Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 22-ին Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Եկող շաբաթ՝ հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին չորեքշաբթի երեկոյան ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Առաջիկա այցի վերաբերյալ որոշ մանրամասներ երեկ հայտնել էր նաև թուրքական մամուլը, մասնավորապես՝ այցը կտևի մեկ օր, բանակցությունների հիմնական թեման էլ կլինի իրավիճակը Սիրիայում:

Էրդողանի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Պեսկովի խոսքով՝ այդ զրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը խոսել են այն մասին, որ պետք է հնարավորն անել թուրքական զինված ուժերի և Սիրիայի կառավարական բանակի միջև բախումը բացառելու համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը առաջին հերթին քննարկելու են առկա իրավիճակը, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելու խնդիրները, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների մնացորդների դեմ անզիջում պայքարը:

Լավրովի խոսքով, սրան զուգահեռ՝ երկու երկրների նախագահները Սոչիում պետք է քննարկեն սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հնարավորություններ ստեղծելու հարցը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին, որի նպատակը, նրա պնդմամբ, «Իսլամական պետություն» խմբավորման և քուրդ զինյալների ու «ահաբեկիչների» դեմ պայքարն է Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում: Պաշտոնական Անկարան պնդում է, թե այսպիսով ապահովում է Թուրքիայի սահմանների անվտանգությունը:

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում դատապարտել են, Ռուսաստանն իրարամերժ հայտարարություններ է անում և Էրդողանին հրավիրում բանակցությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG