Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն ավարտեց։ Հոկտեմբերի 6-ից մեկնարկած համաժողովի կազմակերպիչներն արդեն խոսում են արդյունքներից. երեք օրվա ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ ոլորտի միջազգային ու հայաստանյան ընկերությունների միջև։
Համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը կարծում է՝ համաժողովը կնպաստի բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ ունեցող երկիր։
«Ավելի շատ սա հարթակ է, որտեղ մենք կարում ենք ներկայացնենք, թե ինչով է Հայաստանը տարբերվում մյուս երկրներից, ինչը կարծում եմ՝ մեզ հաջողվել է ու ինքն իր արդյունքները շարունակական դեռ տալու է», - նշեց Եսայանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզում Հայաստանի դիրքերն ավելի են բարելավվել հենց WCIT-ի շնորհիվ, համոզված է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահը։ Կարեն Վարդանյանն ասում է՝ համաժողովի արդյունքներն ավելի ուշ տեսանելի կլինեն։
«Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ մի քանի ուղղությամբ հայկական ընկերությունների հետ հենց հիմա բանակցությունների մեջ են, ես կարծում եմ՝ դրա արդյունքները կերևա մեկ տարի, երկու տարվա կտրվածքով, որովհետև պարզ է, որ կոմերցիոն բանակցությունները, եթե էսօր են սկսվել, ապա նրանք կավարտվեն մի քանի ամսվա մեջ, մինչև իրականացվեն մեկ, երկու տարի պետք է», - ասաց Վարդանյանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ամենահեղինակավոր համաժողովին մասնակցելու համար 70 երկրից Հայաստան են ժամանել 6 հազար հյուրեր, նրանց թվում են ՏՏ ոլորտի հեղինակավոր դեմքեր։ System of a Down ռոք խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն ու ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ևս Հայաստանում են համաժողովի առիթով։