Մատչելիության հղումներ

ՍԴ ճգնաժամի լուծումները լինելու են օրենքի տառին համապատասխան, բայց արմատական․ իշխանական պատգամավորներ


«Վահե Գրիգորյանի մոտեցումը՝ հնարավորինս շուտ լուծել ճգնաժամը, հասկանալի է», - այսպես արձագանքեց իշխանական «Իմ քայլի» պատգամավոր, խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը ՍԴ-ի դատավոր Վահե Գրիգորյանի հնչեցրած քննադատությանը։

Բայց, ըստ պատգամավորի, կա խնդրի մյուս կողմը, որ ՍԴ-ի ճգնաժամի լուծումը պետք է լինի Սահմանադրության ու օրենքների տառին համապատասխան։

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր՝ Ազգային ժողովը մազաչափ անգամ չի մոտեցել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի լուծմանը:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու Ազգային ժողովի դիմումը, որը ՍԴ-ն անգամ վարույթ չընդունեց, ըստ Գրիգորյանի, աղերս չունի իր բարձրաձայնած խնդրի հետ․ - «Սահմանադրական դատարանի երկու դատավորով, փաստացի, կարելի է ասել որպես լեգիտիմ Սահմանադրական դատարան, հանրության վստահությունը վայելող, իրենք անգործության են մատնված: Եվ նման պայմաններում, բնական է, իր ռեակցիան: Ով որ հասկանում է, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, հասկանում է նաև Սահմանադրական դատարանի դերը այդ փոփոխությունների ճիշտ ընթացքում»:

Դատարանի գործող կազմով պայմանավորված՝ ՍԴ ճգնաժամի մասին ամիսներ առաջ բարձրաձայնած Վահե Գրիգորյանը նաև ելքեր էր առաջարկել․ դրանցից մեկն էլ այն էր, որ դատավորների 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ ներկայացնեն:

Վահագն Հովակիմյանի կարծիքով, Գրիգորյանն արագ լուծում է առաջարկում, ինչը տարիներ անց կարող է վիճելի լինել․ - «Կանենք արագ գործողություն, որը այս պահին խնդիրը կլուծեր, շատ լավ կլուծեր, բայց գիտակցելով, որ երբ հանկարծ գան այլ քաղաքական ուժեր և իրենց առաջ խնդիր ունենան մեզ՝ այդ ժամանակ արդեն ընդդիմադիր քաղաքական ուժի, հարվածելու, իրենք կարող են դա հանգիստ օգտագործել: Ազգային ժողովն ունի լիազորություններ, որոնք տրված են Սահմանադրությամբ, և այդ լիազորությունները լիարժեք հնարավորություն են տալիս այդ ճգնաժամը լուծելու: Եվ Ազգային ժողովը լուծելու է այդ ճգնաժամը: Այ էստեղ է խնդիրը»:

Հարցին, թե արդյոք բացառում են, որ մի օր կգնան հենց Վահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհով, Հովակիմյանն արձագանքեց, թե այս պահին ինքը նման տարբերակ չի տեսնում․ - «Արդյո՞ք հրատապությունը այն աստիճան է, որ մենք նման քայլի գնանք: Այսօր ես նման տարբերակ չեմ տեսնում: Որովհետև այսօր ես տեսնում եմ, որ Ազգային ժողովը իր լիազորություններով կարող է խնդիրը լուծել ու մեր քաղաքական թիմում էլ տեսնում ենք, որ Ազգային ժողովն իր լիազորություններով կարող է խնդիրը լուծել և մենք գնալու ենք դրան։ Այսինքն՝ մի քիչ ավելի դանդաղ, քայլ-քայլ ճանապարհով, բայց խնդիրը լուծել վերջնականապես և ապագային միտված՝ նոր խնդիրներ չհարուցել»:

Իսկ ահա «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Անուշ Բեղլոյանը չբացառեց, որ ՍԴ ճգնաժամը լուծեն հենց Վահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհով․ - «Ես ոչինչ չեմ բացառում, բայց այնուամենայնիվ պետք է ասեմ, որ այդ որոշումը, եթե իրավաչափ է և եթե գտնվում է մեր լիազորությունների շրջանակներում, պետք է պայմանավորված լինի մնացած բոլոր քայլերի սպառմամբ»:

Մամուլը նաև գրում է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն վերաբերող Ազգային ժողովի դիմումը վարույթ չընդունելուց հետո իշխանական խմբակցությունն իր հետագա քայլերի շարքում քննարկում է նաև ՍԴ-ն ցրելու, փոխարենն այլ մարմին ստեղծելու հնարավորությունը։

Անուշ Բեղլոյան
Անուշ Բեղլոյան

Անուշ Բեղլոյանի խոսքով, այդ ինստիտուտի նկատմամբ ոտնձգություն չի լինելու․ - «Առանձին անդամների կարգապահական սխալները չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի հարցի տակ դրվի Սահմանադրական դատարանի ինստիտուտը որպես այդպիսին»:

Իշխանության պատգամավորները, այնուհանդերձ, չեն կոնկրետացնում, թե իրենց իսկ գնահատմամբ, ՍԴ ճգնաժամն ինչպես են պատրաստվում լուծել․ միայն հայտարարում են, որ լուծումները լինելու են օրենքի տառին համապատասխան, բայց արմատական։

Բեղլոյանի խոսքով, նույն՝ այս կամ այն դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ճանապարհով չեն գնա․ - «Ինձ թվում է, այն փաստը, որ դիմումը չընդունվեց վարույթի, արդեն իսկ վկայում է, որ Սահմանադրական դատարանը առհասարակ պատրաստ չէ այդ ճանապարհով հարցը լուծել: Նույնիսկ չուզեցին մերժել այդ դիմումը: Դա նշանակում է, որ մենք ուրիշ մեթոդներով արդեն կփորձենք այդ հարցը լուծել»:

XS
SM
MD
LG