Մատչելիության հղումներ

BBC. «Էրդողանն աղբամանն է նետել Թրամփի նամակը»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Վաշինգտոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Վաշինգտոն

«Չեմ ուզում, բայց կարող եմ ավերել Թուրքիայի տնտեսությունը»

«Սիրելի պարոն նախագահ, եկեք լավ գործարք քննարկենք, Դուք չեք ուզում, որ ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց սպանդի ու կոտորածի մեջ, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսությունն ավերելու համար, բայց կարող եմ ավերել», - այսպես է հոկտեմբերի 9-ին դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նամակին նախորդող օրերին Սիրիայի սահմանին գրանցված Թուրքիայի բանակի ակտիվ շարժը վկայում էր, որ ներխուժումն անխուսափելի է, և հենց նամակից հետո Էրդողանն արձակել է «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելու հրամանը:

Ներխուժման հիմնական նպատակը քրդերի ջոկատների վնասազերծումն է: Սիրիայի հյուսիսում քրդերի հսկողության տակ գտնվող տարածքը գործնականում տարիներ շարունակ կառավարվել է որպես ինքնավար երկրամաս, որը չի ենթարկվել Դամասկոսին:

Անկարայի համոզմամբ, Սիրիայի քրդերի ռազմական ջոկատները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության՝ ՊԿԿ-ի հետ, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում՝ որպես նվազագույն նպատակ՝ ինքնավարություն և առավելագույն նպատակ անկախություն հռչակելու համար:

Ուստի, քրդերի անջատական ցանկացած ձգտում՝ լինի դա Սիրիայում, թե Իրաքում, Անկարան մահացու վտանգ է համարում:

Սիրիայի քրդերը կատաղի պայքար են վարել «Իսլամական պետության» ստորաբաժանումների դեմ և համարվել են Միացյալ Նահանգների դաշնակիցները:

Քրդերը, Միացյալ Նահանգների դեմոկրատ օրենսդիրները և նույնիսկ մեծ թվով հանրապետական օրենսդիրներ քննադատել են Սիրիայի հյուսիսից զինուժը հեռացնելու Թրամփի որոշումը, նշելով, որ գոյացած պարապն անմիջապես կլրացնեն նախ թուրքերն, ապա ռուսները:

Թրամփը պնդում է, որ Սիրիայում քրդերի հետ դաշինք է կազմել նախորդ նախագահ Բարաք Օբաման, հետևաբար, ներկայիս վարչակազմը որևէ պարտավորություն չունի:

Ըստ Թրամփի, Ամերիկան պետք է տուն վերադարձնի զինվորներին, քանի որ մերձավորարևելյան անհաշիվ հակամարտությունների մեջ ներքաշվելու իմաստ չկա:

Սակայն վճիռն այնչափ հուժկու քննադատության է ենթարկվել, որ Սպիտակ տունը սկսել է կարծր միջոցներ ձեռնարկել:

Վաշինգտոնը դատապարտել է «Խաղաղության աղբյուր» օպերացիան և պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարների նկատմամբ:

«Այնտեղ լիքը ավազ կա, թող խաղան այդ ավազով​»

«Մենք հուժկու պատժամիջոցներ ենք սահմանել Թուրքիայի նկատմամբ: Անկեղծ եմ ասում՝ դրանք կռվելուց ավելի արդյունավետ են, մենք չենք ուզում կռվել, չենք ուզել, պատճառ չեմ տեսնում: Եթե Սիրիան ուզում է իր տարածքը վերադարձնել՝ դա այլ պատմություն է, դա Սիրիայի և Թուրքիայի հարցն է, հարյուրավոր տարիներ այդպես էր, նրանք միշտ կռվել են, քրդերն էլ դարեր են կռվել», - ասել է Թրամփը:

Նա երեկ խոսել է նաև այս իրադարձություններում ռուսների գործոնի մասին:

«Սիրիան կարող է օգնություն ստանալ Ռուսաստանից, շատ լավ: Այնտեղ լիքը ավազ կա, լիքը ավազ, թող նրանք խաղան այդ ավազով: Մենք պետք է այնտեղ լինեինք ընդամենը 30 օր, բայց մնացինք 10-ը տարի, տուն վերադառնալու ժամանակն է, մենք ոստիկան չենք»,- ասել է Թրամփը:

Բայց Անկարան հայտարարում է, որ կդադարեցնի «Խաղաղության աղբյուրը» միայն այն դեպքում, եթե քուրդ զինյալները հեռանան Սիրիայի հյուսիսից:

«Ապուշ չլինես, հետո կզանգեմ»

BBC-ն նշում է, որ նամակում կան Թրամփի թվիթերյան գրառումներին բնորոշ խոսակցական ձևակերպումներ:

Նամակի ավարտին ԱՄՆ ղեկավարը գրել է.- «Քեզանից պինդ տղա մի ձևացրու, ապուշ չլինես, հետո կզանգեմ»:

Անկարայում գործադիր իշխանության շրջանում նշում են, որ նամակը չի համապատասխանում դիվանագիտության պարկեշտության կանոններին:

Ըստ Էրդողանին մոտ կանգնած աղբյուրի, Թուրքիայի նախագահը կարդացել է Ամերիկայի նախագահի նամակը և այն աղբամանն է նետել:

«Նման բառապաշար հազվադեպ կտեսնես». Դմիտրի Պեսկով

Աղմկահարույց նամակի մասին է խոսել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նման բառապաշար հազվադեպ կտեսնես պետությունների ղեկավարների նամակագրությունում, սա բավական անսովոր նամակ է», - նկատել է Պեսկովը:

XS
SM
MD
LG