ՀՀԿ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ Մարտի 1-ի գործով: Լրագրողների հետ զրույցում փոխանցեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Որքանով ինձ հայտնի է Գևորգ Կոստանյանը հիմա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում», - ասաց Խաչատրյանը:
Այս տարվա սեպտեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որից տեղեկանում էինք, որ Գևորգ Կոստանյանը կանչվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով:
Ըստ ՀՔԾ հայտարարության, 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը այցելել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետև կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր: