«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն է «Լուսավոր Հայաստան» Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ստորև ձեզ ենք ներկայացնում հաղորդումից մի հատված․
«Ազատություն». - Սահմանադրական դատարանը որոշեց մերժել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել։ Ի՞նչ էիք կարծում՝ կմերժվեր, կընդունվեր, մերժելու դեպքում ինչ կլինի, ընդունելու դեպքում՝ ինչ․․․ Ընդհանրապես էս ամբողջը ի՞նչ սցենար էր։
Մարուքյան. - Ըստ էության, որոշում չկա, որ որոշմանը ծանոթանանք, այսինքն՝ հիմքերը պարզ չի։
«Ազատություն». - Դուք մեր նախորդ եթերում չէիք բացառել, որ կարող է նաև ընդունեն։
Մարուքյան. - Ես չէի բացառել, որ կդադարեցվի Հրայր Թովմասյանի լիազորությունները, բայց, ըստ էության, էն հոռետեսական մոտեցումները իրականացան, և Սահմանադրական դատարանը անգամ վարույթ չի ընդունել Ազգային ժողովի դիմումը, ինչը ես չէի շտապի մեկնաբանել, մինչև մենք որոշմանը չծանոթանանք։ Էստեղ շատ նուրբ սահմանագծեր կան, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ իշխանության տարբեր թևերի սահմանները մենք չանցնենք, և սա, ըստ էության, շատ է շահարկվում: Օրինակ, օրենսդիր իշխանությունը՝ իր իշխանության տիրույթում, դատական իշխանությունը՝ իր իշխանության տիրույթում, և գործադիր իշխանությունը՝ իր իշխանության տիրույթում։ Հիմա Սահմանադրական դատարանի այդ որոշումն, ըստ էության, բողոքարկելու տեղ էլ չկա, որ բողոքարկենք, պետք է ստանանք, կարդանք, մեր հետևություններն անենք և շարունակության մասին արդեն խոսենք։
«Ազատություն». - Պարոն Մարուքյան, պնդումները, քննադատությունները, որ էդ փաստաթուղթը բավարար ապացուցողական հենք չուներ, թույլ էր <...>: Սրան ո՞նց եք վերաբերվում, իսկապե՞ս թույլ էր փաստաթուղթը։
Մարուքյան. - Գնահատողական դատողություններ են դրանք: Ես բազմիցս նշել եմ, որ նշված խախտումների ամբողջությունը կարող է գնահատվել որպես էական կարգապահական խախտում, բայց դրա գնահատողը դատավորներն են, մենք չենք: Բայց հիմա ինչ է եղել՝ հիմա չի էլ քննարկվել էդ կետերը, հիմա ընդունելիության սահմաններն է, այսինքն՝ ընդունելիության չափանիշների քննարկման փուլում որոշվել է չընդունել, այսինքն՝ Հրայր Թովմասյանի գործողություններին գնահատականները չեն քննարկվել, քննարկվել է՝ ընդունելի է դիմումը, թե ընդունելի չի, և որոշվել է, որ այն ընդունելի չէ, ինչո՞ւ՝ կնայենք, կտեսնենք։ Վերաբերմունքը միանշանակ վերաբերմունք է, բայց էդ վերաբերմունքը պետք է, բնականաբար, նաև ունենա իրավական հենք, անհնար է ուղղակի դատարկ թղթով ասել՝ «չենք ընդունում»։
«Ազատություն». - Սրանով ի՞նչ մեսիջ է ՍԴ-ն ուղղում Ազգային ժողովին։
Մարուքյան. - ՍԴ-ն սրանով մեսիջ է ուղղում, որ այն, ըստ էության, այսպես ասեմ՝ պայքարում է իր իրավունքների համար, էսպես, չակերտների մեջ կարող ենք ձևակերպել։ Դե էստեղ Հրայր Թովմասյանի հարց չի, որովհետև, ես կարծում եմ, դատավորները նայում են մեկ ամբողջության մեջ, որովհետև իշխանության հռետորաբանությունը Հրայր Թովմասյանի դեմ չի միայն ուղղված, և Վահե Գրիգորյանը միայն Հրայր Թովմասյանին չի վիճարկել որպես դատավոր, և, ըստ էության, էստեղ ես ունեի վատատեսական նման սպասում, որ նաև կարող է էսպես լինել, որ դատավորներն ասեն՝ «եկեք պաշտպանենք Հրայր Թովմասյանին, որ հաջորդը մենք չլինենք» և էս ճանապարհով գնան, ինչը որ կարող է հենց էս ճանապարհն է։
«Ազատություն». - Ալվինա Գյուլումյանն ասել է՝ երեք օրում կլինի պատասխանը։
Մարուքյան. - Դե օրենքով սահմանված կարգով, այո, ժամկետներ կան, այդ ժամկետների մեջ կհրապարակվի որոշումը, կծանոթանանք, հետևություններ կանենք, բայց կրկնում եմ՝ դրան բողոքարկելու տեղ չկա։
«Ազատություն». - Բայց միևնույն է չասացիք Ձեր կարծիքը՝ փաստաթուղթը թո՞ւյլ էր։
Մարուքյան. - Ես կարծում եմ՝ առանձին վերցրած հիմքերը կարող են թույլ լինել, բայց էդ հիմքերի ամբողջությունն է, որ պետք է գնահատվեր և տրվեր գնահատական։ Մենք կարծում ենք, որ այդ ամբողջության մեջ կարող էր գալ եզրահանգման, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում, բայց իրենք չեն հասել այդ փուլին, իրենք չեն քննարկել Թովմասյանի վարքագիծը կամ նրա շահերը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․