Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում տապալվեց մահացած զինծառայողների ծնողների հետ հանդիպումը


Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների հետ հանդիպումն այսօր Ազգային ժողովում տապալվեց սուր բանավեճի պատճառով:

Ծնողներն ավելի վաղ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին առաջարկել էին խորհրդարանում հանդիպում կազմակերպել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել քննության փուլում գտնվող քրեական գործերը:

Մեկուկես ժամ տևած փակ քննարկումը լրագրողների համար բացվեց, երբ իրավիճակը ծայրահեղ լարվել էր:

«Մենք ուզում էին, որ քայլ-քայլ մենք մոտենայինք ձեզ համար ամենակարևոր խնդրի բացահայտմանը, արդարությանը: Չստացվեց, որովհետև կողմերը իրար դիտարկեցին հակառակորդներ», - ասաց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»):

Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ քննիչները ներկայացրել են մահվան հանգամանքները, վարկածները, որոնք հակափաստարկներով տարիներ շարունակ ծնողները հերքում են:

Որդեկորույս մայրերից Իրինա Ղազարյանին հունից հանել են եկել իր որդու մահվան գործով քննիչ Արմեն Գևորգյանի որոշ ձևակերպումներ, ինչին Իրինա Ղազարյանը արձագանքել է կոշտ․ - «Ջուրը բաժակով շպպցրել եմ իրա էրեսի վրա, որ ինքը ստախոս ա»:

Իրինա Ղազարյանի որդին՝ 19-ամյա Արթուր Ղազարյանը մահացել է 2010-ին՝ պաշտոնական վարկածով գլխի ուռուցքի պատճառով:

Իրինա Ղազարյան․ - «Կառավարության շենքի մոտից, որ կանգնած եմ եղել, Գրիգորից եմ իմանում, որ ասում ա՝ Ձեր տղան սև բերետի ա արժանացել, հետախույզ ա եղել, լավագույնից լավագույնն ա եղել, Դուք վերցրեք Ձեր Արթուրի սև բերետը: Էդպես Գրիգորի շնորհիվ, որ ինքն էլ ա հետախույզ եղել, վերցրել եմ իմ Արթուրի բերետը: Էսօր ընենց ստացվեց, որ մեր քննիչը ներկայացնում ա իբրև ծնողի դիմումով: Դուս ա գալի, որ խնդրելով իմ տղային սև բերետ են արժանացրել: Էդ իրա սուտ խոսալու վրա ես գնացել եմ, ասել եմ՝ դու չե՞ս ամաչում»:

Որդեկորույս ծնողներից Գոհար Սարգսյանին էլ քննիչ Մովսիսյանի ներկայացրած վարկածն է զայրացրել, որը նույնիսկ դատարանում է հերքվել:

Տարիներ շարունակ իշխանություններից արդարություն պահանջող ծնողները դժգոհում էին, թե վստահելի չեն քննչական մարմինները: Կասկածներ ունեն, որ նախկին իշխանության օրոք պատասխանատու մարմինների հետ համաձայնության գալով՝ կոծկել են դեպքերի իրական պատճառները:

«Էսօր սրանք, որ ստեղ նստած են, բոլորը էն մարդասպանների պաշտպաններն են, ովքեր էս տարիների քրեական գործերը կոծկել են: Հանցավոր համաձայնության են եկել զորամասի, Պաշտպանության նախարարության, դատախազության, Առողջապահության նախարարության և բոլորի հետ», - վրդովված ասաց որդեկորույս մայրերից մեկը:

Ազգային ժողով էր եկել նաև Քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ ծնողների առաջ քաշած վարկածները քննիչները չեն անտեսել․ քննել են, բայց հերքվել են․ - «Ես առաջարկել եմ արդեն յուրաքանչյուր ծնողի հետ անհատական գործով քննարկում: Այնպես չի, որ երբևէ ծնողը եկել ա, կարծիք ա ասել կամ դիմում ա ներկայացրել, մենք չենք ընդունել: Չկա տենց բան: Ավելին ասեմ՝ էս գործերի զգալի մասով, որ բողոքներ կան, Հատուկ քննչական ծառայությունում արդեն քննիչների կողմից առերևույթ խախտումներ թույլ տալու դեպքերով քրեական գործեր կան»:

Մահացած զինծառայողների ծնողները պահանջում էին հաջորդ հանդիպումը Ազգային ժողովում կազմակերպել Պաշտպանության նախարարի և իրավապահ մարմինների ղեկավարների մակարդակով:

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոստացավ կազմակերպել նման հանդիպում, բյաց շեշտեց, որ դա էլ առանց քննիչների հնարավոր չէ․ - «Մեզ ժամանակ տվեք՝ պայմանավորվելու Պաշտպանության նախարարի, Արդարադատության նախարարի, Զինվորական դատախաղի հետ, որ իրենք անձամբ ներկա լինեն, գումարած ձեր փաստաբանները, լրատվամիջոցները»:

Հաջորդ հանդիպման օրը հայտնի չէ: Որդեկորույս ծնողները մինչև հեռանալը հանդիպեցին նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:

«Բոլոր մարդիկ, ովքեր թաթախված են եղել, ովքեր օրենք են խախտել, եթե նրանք նույնիսկ այսօր ամենաբարձր պաշտոնին են, իրենք հերթով գնալու են», - խոստացավ Սիմոնյանը:


XS
SM
MD
LG