Որոշումն ընդունվել է Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահների միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:
«ԱՄՆ-ը չի աջակցի և չի ներգրավվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից երկար ժամանակ պլանավորված գործողությանը: Դրա մեկնարկի պահին ամերիկյան զորքերն այլևս այդ շրջանում չեն լինի», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Սպիտակ տունը:
Էրդողանն իր հերթին այսօր պնդել է, թե ներխուժումը Սիրիա կարող է սկսվել ցանցկացած պահի՝ ընդգծելով, որ բանակի առջև խնդիր է դրված մաքրել Եփրատի ափը քրդական ուժերից․ - «Մեր զորքերը կարող են Եփրափի արևելյան ափը հասնել հենց այս գիշեր, առանց նախազգուշացման: Մենք այլևս չենք կարող հանդուրժել ահաբեկչական այդ խմբավորումներից եկող վտանգը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա նախագահ Թրամփը երեկ խոստացավ, որ ամերիկյան կողմը դուրս կբերի իր զորքերը, և այդ գործընթացն արդեն սկսվել է»:
Արևմտյան մամուլը փաստում է, որ այս քայլով Սպիտակ տան ղեկավարը արմատապես փոխում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը Սիրիայի քրդերի հարցում:
«Քրդական ուժերը Միացյալ Նահանգների ամենահավատարիմ գործընկերն էին «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում», - գրել է այսօր «Նյու Յորք Թայմսը»՝ հավելելով․ - «Նախագահ Թրամփն այդ որոշմամբ հակառակվում է Պենտագոնի ու Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պնդում էին, թե Ամերիկան պետք է փոքրաթիվ զորքեր թողնի ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքներում»:
Թրամփի որոշումը քննադատել են նաև Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական զորամիավորումները, որոնք փաստացի ստիպված են հիմա միայնակ դիմայակել թուրքական բանակի առաջխաղացմանը:
«Ամերիկյան կողմը հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից», - հայտարարել է նրանց միավորող կառույցը՝ հիշեցնելով, որ անցած 5 տարում Սիրիայի դեմոկրատական ուժերը 11 հազար զինվոր են կորցրել ամերիկյան բանակի հետ ուս-ուսի՝ «Իսլամական պետության» դեմ մղած պայքարում:
Թուրքիան առաջին անգամը չէ ռազմական գործողություններ իրականացնում Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի դեմ՝ պնդելով, թե դրանք ահաբեկչական խմավորումներ են: Սեփական տարածքում քուրդ անջատականների հետ ավելի քան 40 տարի շարունակվող պայքարի ֆոնին Անկարան բազմիցս է հայտարարել, որ ոչ մի դեպքում չի հանդուրժի քրդերի ամրապնդումը անմիջապես իր սահմանների մոտ:
«Թուրքական հարձակումը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի և կործանել այն առաջընթացն ու կայունությունը, որը ձեռք է բերվել ջիհադիստների դեմ տարիներ շարունակված պայքարի արդյունքում», - զգուշացրել է Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարությունը:
Թուրքական առաջխաղացումը դատապարտվել է նաև պաշտոնական Դամասկոսը՝ ընդգծելով, որ իր տարածքում «անվտանգության գոտի ստեղծելու» Անկարայի ծրագրերը կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը:
Նախագահ Թրամփը ժամեր առաջ արձագանքել է այս քննադատությանը Թվիթերի իր էջում՝ պնդելով, թե Ամերիկան վարձահատույց է եղել քրդերին համագործակցության համար, և այժմ պետք է մտածի սեփական զինվորների մասին:
«Քրդերը կռվել են մեզ հետ, և խոշոր գումարներ ու զինտեխնիկա ստացել դրա համար: Նրանք Թուրքիայի դեմ կռվում են տասնամյակներով, ես զսպում էի այդ կռիվը երեք տարի շարունակ, բայց հիմա ժամանակն է, որ մենք դուրս գանք այս վերջ չունեցող պատերազմից: Մենք կպատերազմենք այն դեպքում, երբ դա կբխի մեր շահերից և՝ միայն հաղթելու նպատալով», - ընդգծել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով․ - «Մենք 7 հազար մղոն հեռու ենք ապրում, և կրկին կջախջախենք «Իսլամական պետությունը», եթե նրանք որևէ կերպ մեզ մոտենան»:
Նախագահի՝ մեկը մյուսին հաջորդած գրառումները սակայն, կարծես չեն համոզել ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատներին, այլև կուսակից հանրապետականներին:
«Կանաչ լույս վառելով Թուրքիայի ճանապարհին՝ մենք ձեռնարկում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակն ապայունացնող ամենավտանգավոր քայլերից մեկը», - Թվիթերում գրել է դեմոկրատ կոնգրեսական, նախկինում Իրաքյան պատերազմի մասնակից Ռուբեն Գալլեջիոն՝ ընդգծելով․ - «Քրդերն այլևս երբեք Ամերիկային չեն հավատա և նոր դաշնակիցներ կփնտրեն իրենք իրենց պաշտպանելու համար»:
Թրամփի մերձավոր դաշնակից, հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը պնդել է, թե այդ որոշումը սև բիծ կդառնա Ամերիկայի պատվին, կստիպի քրդերին այլ դաշնակիցներ գտնել և կերաշխավորի «Իսլամական պետության» վերադարձը:
«Ես ամեն ինչ կանեմ Սենատում այդ որոշումը չեղարկելու և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, եթե նրանք մեկ ոտնաչափ անգամ մտնեն Սիրիայի տարածք», - Fox News-ին ասել է հանրապետական սենատորը, ով, ի դեպ, ղեկավարում է օրենսդիր մարմնի ազդեցիկ կառույցներից մեկը՝ Արդարադատության հանձնաժողովը: