Մատչելիության հղումներ

Մովսես Մկրտումյան․ Շարքային զիծառայողները չէին կարող սպանել որդուս


15 տարի առաջ Մատաղիսի զորամասում սպանված շարքային զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը ցույց է տալիս Մատաղիսի գործի էական հակասությունը, որն առաջին իսկ հնարավորության դեպքում կներկայացնի գործը քննող Ազգային անվտանգության ծառայության քննիչներին։

«Էս առաջին դիահերձումն ա: Փաստ ա, որ իմ էրեխուն մի օր առաջ սպանել, քցել են: Իմ էրեխուն ո՞վ կարար 16 օր պահեր, նոր սպաներ, գցեր ջուրը: Զինվորը կարա՞ր: Փաստորեն ինքը դեկտեմբերի 24-ից կորած ա եղել, ճի՞շտ ա, բայց գտնվել ա հունվարի 9-ին 2004 թվի», - «Ազատության» հետ զրուցում պատմում է Մկրտումյանը:

Վերջերս Գլխավոր դատախազը, ուսումնասիրելով տարիներ շարունակ քննվող գործը, որոշվել էր վերսկսել դեռ 2015-ին կասեցված քննությունը։ Դրանից հետո գործն ուղարկվել է ԱԱԾ։ Իրավապահ այս կառույցից փոխանցեցին միայն, որ քննությունը շարունակվում է:

18-ամյա զինվոր Հովսեփ Մկրտումյանի հայրը 15 տարի շարունակ պնդում է, որ իր որդուն շարքային զինվորները չէին կարող սպանել։ Կարևորագույն փաստարկը հենց դիակի դատաբժշկական փորձաքննությունն է։ Երեք փորձաքննությունները տարբեր պատասխաններ են տվել։ Ընդ որում, հենց առաջին պատասխանն է արժանահավատ համարում Մովսես Մկրտումյանը՝ պնդելով, թե հաջորդ երկուսը արվեցին, որպեսզի հերքվի առաջինը:

Առաջինում նշվել է, որ Հովսեփ Մկրտումյանի մահը վրա է հասել դիահերձումից ոչ պակաս, քան 1-2 օր և ավելի առաջ։ Սա այն դեպքում, երբ նույն պաշտոնական վարկածով, զինվորները կորած էին արդեն 17 օր, այսինքն՝ սպանվելուց հետո այդքան ժամանակ գտնվել են ջրանցքում։ Հետագայում փորձաքննությունները կրկնվել են և մահվան օրվա մասին թվերը փոխվել են: Երկրորդ փորձաքննությամբ գրել են, թե մահը վրա է հասել դիահերձումից 1-2 շաբաթ, հետո արդեն՝ 2-3 շաբաթ առաջ։

«Հովսեփիս էլ, Ռոմանին էլ տվեն մեկից երկու շաբաթ: Բայց էրեխեքը կորել են 17 օր: Երրորդ փորձաքննություն նշանակեցին: Երրորդում արդեն փորձագետները, էս փորձագետներին օրենքով պըտի դատեն բոլորին, տալիս են երկուսից երեք շաբաթ: Մեկից երկու օրը արդեն դարձնում են երկուսից երեք շաբաթ․ էլ դրանից մեծ կեղծի՞ք», - ասում է Մկրտումյանը:

2003 թվականի դեկտեմբերի 23-ին տարեվերջին հաղորդվել էր, որ Մատաղիսի երկու զինծառայողներ՝ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանն անհետացել են։ Հունվարի սկզբին նրանց դիերը գտել էին զորամասից հեռու գտնվող ջրանցքում։

15 տարի առաջ այս գործով սպանության համար մեղադրյալներ էին ներգրավվել ծառայակիցներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը, որոնք երկարատև քննության ընթացքում 2015-ին արդարացվեցին։

Մինչև օրս պարզ չէ, թե ով կամ ովքեր զրկեցին երկու զինծառայողներին կյանքից։ Զինվորի հայրը հերքում է նախկին պաշտոնական վարկածը, թե զինվորների միջև վեճ էր ծագել տնից ուղարկված ծանրոցի պատճառով։ Իբր որդին և Ռոման Եղիազարյանը գնացել էին խանութ քաղցրավենիք գնելու, ինչից հետո էլ սկսվել էր վեճն ու վերածվել ծեծկռտուքի։ Եվ միայն 17 օր անց էին նրանց գտել ջրանցքում սպանված։

«Հրամանատարները իմ էրեխուն պահել են իրանց մոտ: Հիմա թե գուբախտում են պահել, թե պադվալում են պահել, թե զուգարանի փոսում են պահել․․․ պահել են, կենդանի ա էղել իմ էրեխեն: Իմ էրեխուն որ գտել են, էդ վախտ ես ըտեղ եմ եղել, մի ժամ հետո հենց գետի կողքը ես եղել եմ: Էդ ժամանակ իմ էրեխեն չի էղել 17 օրվա ջրի մեջ ընկած էրեխա», - պնդում է Մովսես Մկրտումյանը:

Նա ցույց է տալիս նաև Ռոման Եղիազարյանի դիակի դատաբժշկական առաջին փորձաքննությունը, ըստ որի նրա մահը վրա է հասել դիահերձումից ավելի քան 10-14 օր առաջ և որ դիակը նեխած վիճակում է եղել։

«Ամեն ինչ կեղծել են», - պնդում է սպանված զինվորի հայրը՝ մատնանշելով մեղավորներին, որոնք ըստ նրա պետք է պատասխանատվության կանչվեն: - «Երկրորդ փորձաքննությունը տվեցին, որ Հովսեփիս ու Ռոմանին արդեն հավասարեցրին իրար: Չէ՞ որ իրանց ձեռ էր տալիս, որ նույն օրը մահացած լինեն, որ զինվորները սպանել են, դեկտեմբերի 24-ին են սպանել: Սերժիկն էլ, Քոչարյանն էլ, Սեյրան Օհանյանն էլ, Ջհանգիրյանն էլ, Արմեն Հակոբյանը․ իրանք ավելի շատ են իմ էրեխու սպանության մեջ մեղավոր, քան թե սպանողը: Որովհետև ձեռը չեն բռնել էն ժամանակ»:

Մոտ մեկ տարի առաջ հայտարարվեց, որ անցած տարիների զինծառայողների մահվան հինգ աղմկահարույց քրեական գործ կվերանայվի։ Ստեղծվեց հասարակական մոնիտորինգի խումբ, որը համագործակցում է Քննչական կոմիտեի հետ։ Քննիչների հետ համատեղ ուսումնասիրում են կարճված կամ կասեցված գործերը։ Այս շարքում էր նաև Մատաղիսի գործը, որի վերաբացումը նոր հույսեր է արթնացրել որդեկորույս Մկրտումյանների ընտանիքում:

Մովսես Մկրտումյան․ - «Պարզ էրևում ա, որ էս գործը կաշառք կերած գործ ա, փակած գործ ա: Իսկական հանցագործներին չեն բռնել: Ինչ են արել, չեմ կարա ասեմ, ով ա կաշառք տվել, ինչ ա արել: Բայց որ իրոք էրեխեքին զինվորները չեն սպանել, էտի փաստեր կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG