Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ


Ռաս ալ-Այն ավանը ենթարկվել է ռմբահարման, 15 հոկտեմբերի, 2019թ.
Ռաս ալ-Այն ավանը ենթարկվել է ռմբահարման, 15 հոկտեմբերի, 2019թ.

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ և պահանջում է անհապաղ դադարեցնել թուրքերի ռազմական ներխուժումը Սիրիա:

«Այս պահից սկսած պատժամիջոցների են ենթարկվում Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներ Հուլուսի Աքարը, Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը: Պատժամիջոցներ են գործելու նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների նկատմամբ», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Վաշինգտոնը վստահեցնում է, որ բացահայտ կամ էլ լռելյայն հավանություն չի տվել թուրքերի իրականացրած «Խաղաղության աղբյուր» գործողությանը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի առաջ կանաչ լույս չի վառել Սիրիա ներխուժելու համար: Նախագահի առարկությունները շատ հստակ են, այսօր հայտարարված պատժամիջոցները կշարունակվեն և էլ ավելի կխստացվեն, քանի դեռ Թուրքիան անհապաղ չի ընդունի հրադադարը, չի դադարեցնի բռնությունը և չի համաձայնի բանակցել Թուրքիայի և Սիրիայի սահմանին առկա հարցերի երկարաժամկետ կարգավորման շուրջ»,- ասել է փոխնախագահ Մայք Փենսը:

Երեկ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թվիթերում տեղադրած գրառմամբ Թրամփը նախազգուշացրել է պատժամիջոցների մասին, նշելով, որ թուրքերի գործողությունները մարդասիրական ճգնաժամ են ստեղծում և նույնիսկ կարող են որակվել որպես պատերազմի հանցագործություն:

Միաժամանակ Թրամփը վերահաստատել է, որ դուրս է հանում ամերիկյան ուժերը տարածաշրջանից, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այնտեղ պարտվել է:

ԱՄՆ Սենատի հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը դժգոհություն է հայտնել Թրամփի հայտարարության վերաբերյալ և այն անբավարար է որակել:

«Այս պայքարից դուրս գալն ու զորքը Սիրիայից հանելը կստեղծի հենց այն պայմանները, որոնք մենք այդպիսի դժվարությամբ ենք վերացրել, և «Իսլամական պետությանը» կընձեռի վերադարձի հնարավորություն»,- ասել է ՄքՔոնելը:

Թուրքերի հիմնական թիրախը քրդերի ռազմական ջոկատներն են: Դրանք, ըստ Անկարայի, կապված են ահաբեկչական կառույց համարվող Քրդական բանվորական կուսակցության՝ ՊԿԿ-ի հետ:

Մինչդեռ, հենց այդ ջոկատներն են հանդիսացել ԱՄՆ հավատարիմ դաշնակիցը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում, և ամերիկյան զորքն այդ շրջանից դուրս հանելու Թրամփի որոշումը ոչ միայն քրդերն, այլև ամերիկացի քաղաքական գործիչներից շատերն են անվանել «դավաճանություն» և թիկունքից հարված քրդերին:

Թուրքիայի նախագահն այսօր Բաքվում Թյուրքական խորհրդի համաժողովում հայտարարել է, թե միակ նպատակը Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին ոչնչացնելն է:

Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն այսօր ասել է, որ Մոսկվան անընդունելի է համարում թուրքերի իրականացրած գործողությունը:

Նա ասել է, թե օպերացիայի անցկացման վերաբերյալ Մոսկվայի համաձայնությունը ստանալու մասին Էրդողանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:

Թրամփը երեկ ասել է, որ առաջիկայում կարձակի Անկարայի հետ 100 միլիարդ դոլարի առևտրի շուրջ բանակցությունները դադարեցնելու հրաման և 50 տոկոսով կավելացնի թուրքական պողպատի մաքսատուրքը:

«Ես լիովին պարտաստ եմ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունն այն դեպքում, եթե նրանք շարունակեն գնալ այդ վտանգավոր և ավերիչ ճանապարհով», - երեկ նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը:

XS
SM
MD
LG