«Այս որոշումը ոչ մի արժեք չունի: Մենք այն չենք ճանաչում», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ՝ արձագանքելով նախօրեին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Էրդողանը ցավով է արձանագրել, որ «իր երկրին ուղղված զրպարտանքը» ընդունվել է ամերիկյան կոնգրեսի կողմից: «Իրենք նվագում են, իրենք էլ պարում: Մենք ասել ենք՝ եկեք այս հարցը պատմաբաններին ու հնագետներին թողնենք: Թող նրանք ուսումնասիրեն: Այս հարցին քաղաքական աստառ մի տվեք: Մեր արխիվներում մեկ միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Մինչև օրս հայերը ոչ մի արխիվ չեն կարողացել ներկայացնել, քանի որ չկա: Միայն դատարկ խոսքերով ոչնչի չեն հասնի: Մեղավոր ես ասելով, մեզ չեք կարող մեղադրել: Մենք չենք ճանաչում այս որոշումը», - ասել է նախագահ Էրդողանը:
Միաժամանակ Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու: Պաշտոնական Անկարայից մի շարք պաշտոնյաներ քննադատական արձագանքներ են հնչել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ընդունած բանաձևի վերաբերյալ:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ամոթալի է որակել ամերիկյան կոնգրեսի որոշումը՝ նշելով, թե «այս բանաձևը, պատմությունը քաղաքականության գործիք դարձնելու ևս մի օրինակ է»:
«Թուրքիային ցեղասպանություն գործելու համար մեղադրողները նախ թող սեփական պատմությանն ու իրենց աջակցած ահաբեկչական կառույցների՝ ԱՍԱԼԱ-ի և Քուրդիստանի բանվորական կուսակցության արյունոտ անցյալին նայեն», - իր թվիթերյան էջում գրել է Քալընը:
Ցեղասպանության մասին բարձրաձայնողներին սեփական պատմությանը առերեսվելու կոչ է արել նաև Թուրքիայի Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը: Նա «անօգուտ նախաձեռնություն» է համարել բանաձևի ընդունումը՝ հայտարարելով, թե այն իրենց համար առ ոչինչ է:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է ամերիկացի կոնգրեսականների որոշումը: Ալթունը Թվիթերում գրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները:
Թուրքական իշխանությունների քննադատությանը հակառակ՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը:
«Տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մեր ցավը դարձել է այլ խորհրդարանների քննարկման առարկա, քանի որ իմ երկիրը 105 տարի է հերքում է հայ ժողովրդի Մեծ Եղեռնը: Միակ խորհրդարանը, որը կամոքի հայ ժողովուրդի վերքերը, Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ հանդիսանում», - թվիթերյան իր էջում գրել է Փայլանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ հայտարարել էր, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»: