Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյան․ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ չներգրավելու որևէ ճանապարհ չկա


«Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ չներգրավելու որևէ ճանապարհ չկա», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ մեկնաբանելով իր իսկ հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով հարուցված քրեական գործը։

Մոտ երկու շաբաթ առաջ իրավապահներին դիմած Բաբաջանյանը նրանց ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ Թովմասյանը մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

Դրա մաս են դարձել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։

Ըստ պատգամավորի, Հանրապետականի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը։

Հենց այդ նպատակով էլ, ըստ Բաբաջանյանի, իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտհրաժարական է տվել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը․ - «Բավարար հիմքեր կային այսպիսի ելքի համար, և արդեն կարծեմ քննչական գործողություններ են իրականացվել Հանրապետական կուսակցությունում, Սահմանադրական դատարանում: Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ չներգրավելու որևէ ճանապարհ չկա, ամեն ինչ հենց դրան է տանելու»:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում գործով մեղադրյալների կամ կասկածյալների մասին տեղեկություններ չկան։

Նշեմ, որ օրենքով Սահմանադրական դատարանը պետք է համաձայնություն տա իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու համար: Որոշումը ընդունվելու համար 5 դատավորի ձայն է անհրաժեշտ։ Իսկ դիմումով ՍԴ պետք է դիմի Գլխավոր դատախազը:

«Այս պահին նման հարց չի քննարկվում», - «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

ՀՔԾ-ից հաստատեցին տեղեկությունը, որ ՍԴ-ում և ՀՀԿ գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվել: Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

Սահմանադրական դատարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ ՍԴ նախագահ Թովմասյանը այս պահին արձակուրդում է՝ չմեկնաբանելով հարուցված քրեական գործը։

Սահմանադրական դատարանի անդամներ Ալվինա Գյուլումյանն ու Արևիկ Պետրոսյանը ևս ձեռնպահ մնացին գնահատականներից:

«Որևէ մեկնաբանություն այս պահին կխուսափեմ անելուց, քանի դեռ տեղյակ չեմ ինչ հիմքերով է հարուցվել, քանի դեռ մեր գործընկերոջ հետ որևէ խոսակցություն չենք ունեցել: Այնպես որ, ենթադրություններ ես չեմ կարող անել», - ասաց Գյուլումյանը:

«Նախ դեռ պետք է հարուցելու վերաբերյալ որոշմանը ամբողջությամբ ծանոթանալ: Թե ինչքանով դա կարող է առնչակցություն ունենալ Սահմանադրական դատարանի հետ, դրանով նաև կաշկանդված եմ տեսակետ արտահայտելու», - նշեց Պետրոսյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանը պետք է համաձայնություն տա իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համար, և հարցին՝ եթե նման դիմում լինի, ո՞րը կլինի իր դիրքորոշումը, Արևիկ Պետրոսյանն արձագանքեց․ - «Եթե նման մոտեցում լինի, որոշում պետք է կայացնի Սահմանադրական դատարանը այո կամ ոչ շրջանակներում, իսկ նախապես դատավորը իր կարծիքը հայտնել չի կարող»:

Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել, թե «վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը»:

«Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք՝ ի՞նչ կարմիր գծեր եք տրորում», - հավելել է Մելիքյանը:

ԱԱԾ-ից խոստացան տեղեկություններ փոխանցել, սակայն մինչև այս պահը չեն արձագանքել:

Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ - «Մեկնաբանությունը ինչի՞ն է վերաբերում: Ստացվել է այնպես, որ անձը երկու կարգավիճակ է ունեցել: Եթե դա այդպես է, ուրեմն նույն քրեական գործի շրջանակներում և հավասարապես պետք է լրիվ նույնական իրավիճակներ քննարկման առարկա դառնան: Օրինակ, երբ որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, երբ որ պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ: Հիմա եթե մեր ՀՔԾ-ն այդքան ողջամիտ է համարում, ուրեմն եկեք մեր օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերի ղեկավարներին համարենք հանցագործ և ասենք, որ սա է իրավաբանությունը»:

Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացներում քաղաքական հետապնդում չի նկատել Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին բարձրաձայնող դատավոր Վահե Գրիգորյանը․ - «Ոչ մի քաղաքական հետապնդում չեմ տեսնում էստեղ: Բայց ուզում եմ արձանագրել, որ Սահմանադրական դատարանի շուրջ և Սահմանադրական դատարանում ևս ճգնաժամը շատ ավելի խորն է, քան Հրայր Թովմասյանը և իր նախկին գործունեությունը կան ներկա վարքագիծը: Նույնիսկ այդ մասնակի լուծումը չի լուծելու դատարանի շուրջ եղած ճգնաժամը»:

Մի քանի օր առաջ իշխանական «Իմ քայլի» նախաձեռնությամբ Ազգային ժողովը դիմել էր Սահմանադրական դատարան՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Դատարանը գործը նույնիսկ քննության չառավ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG