծում եմ, որ հայերենը պետք է դասավանդվի բուհերում և բուհերում պետք է դասավանդվի այնպես, որ այդ մասնագետները հետագայում մասնագիտական լեզվով հայերենով խոսեն: Ակնկալում ենք պետության քաղաքականություն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում, ակնկալում ենք առաջնահերթությունների սահմանում և ակնկալում ենք հայկական մրցունակ կրթական և գիտական համակարգի ստեղծում: Հայկական ասելով, ի դեպ, նկատի ունեմ համակարգ, որը սպասարկում է և որը ուղղված է հայկական պետականության առաջ ծառացած խնդիրների լուծմանը:

«Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի նոյեմբերի 7-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG